Ստուգումների արդյունքների մասին այս պահին ոչինչ ասել չեմ կարող, այսօր ավելի ուշ Առողջապահության նախարարության հետ կամփոփենք ու հայտարարություն կտարածենք: Քիչ առաջ Անկախի հետ զրույցում, անդրադառնալով Թեհրանից ժամանած քաղաքացիների ստուգումներին, այս մասին ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Իրազեկման բաժնի պետ Լիանա Եղիազարյանը:
Վերջինս նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում 39 հոսպիտալացված կա:
«Այսօրվա դրությամբ ունենք 39 հոսպիտալացված, 27-ը, որոնք Զվարթնոց օդանավակայանից են հոսպիտալացվել, գտնվում են Նորքի ինֆեկցիոնում, 2-ը Մեղրիի սահմանային անցակետից են հոսպիտալացվել Մեղրիի բուժկենտրոն, իսկ 10 մարդ հոսպիտալացվել է Բագրատաշենից»,-նշեց Եղիազարյանը:
Խոսելով տեսչական մարմնի և նախարարության գործառույթների մասին՝ կապված սահմանային անցակետերում կատարվող աշխատանքների հետ՝ Լիանա Եղիազարյանն ասաց, որ իրենք միայն արձանագրում են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանիշեր, այնուհետև հոսպիտալացնում այդ անձանց, ու այդ պահից սկսած բոլոր ֆունկցիաները փոխանցվում են Առողջապահության նախարարությանը:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեպքեր գրանցած երկրներից Հայաստան մարդկանց ժամանումներին, տեսչական մարմնի ներկայացուցիչը նշում է, որ վերջին օրերին հասցեական քարտեր լրացվում են Իտալիայից, Ճապոնիայից, Կորեայից, Իրանից ժամանող ու վերջին օրերին այդ երկրներում գտնված մարդկանց համար: