Պլանային միջոցառումներ է, ամեն տարի դա կատարվում է, այս տարի մի քանի անգամ ևս լինելու է, որևիցե անհանգստանալու պատճառ չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով կազմակերպվող զորահավաքներին:
«Զորահավաքային պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներ են, որ տարբեր մակարդակներով լինելու են: Կառավարության համապատասխան որոշումը արդեն կա: Նախորդ տարի էլ է եղել, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը արել ենք:
Դա սահմանային լարվածության հետ կապելը պարզապես միամտություն է»,-ասաց նա:
Խոսելով բանակում գրանցված միջադեպերի մասին՝ Բալայանն ասաց, որ որեւէ նոր բան, քան տարբեր մակարդակներով հայտարարվել է տարբեր պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում վարչապետի, և եղել են համապատասխան կադրային փոփոխություններ, առայժմ դրանից ավել որևէ բան հայտարարելու իրավասություն չունի:
«Աշխատանքները տարվում են, քրեական գործերը քննվում են, հանգամանքները պարզվում են, այդ թվում նաեւ որոշակի նոր հանգամանքներ: Ճիշտ կլինի այդ հարցերն ուղղել նախաքննություն իրականացնող մարմիններին»,-ընդգծեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում տարբեր միջադեպերի հետեւանքով 14 զոհ էր գրանցվել: Դրանից հետո պաշտոնանկ արվեցին ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Դրանից օրեր անց աշխատանքից ազտվեց նաեւ Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը: