Այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, անդրադառնալով վերջերս ենթադրյալ ադրբեջանցու կողմից Երևանում նկարահանված տեսանյութին՝ ասաց, որ երկու տարի առաջ այլ անձի տեսանյութն է եղել՝ սարքված, մոնտաժված։
«ԱԱԾ–ն անում է ամեն բան, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։ Ցանկացած տեսանյութ հիմա էլ կարող ենք տեղադրել եւ կողքից իբրեւ ադրբեջանցի է զրուցում եւ այդպես մեկնաբանենք։ Դա սարքված տեսանյութ է եղել եւ իրականությանը չհամապատասխանող, իհարկե դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք եւ կլուսաբանենք»,– ասաց Մարտիրոսյանը։
Խոսելով ԱԱԾ-ում կադրային փոփոխությունների մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ կադրային ջարդ չի արել, որովհետեւ ԱԱԾ–ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ–ն համալրված է պրոֆեսիոնալներով եւ մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքները։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ զարգացումներ կան Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջ հետ կապված, Մարտիրոսյանը պատասխանեց. «Քրեական գործ է հարուցված եւ պետք չէ կենտրոնանալ միայն Դիանա Հարությունյանի վրա: Մենք վերջերս լուսաբանել ենք նաեւ, որ քրեական գործեր են հարուցվել նաեւ մյուս ֆեյք էջերի նկատմամբ եւ նախաքննությունը շարունակվում է: Իսկ այն ֆեյք էջերը, որոնք կլինեն սպառնալիք ազգային անվտանգությանը, մեր կողմից կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն։ Դեպքերը շատ են, բայց վերջերս 3 քրեական գործ է հարուցվել տարբեր օգտատերերի նկատմամբ, որոնք Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը սպառնալիքներ են հնչեցրել»։