f

Անկախ

Ի՞նչ տարբերություն՝ իշխանություն, թե ընդդիմություն


Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հարցին հարցով պատասխանել. որտե՞ղ, առհասարա՞կ, թե՞ մեր երկրում, քանի որ այն, ինչ կատարվում է այսօր մեր աչքի առաջ, հնարավոր չէ համադրել բազմաթիվ երևույթների ու իրողությունների համընդհանուր ընդունված պատկերացումների հետ: Պարզ ասենք, եթե մինչև հիմա բոլոր կարևոր ինստիտուտները լիարժեք չէին գործում,  ապա այժմ դրանք ուղղակի գլխիվայր վիճակում են: Ինչ-ինչ, բայց գոնե նախկինում իրական ընդդիմություն ունեինք խորհրդարանում, փոքրաթիվ, բայց կար, որն ազատորեն օգտվում էր իր իրավունքներից: Հիմա դա էլ չունենք, և մեր ողբերգությունը նախևառաջ հենց դա է:

Հասարակության մի զգալի հատվածի աչքն ու ականջը միշտ ուղղված է ընդդիմությանը, մարդիկ նրանից են ակնկալում լսել ճշմարտությունը: Խոսքը խորհրդարանական ընդդիմության մասին է, որը, ի տարբերություն արտախորհրդարանական ընդդիմության, բացի հրապարակային խոսքից, թեկուզ փոքր, բայց որոշ լծակների ու հնարավորությունների տիրապետում է:

Իսկ ի՞նչ է ասում այսօրվա խորհրդարանի  ընդդիմություն հռչակված ամենամեծ խմբակցությունը:

Երեկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատասխանում էր armnews-ի հարցերին, որոնք վերաբերում էին առաջիկա հանրաքվեին: Եվ տիկին Զոհրաբյանը հանրաքվեի  պատճառը, նպատակն ու բուն հարցադրումը ներկայացրեց որպես Հրայր Թովմասյանից ազատվելու խնդիր: Ուրեմն, լսելով Նաիրա Զոհրաբյանին, առնվազն «Բարգավաճ Հայաստանի» կողմնակիցները կարծելու են՝ գնում են քվեարկելու, որ պատասխանեն մի հարցի՝ Հրայր Թովմասյանը մնա՞ իր պաշտոնին, թե ոչ: Էլ չենք ասում շատ ավելի մեծ զանգվածի մասին, որը կարծիք է կազմում՝ առաջնորդվելով ընդդիմության ուղերձներով:

Տիկին Զոհրաբյանը, իր մարտաշունչ ելույթներով իշխանությանը մանիպուլյացիաների մեջ մեղադրելով, փաստացի նույն բանն է անում, որ շատ ավելի անազնիվ է:  

Ակնհայտ է՝ տիկին պատգամավորը հակակրանք ունի Հրայր Թովմասյանի նկատմամբ, հատուկ շեշտեց, որ ժամանակին դեմ է քվեարկել նրա թեկնածության դեմ՝ համարելով, որ նա չի կարող անաչառ դատավոր լինել: Բայց չէ՞ որ այն իշխանությունը, որն առաջադրել էր նրան, այժմ գոյություն չունի, և ներկայիս իշխանությունն էլ չի հանդուրժում նրան, քանի որ անաչառ է, իրենը չի: Տվյալ դեպքում Հրայր Թովմասյանը ոչ թե կառչած է իր աթոռից, այլ կատարում է իր առաքելությունը՝ պահպանում է պետական կառույցի անկախ ու հակակշիռ մնացած վերջին հենասյունը կամ, ինչպես ինքն է ասում, իրեն վստահված խրամատը, առաջնորդվում է ոչ թե երկրի առաջնորդի միահեծան իշխանություն հաստատելու հավակնություններով և իր համար խաղաղ ու տաքուկ տեղ ապահովելու հաշվարկներով կրավորականի թեկնոցի տակ մտնելով (այն, ինչ այսօր տեսնում ենք գործադիր, օրենսդիր և դատական իշխանության բոլոր հատվածներում ու մակարդակներում), այլ պետական շահերով:  

Խնդիրը անկախ Սահմանադրական դատարան ունենալն է, մեր երկրի, մեր պետության կանոններն ու օրենքները պահպանելը, չթողնել, որ տապալվի սահմանադրական կարգը: Սա պե՞տք է բացատրել երկարամյա քաղաքական կենսագրություն ունեցող տիկնոջը: Եվ երբ խոսքի մեջ նա ողջ Սահմանադրական դատարանն անվանում է «Հրայր Թովմասյան պլյուս քոմփանի», ուզում ես հասկանալ՝ նրան հանգիստ չի տալիս դեղին մամուլի լրագրողի անցյա՞լը, թե՞ Հրայր Թովմասյանի նկատմամբ հանրության հարաճուն հարգանքը, կամ երբ «հակասահմանադրականություն- հակաիրավականություն» բառախաղերից է օգտվում, ուզում ես հասկանալ՝ ինչպես է ղեկավարում այնքան կարևոր մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:  

Մարդկայնորեն նրան կարելի է հասկանալ, քաղաքականապես՝ ոչ: Ե՛վ նա, և՛ նրա կուսակցությունը կարող են ատել Հրայր Թովմասյանին կամ զգուշանալ իրենց առաջնորդի բիզնեսների վրա հարձակումներից,  կարող են չօգտվել Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունից, ինչպես որ արեցին, իրենց իրավունքն է, բայց նրանք իրավունք չունեն հանուն դրա  իրականությունը շուռ տված ներկայացնել և ապակողմնորոշել հանրությանը:  

Այն էլ այն իրավիճակում, երբ բացահայտ  հիբրիդային պատերազմ է հայտարարված երկրի դեմ բոլոր ճակատներով՝ երկրի կառույցների, բանակի, արտաքին քաղաքականության, բարոյահոգեբանական մթնոլորտի, տնտեսության, կրթության… Եվ այս ամենը կատարվում է ներքին «թշնամու» միջոցով. այլ եզրակացության հնարավոր չէ գալ, քանի որ արդեն բացահայտ է՝ այս ամենը կատարվում ոչ թե տգիտության հետևանքով, ոչ թե հախուռն, այլ լավ մշակված ծրագրով ու հետևողական քայլերով՝ օգտվելով կատարողի անձնային հատկություններից (և կարևոր չէ՝ փառասիրությունի՞ց, թե՞ ընչաքաղցությունից): Վաղն այդ մարդը պատերազմի ժամանակ կատարելու է գլխավոր հրամանատարի դերը: Ո՞վ է մտածում այս մասին: Հիմա նա ուզում է ազատել իր ձեռքերը կաշկանդող վերջին կապանքից: Մի՞թե  նեղ կուսակցական  շահերն ավելի գերակա են, երբ կանգնած ենք երկիրը կորցնելու վտանգի առաջ:  

Տիկին Զոհրաբյանին մտահոգում է միայն մի հարց՝ չհայտարարվել «հակահերոս»: Ուրեմն թող մտածի, թե ով կամ ովքեր են հակահերոս համարելու իրեն ու իր քաղաքական ուժը, ներկայիս իշխանությո՞ւնը, որ վաղը հայտնվելու է մեղադրյալի աթոռին, թե՞ պատմությունը: Վախենամ, որ այսպիսի մտածողությամբ նրանք հայտնվեն իշխանության կողքին՝ նույն մեղադրյալի աթոռին, բայց սա իրենց ընտրությունն է, ոչ մեր:  Մի խնդիր կա միայն, որ չփորձեն իրենց շահը մատուցել որպես երկրի շահ և իրենց ընտրությունը հայտնի հնարքներով չոլորեն մեր հասարակության վզին:

Անահիտ Հարությունյան

 

Կարծիք հանրաքվե Սահմանադրական դատարան Նաիրա Զոհրաբյան

Այլ հոդվածներ հեղինակից

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրճատում է նկատվում․ Ռոուհանի
Ի պատասխան մամուլում և սոցիալական ցանցերում տարածված «Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության» վերաբերյալ տեսանյութի
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը
«Հակաճգնաժամային չկառավարում»․ կառավարման փորձագետը մատնացույց է անում իշխանության սխալները
Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են հաղթահարում կորոնավիրուսը․ գերմանացի բժիշկ
Ծեծկռտուք՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև. ահազանգ
Պուտինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման մասին
Չինաստանին կորոնավիրուսի երկրորդ ալիք չի սպառնում
Տեղի են ունենում աննորմալ երևույթներ. «Ալավերդցի Վահագնը» ազատ արձակվեց. Վարոսյան
Իտալիայի խորհրդարանում ցուցադրաբար ազատվել են Եվրամիության դրոշից
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ
Կորոնավիրուսով վարակված Նիդեռլանդների 101-ամյա բնակչուհին ապաքինվել է
Ռուս գիտնականները COVID-19- ը ոչնչացնելու միջոց են գտել․ «Известия»
Ոստիկանությունը հատուկ անցակետեր է տեղադրել. վերահսկաման աշխատանքներում ներգրավված է նաեւ ԱԱԾ–ն
՛՛Շիրակը՛՛ 150 համակարգիչ է նվիրել, որ երեխաները դասերին մասնակցեն
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք
Իբրահիմովիչը կհեռանա «Միլանից»
Առաջիկա երկու շաբաթները «շատ դժվար և ցավոտ» կլինեն ԱՄՆ-ի համար․ Թրամփ
Այսուհետ վարչական վարույթի մասնակիցները կկարողանան մասնակցել հանձնաժողովի նիստերին նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ
Նախագահի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր
Ստուգողական վարժանքներ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ
Մի շարք զորամիավորումներում անցկացվել են մասնագիտական և կրակային պատրաստության պարապմունքներ
Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ. Սուրեն Պարսյան
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի մոտ և Երևան-Սևան մայրուղու վրա գործում են հսկիչ անցակետեր
Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին. խոսնակ
Ավելին
Ավելին