Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Թումանյանի «Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատությունը: Գրքի խմբագիրն է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը:
Ինչպես տեղեկացնում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից՝ գրքում Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիների վանքերը ներկայացված են որպես գրչության կենտրոններ, ամբողջացված է նրանցից մեզ հայտնի ձեռագրական ժառանգությունը, և կազմված են այդ ձեռագրերի ցանկերը: Ձեռագրական նյութերի հիման վրա լուսաբանված են նաև նշյալ վանքերի պատմության բազում անհայտ էջեր:
Աղթամարը եղել է Արծրունյաց թագավորության մայրաքաղաքը, հետագայում այստեղ ձևավորվել է Վասպուրականի կաթողիկոսական Աթոռը: Գրչության կենտրոնը գործել է անմիջապես իշխանական, արքայական, ապա կաթողիկոսական հովանավորությամբ, ինչի շնորհիվ էլ ձևավորվել են հստակ ավանդույթներ: Լիմ և Կտուց կղզիներում գործել են խոշոր ու հռչակավոր մենաստաններ, որոնցում դարեր շարունակ գրչագրեր են ընդօրինակվել:
Վանա լճի կղզիների վանքերը հարկադրաբար դադարել են գործել Առաջին աշխարհամարտի տարիներին և այժմ լքված ու անբնակ են: Ուստի` այս վանքերում դարեր շարունակ ծավալված հայկական մշակութային կյանքի վկաներն այսօր դրանցում ստեղծված հարյուրավոր մատյաններն են, որոնց ուսումնասիրությանն է նվիրված սույն աշխատությունը։
Գրչության կենտրոնը գործել է անմիջապես իշխանական, արքայական, ապա կաթողիկոսական հովանավորությամբ, ինչի շնորհիվ էլ ձևավորվել են հստակ ավանդույթներ: Լիմ և Կտուց կղզիներում գործել են խոշոր ու հռչակավոր մենաստաններ, որոնցում դարեր շարունակ գրչագրեր են ընդօրինակվել:
Նշենք նաև, որ Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Թումանյանի աշխատասիրությամբ լույս էն տեսել «Զինվորյալ հոգևորականներ» և «Զորավոր սրբեր» գրքերը:
«Զորավոր սրբեր» գրքի առաջին հատորը նվիրված է 20-րդ դարասկզբին հանուն Հայրենիքի ազատության մղվող պայքարում հայ հոգևորականների ստանձնած բացառիկ առաքելությանը: Հայրենիքի և Եկեղեցու պաշտպանության սրբազան գործին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածների հոգևորականության բոլոր դասերը: Նրանց պայքարը ծավալվել է և՛ ռազմի դաշտում, և՛մշակութային արժեքների փրկության գործում, և՛ քաղաքական ոլորտում: Այս պայքարը գլխավորել է Գևորգ Ե. Սուրենյանց Հայրապետը: Նրա նախաձեռնությամբ են կազմավորվել և սպառազինվել հայ կամավորական ջոկատները, որոնց հիմնական խնդիրը Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր:
«Զորավոր սրբեր» գրքում ներկայացված են քսանմեկ սրբերի վարքեր, որոնց կերպարները մշտապես ոգեշնչել են հայ ժողովրդին իր մղած դարավոր պայքարի ժամանակ: Գիրքը սկսվում է Միքայել հրեշտակապետի և սուրբ Աստվածամոր վարքերով: Գրքում ներկայացված մյուս սրբերն են՝ Թադեոս առաքյալը, Աբգար արքան, Գևորգ, Մինաս, Թեոդորոս, Սարգիս զորավարները, Տրդատ արքան, Գրիգոր Ա. Լուսավորիչը, Գրիգորիս Պարթևը, Ներսես Ա. Մեծ կաթողիկոսը, Մեսրոպ Մաշտոցը, Ատոմ Գնունի իշխանը, սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Ղևոնդ երեցը, Հովհան Գ. Օձնեցի կաթողիկոսը, Վահան Գողթնացի իշխանը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Դ. Շնորհալի կաթողիկոսը, Գրիգոր Տաթևացին: