f

Անկախ

Տրնդեզի, Սուրբ Վալենտինի և հայ ինքնության մասին


Մեր ժողովրդի սիրված տոներից է Տրնդեզը, որի ակունքները հազարամյակների խորքից են գալիս: Առհասարակ, յուրաքանչյուր տոն, տոնակատարություն մեծ խորհուրդ ունի, և միաժամանակ միջոց է համախմբելու հանրությանը, հասարակությանը:

Հնում յուրաքանչյուր ազգային, նաև եկեղեցական տոն նշվել է մեծ հանդիսությամբ, ամբողջ համայնքով: Համայնական հանգանակած միջոցներով մատաղ է արվել, ընկերային հացկերույթների գեղեցիկ սովորույթի հիմքն է դրվել:

Ցավոք, այսօր այլ է իրականությունը: Տոնը ոչ միայն միավորիչ չէ, այլև շատ հարցերի առաջ է կանգնեցնում հանրությանը: Տարբեր առիթներով քննարկումներ են ընթանում լրատվամիջոցներով, սոցիալական կայքերով:

Նախ` խոսքը վերաբերում է Տրնդեզի ծագմանը, արմատներին: Կարծես գաղտնիք չէ, որ ի թիվս այլ ազգային տոների, Տրնդեզի արմատները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից, և տոնը նվիրված էր հայոց երկու աստվածությունների` հացազգիների հովանավոր Տիրին, որը նաև աստվածահայր Արամազդի քարտուղարն է և հայոց դպրության, գիտության հովանավոր աստվածը, և Վահագն հուր-աստծուն:

Խնդիրն այսօր Տրնդեզի տոնի ակունքների ներկայացման ձևի մասին է: Հայ առաքելական եկեղեցին բացառում է Տրնդեզի բնապաշտական, հեթանոսական (հեթանոս բառն առաջացել է հունարեն էթնոսից և նշանակում է ազգային) ակունքները և Տրնդեզը ներկայացնում է որպես զուտ եկեղեցական տոն: Իսկ Տրնդեզի հաջորդ օրը, երբ կաթոլիկ եկեղեցին նշում է որպես Սուրբ Վալենտինի օր, մեր եկեղեցին սահմանել է երիտասարդների օրհնության օր, որ ավելի շատ ընկալվում է որպես սիրո տոն: Թե ով էր Վալենտինը, դրա մասին շատ է խոսվել և գրվել: Խնդիրն այն է, որ Վալենտինը որևէ աղերս չունի հայ ինքնության, հայոց ազգային տոների հետ. մենք ազգային տոնացույցում ունենք սիրո և երիտասարդության տոն: Դա Վարդավառն է` Աստղիկի և Վահագնի սիրո գեղեցիկ տոնը, որ հազարամյակներ շարունակ նշվել է մեր նախնիների կողմից: Այսօր էլ Վարդավառը մեր ժողովրդի ամենասիրված տոներից է և նշվում է մեծ հանդիսավորությամբ ու ճոխությամբ: Թերևս, Ամանորից հետո, հենց Վարդավառն է ամենաժողովրդական տոնը հայ իրականության մեջ: Հայ առաքելական եկեղեցին, բնականաբար, չի ընդունում նաև Վարդավառի խորհուրդը և այն ներկայացնում է բացառապես որպես Հիսուսի այլակերպության տոն:

Ցավոք, մենք այս կապակցությամբ  գործ ունենք ոչ միայն կրոնական անհանդուրժողականության, այլև ազգային ինքնության մերժման փաստի հետ: Իմ մասնավոր խոսակցություններից մեկում, երբ մի քահանայի փորձեցի բացատրել Վարդավառի ծագումն ու ակունքները, նա ուղղակի ծիծաղեց, անգամ ինձ մեղադրեց անգրագիտության մեջ: Մեկ այլ քահանա բոլորովին վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ ոչ միայն մերժեց ազգային-եկեղեցական տոների բնապաշտական ծագումը, այլև բացեիբաց հայտարարեց, որ մեր տոները բացառապես քրիստոնեական ծագում ունեն և որևէ աղերս չունեն հեթանոսության հետ:

Վերլուծելով ասվածը` պետք է հետևություն անել, որ ավելի ընդունելի են քրիստոնեական (հետևաբար` հրեական), քան ազգային ծագմամբ ու ակունքներով տոնակատարությունները: Երևույթը ցավոտ է ու տարածված. փաստորեն, մեր եկեղեցին, մերժելով ազգային տոների գոյությունը, ոչ միայն չի մերժում օտար ծագմամբ ու խորհրդով տոնակատարությունների անցկացումը, այլև միջոց է հանդիսանում նրանց Հայաստան ներթափանցման համար: Վկան` Սուրբ Վալենտինի անհասկանալի ու գոնե շատերի համար անընդունելի տոնը:

Տրնդեզի` հայկական ազգային ծագումնաբանությունը մերժելը հայ եկեղեցու կողմից չի դիմանում որևէ քննադատության: Եթե ընդունենք որ դա ոչ ազգային, այլ զուտ եկեղեցական տոն է, ապա պետք է ենթադրել, որ 301-ից առաջ մեր նախնիները Տրնդեզ չեն նշել: Բացի այդ, ստացվում է, որ Տրնդեզի խարույկը, որի վրայով թռչելը չի խրախուսվում հոգևորականության կողմից, դարձյալ ներմուծվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից, ինչը, բնականաբար, կատարյալ անհեթեթություն է:

Այսօր հայկականության, հայ ինքնության մերժումը, ցավոք, մեծ չափերի է հասել: Չնայած նրան, որ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, այսօր տեսնում ենք եկեղեցու և հոգևորականության կողմից ազգային արժեքների մերժում, ուրացում: Տպավորություն է ստեղծվում, թե մինչև 301 թվականը չեն եղել Հայաստան, հայություն, հայկական մշակույթ և ավանդույթներ: Ստացվում է, որ հայ հոգևորականությունը, փոխանակ աղանդավորության սաստկացող ու մոլեգնող երևույթի դեմ պայքարելու, պայքարում է հայի պատմական հիշողության ու նախնյաց ստեղծած մշակույթի դեմ: Ստացվում է, որ մենք նախաքրիստոնեական մշակույթ և ավանդույթներ չենք ունեցել, որ այլադավան հայը, լինի հեթանոս, մահմեդական թե բուդդայական, հայ չի ընկալվում, և, վերջապես, ստացվում է, որ մեր հեթանոս պապերը մերը չէին:

Մինչդեռ իրականում մեր ազգային-եկեղեցական բոլոր տոները գալիս են բնապաշտական ժամանակներից և հեթանոսական ծագում ունեն: Բանն այն է, որ երբ 301 թ. քրիստոնեությունը մտավ Հայաստան, ընդ որում` հրով ու սրով, հայ ժողովուրդը երկար ժամանակ չէր ընդունում իր համար անհասկանալի նոր և օտար կրոնը, նրա արժեքները: Երկար ժամանակ հայությունն իր հին ծեսերն ու տոներն էր նշում, և որպեսզի քրիստոնեությունը ամրապնդվի հայության մեջ, եկեղեցին վերցրեց հայկական ավանդական տոները, վերափոխեց դրանց խորհուրդն ու նոր ձևով մատուցեց ժողովրդին: Սա բնականոն երևույթ է, սակայն չի ենթադրում, որ այսօր պետք է մերժել և ժխտել տոնի ակունքները, քննադատաբար վերաբերվել նրան, ավելին` ներմուծել օտարը, երբ մենք ունենք մերը, գեղեցիկը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Տրնդեզ Սուրբ Վալենտին քրիստոնեություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին