Այսօր՝ հունվարի 22-ին, «Իմ քայլը» իշխող դաշինքը տապալեց խորհրդարանական ժամանակավոր քննիչ հանձանաժողովի գործունեության և լիազորությունների հարցով քվեարկությունը, որը ստեղծվում էր Երևանի քաղաքապետարանի կողմից բիզնեսի ներկայացուցիչներից տրանսպորտային միջոցներ ստանալու իրավաչափության ուսումնասիրման համար:
Նախաձեռնության օգտին հանդես եկավ միայն խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների: Կողմ քվեարկեց 39 պատգամավոր, իսկ դեմ՝ 2: Խորհրդարանական մեծամասնությունը քվեարկությունը բոյկոտեց:
Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը շտապեց հավաստիացնել, որ իշխող քաղաքական մեծամասնությունը ոչ մի դեպքում չի փորձում թաքցնել որեւիցե հնարավոր չարաշահում եւ դրանց հետ կապված քննության գործընթացներ:
«Բոլոր մարմիններում համանման երևույթները և գործարքները քննարկելու, դիտակելու քաղաքական կամք կա: Բայց դա պետք է իրականացվի ինստիտուցիոնալ մեթոդով»,-հավաստիացրեց Միրզոյանը:
Միրզոյանի հավաստիացումները, սակայն, խորհրդարանական ընդդիմությանը ոչ միայն չհամոզեցին, այլ հակառակ արձագանք առաջացրին: Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատությամբ հարձակվեց իշխող դաշինքի վրա: «Սա վատ նախադեպ է: Այսպիսի նախադեպ չի եղել անգամ նախորդ իշխանությունների օրոք: Սա լուրջ քաղաքական հետեւանքներ կունենա: Եվ ես ուղիղ հայտարարում եմ, որ այսօր՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակում մենք գրանցեցինք այսպիսի հետընթաց»,- շեշտեց Մարուքյանը: