Հունիսի 13-ին լրացավ Շահումյանի անկման 26-րդ տարին: Գաղտնիք չէ, որ մեզ պարտադրված Արցախյան պատերազմում ունեցանք և՛ հաղթանակներ, և՛ կորուստներ: Իսկ Շահումյանն այդպես էլ բաց վերք մնաց...
Հունիսի 13-ին լրացավ Շահումյանի անկման 26-րդ տարին: Գաղտնիք չէ, որ մեզ պարտադրված Արցախյան պատերազմում ունեցանք և՛ հաղթանակներ, և՛ կորուստներ: Իսկ Շահումյանն այդպես էլ բաց վերք մնաց...
1991 թ. ապրիլի 30-ին` Գետաշենի ենթաշրջանի կորստից հետո, դժվար էր պատկերացնել, որ Մոսկվան կշարունակի իր հովանավորչական «առաքելությունը» և մեկ տարի անց, թուրք ՕՄՈՆ-ի ձեռքը բռնած, թույլ կտա խորհրդային զորքերի հսկողության ներքո ապրող խաղաղ բնակչության տեղահանումը: Թեև պատերազմում ոչինչ բացառել պետք չէ, այն էլ` Արցախյան, երբ արդեն տեսանելի էր, որ Ռուսաստանն ակնհայտ Ադրբեջանի կողմն է անցել:
Այդ չարաբաստիկ օրը թշնամու պաշարման օղակից դուրս եկած շրջանի 18 բնակավայրերի շուրջ 17 հազար հայ բնակիչները թափառեցին սարերում, անտառներում, տարբեր գյուղերում` կրկին իրենց տուն վերադառնալու հույսով: Բայց վերադարձ այդպես էլ չեղավ: Փոխարենը` սկսվեց այդ լեռնաշխարհի խաղաղ բնակչության աննախադեպ ողբերգությունը` անկազմակերպ գաղթը դեպի անհայտություն: Դժվար էր գուշակել, թե գաղթի ճամփան ում ուր կտանի, որ սարին ու քարին կբախվի նրանց ճակատագրերը: Արցախ աշխարհի 600 քկմ տարածք զբաղեցնող եդեմական այգին` Աստծո պարգևած դրախտավայրը, որտեղ հայերն ապրել են անհիշելի ժամանակներից, մնաց սահմանից անդին, թեև շատերն ընկան, որ Շահումյանն ապրի:
Հոգին Բուզլուխի սարերում թողեց նաև Պռոշյան ավանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Կարոտ Մկրտչյանը, որ մինչ օրս անհետ կորած է համարվում:
ԿԱՐՈՏԸ ԿԱՐՈՏ ԴԱՐՁԱՎ
Եզակի անվան տեր այդ պատանին ծնվել է 1964 թ. Սիրիայում: Անունն էլ պատահական չէր ընտրված: Երբ եղեռնից մազապուրծ նրա նախնիները գաղթել են Սիրիա, հայրենի բնօրրանի կարոտից խորովված ծնողները որդուն Կարոտ անունն են տվել: Եվ ոչ միայն: Նրան ի ծնե ազգային ոգով են դաստիարակել: Ի՞նչ իմանային, որ 28 տարի անց էլ որդին է իրենց կարոտը դառնալու:
Մեկ տարի անց` 1965-ի դեկտեմբերի 22-ին, Կարոտի ընտանիքը Սիրիայից հայրենիք վերադարձավ: Դեռ մանկուց նա արդեն գիտեր, թե ովքեր են սպանել իր ապուպապերին, հարազատներին: Հաճախ էր այդ մասին հարցնում, խորամուխ լինում աշխարհի չարին ու բարուն: Ավարտեց Պռոշյանի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվեց մայրաքաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտ, բայց ավարտել չհասցրեց, որովհետև վրա հասավ 1988-ի փոթորկալից փետրվարը: Հիշենք, որ գյուղն այս Արցախյան պատերազմին երկու հերոս զավակ տվեց` Պետրոս Ղևոնդյան և Կարոտ Մկրտչյան:
Երբ 1989 թ. հոկտեմբերի 7-ին Կարոտն ուղղաթիռով մեկնեց Հադրութ, նրա հետ էր նաև Պետոյի եղբայր Գագիկը: Երբ ուղղաթիռը շրջկենտրոնի մերձակայքում վայրէջք պիտի կատարեր, նկատում են, թե իրենցից առաջ իջած ուղղաթիռն ինչպես է հայտնվում զորքի շրջափակման օղակում: Ուղղաթիռում իսկույն խուճապ է առաջանում, բայց Գագիկը որսում է Կարոտի վստահ, հանգիստ, անվախ հայացքը, սառնասիրտ ցուցումները: Բարեհաջող վայրէջք են կատարում ու բարեհաջող էլ թաքցնում իրենց հետ բերած զենք-զինամթերքը` ստանձնելով Էդիլլվա ձորակի պաշտպանությունը:
Իսկ երբ 1990 թ. ՀՅԴ-ն խումբ ուղարկեց Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջան, Կարոտը Պռոշյանի ջոկատի հրամանատարն էր: Հիմնականում դիրքավորվել էին Գյուլիստանի անտառներում: 1991 թ. «Կոլցո» գործողության ժամանակ, երբ վիրավորվեց «Արաբո» ջոկատի հրամանատարը, ողջ ծանրությունը կմնար Մարտունաշենի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ) վրա, եթե օգնության չհասներ Կարոտը: Իսկ 1992-ին նրա ջոկատը մասնակցեց Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի պաշտպանությանը, որից հետո մեկնեց Շահումյան:
Քչախոս մարդ էր Կարոտը, մեր էպոսի հերոսի պես քչախոս: Այդ քչախոսությունը գալիս էր նրա բանիմացությունից: Մարդ, որի մեջ ավելի էր խտացված հայրենիքի կորստի, կիսատ մնացած գործերն ամեն կերպ ավարտին հասցնելու ձգտումը, կարոտը: Մի առիթով մարտական ընկեր Հարմիկ Հովսեփյանը խոստովանել է, որ սուր աչք ունեցող մեկը չէր կարող գլխի չընկնել, որ Կարոտն այն մարդն է, որը կարող է սարեր շրջել, նպատակներ իրականացնել, որ ամեն անգամ նրա խոնարհ դեմքին նայելիս առաջին հերթին պատկերացնում է Գևորգ Չավուշին ու Աղբյուր Սերոբին:
Այդ լուսավոր մարդու, հայրենասերի անհայտ կորչելու հանգամանքը երբևէ խորհելու, մտորելու առիթ չի՞ տվել իրանահայ ազատամարտիկ Հարմիկին: Նրա պատասխանը հակիրճ էր ու խոհեմ, բայց նաև երկար խորհելու տեղիք է տալիս:
Հարմիկի կարծիքով` Կարոտն այն տղաներից էր, որոնք Շահումյանի կորստի հետ երբեք չէին հաշտվի: Ինչպես չի հաշտվել նույնիսկ այն ժամանակ, երբ շրջանի կարևոր` Ջանբազիի դիրքերն ընկնելու լուրը հասել է իրեն: Նա չի հաշտվել այն իրողության հետ, որ ինքը կարող է պարտվել: «Կարոտը, Պետոն և նրանց նմանները մեր շարքերից բացակա են միայն ֆիզիկապես: Բայց որ մեր շատ հրամանատարներ կասկածելի հանգամանքներում խփվեցին, օրինակ` Բեկոր Աշոտը,Նորայր Դանիելյանը, հեռու չգնանք` Արթուր Մկրտչյանը, ակնհայտ էր: Այդ տղաներին «մաքրեցին», որպեսզի նրանց փոխարեն ասպարեզ իջնեն դրածոները»,-հավատացած է նախկին ազատամարտիկը:
Հարմիկի թվարկածին մի անուն էլ ես ավելացնեմ` Լեոնիդ Ազգալդյան: Հրամանատար, որ խփվեց Տոնաշենում, ուր թուրքի սմբակը դեռ չէր հասել: Լեզուս չի պտտվում ասելու, ձեռքս էլ չի գնում գրելու, թե քանի գնդակ է եղել անպարտելի հրամանատարի մարմնում:
Ինչևէ, երբ 1992 թ. հունիսի 12-ին ազերիները, ռուսական հատուկ նշանակության ջոկատայինների օգնությամբ, զրահատեխնիկայով Ջամբազի մեր դիրքերի ուղղությամբ հարձակում ձեռնարկեցին, մեր ուժերը ստիպված հետ քաշվեցին, որովհետև ակնհայտ էր, որ ուժերն անհավասար են ու ծանր մարտ է սպասվում: Բայց Կարոտը, այնուամենայնիվ, վճռում է բարձրանալ նախկին դիրքերը: Այդ օրվանից նրան այլևս ոչ ոք չի տեսել, իսկ հաջորդ օրն արդեն շահումյանցին բռնում է գաղթի ճամփան:
Հարկ է նշել, որ Ջամբազիի ռազմավարական նշանակության բարձունքը հաճախ է ձեռքից ձեռք անցել: 1991 թ. դեկտեմբերի 31-ին այստեղ իրավիճակը կրկին կտրուկ սրվել է: Զոհեր, վիրավորներ են եղել: Այդ թվում նաև շահումյանցի Արսենը, որ այդ օրը ծննդյան օրը պիտի նշեր, ինչպես նաև նրա քեռորդի Աշոտը: Եթե այդ ժամանակ մեր ուժերը մեկ շաբաթ անց ազատագրեցին բարձունքն ու նրանց մարմինները դուրս բերեցին, ապա այս դեպքում և՛ բարձունքը, և՛ Շահումյանը գերի մնացին:
Եթե շատերն արդեն հաշտվել են Էրգրի կորստի հետ, ապա հազարավոր շահումյանցիներ հավատացած են, որ օրերից մի օր մի հրաշք կկատարվի, և իրենք կվերադառնան իրենց ծննդավայր ու կփարվեն իրենց զավակների, հարազատների շիրիմներին:
Թեև Կարոտի անհետ կորչելուց 23 տարի է անցել, այսօր էլ նրա արդարամիտ հայրը, արմատներով տալվորիկցի Հովհաննես Մկրտչյանը, որդու վերադարձի հույսը չի կորցրել ու կարծում է, որ յուրաքանչյուր ծնող հույսը կտրելու իրավունք չունի: Ավելին` կյանքն այնպիսին է, որ եթե սեփական աչքովդ չես տեսել, ուրիշի ասածին հավատալն այնքան էլ ճիշտ չէ:
Ազգը հարատևում է իր հերոսներով. դարեդար եկած անհերքելի ճշմարտություն, որ այսօր էլ չի կորցրել իր նշանակությունը:
Այսօր Պռոշյանի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Պետոյի անունով, իսկ մշակույթի պալատը` Կարոտի, որի առջև` գյուղամիջում, վեր է խոյացել Կարոտի հսկա կիսանդրին: Իսկ դա նշանակում է, որ գյուղում նրանց երբեք բացակա չեն դրել: Նրանց ներկայությունը հարատև է: Սա է թերևս ապրելու ամենալավ բանաձևը:
Ամալյա Եդիգարյան