Մեր ընթերցողներին բազմիցս ներկայացրել ենք երկար տարիներ զինված ուժերում ծառայած պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի պատմությունը, ով արդեն մի քանի տարի է պայքարում է իր խախտված իրավունքները վերականգնելու և իրեն հասանելիք գումարները ստանալու համար: Նա փորձում է Պաշտպանության նախարարությունից ստանալ իրեն չվճարված ծառայության ընթացքում հասանելիք արձակուրդային, զորացրման և ոչ աշխատանքային օրերին աշխատելու գումարները։
Արդեն տեղեկացրել էինք, որ ամենամյա արձակուրդների գումարների տրամադրման համար Խաչատրյանը դիմել է Առաջին ատյանի դատարան ու հաղթել, Պաշտպանության նախարարությունը դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարան, որտեղ ևս որոշումը եղել էր ի օգուտ Խաչատրյանի: Վերաքննիչ դատարանը մերժել էր ՊՆ-ի ու երրորդ կողմ հանդիսացող Ֆինանսների նախարարության բողոքն ու որոշում կայացրել, որ Ցոլակ Խաչատրյանին ոչ թե պետք է վճարվի 277 օր փոխհատուցման ենթակա ամենամյա արձակուրդների քանակով գումար, ինչպես որոշել էր Առաջին ատյանի դատարանը, այլ՝ 288 օրվա:
Պաշտպանության նախարարությունը որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարանում: Հունվարի 22-ին Վարչական վճռաբեկ դատարանը ` նախագահությամբ Ռուզաննա Հակոբյանի մերժել է պաշտպանության նախարարության և ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել և Վարչական վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ է մտել: Պաշտպանության նախարարությունն այսպիսով պարտավորվում է Խաչատրյանին վճարել մոտ 6,9 մլն դրամ և դրա նկատմամբ հաշվարկվող տույժը` օրական 0,15%-ի չափով:
Հիշեցնենք, որ Ցոլակ Խաչատրայնը դեռ 2016 թվականից է սկսել պայքարել: Այդ ժամանակ նա հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՊՆ-ից պահանջելով վերադարձնել չտրամադրված արձակուրդների գումարը և տույժերը։ Նշենք նաև, որ Խաչատրյանը Կառավարության շենքի առաջ արդեն մի քանի անգամ հացադուլ է արել: Նա ասում է, որ պայքարում է ոչ միայն իր իրավունքների վերականգնման, այլ բոլոր այն զինվորականների, որոնք չեն ստանում իրենց հասանելիք ֆինանսական միջոցները: