Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ այն, ինչ կատարվում է սիրիական Իդլիբ քաղաքում, կարելի է պատերազմ անվանել: Գրում է Gazeta.ru-ն;
Քաղաքական գործիչը հայտարարել է փետրվարի 21-ին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին: Նա վստահ է, որ այդ զրույցը կորոշի Սիրիայի հարցում երկրի դիրքորոշումը:
Էրդողանի խոսքերով՝ մարտերում զոհվել են մոտ 150 սիրիացի զինվորականներ: Նա նաև նշել է, որ այն, ինչ կատարվում է Սիրիայի Իդլիբ քաղաքում, ավելի շատ պատերազմ է հիշեցնում:
Թուրքիայի նախագահն ասել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պուտինին առաջարկել են Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողով անցկացնել Ստամբուլում, որը պետք է տեղի կունենա 2020 թ․ մարտի 5-ին:
Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ քննարկվում է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայի հարցով գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը: