Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրող կողմը ժամանակ խնդրեց՝ մեղադրական ճառը պատրաստելու համար։ Դատախազը դատարանին խնդրեց տրամադրել նաեւ դատական նիստերի ձայնագրությունները։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 25-ին՝ ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: