«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանի հետ:
-Պարոն Մարաբյան, մի փոքր ներկայացնենք ԳԱԿ-ի ստեղծման պատմությունը, որ հասարակության շրջանում առավել հայտնի է Կասկադ համալիր անվանումով:
-Այսպես ասեմ, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը գտնվում է Կասկադ համալիրում: Եվ կասկադ բառն իրականում վերաբերվում է շինության ճարտարապետական ոճին: Թեև կառույցի գաղափարը իրականության վերածեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, բայց այն Ալեքսանդր Թամանյանինն էր: Այդ նա էր նախագծել, որ քաղաքի հյուսիսային ու կենտրոնական հատվածները պետք է կապվեին միմյանց թափվող ջրվեժներով ու կանաչ տարածքներով: Կասկադ համալիրի շինարարությունը սկսվեց 1980-ականներին, բայց անավարտ մնաց 1988-ի երկրաշարժի և Հայաստանի անկախացմանը հաջորդող դժվարին տարիների պատճառով: 1990-ականներին այն բացարձակ լքված էր և գտնվում էր բարձիթողի վիճակում, ինչպես շատ ուրիշ կառույցներ:
2002-ին ամերիկահայ գործարար և բարեգործ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի կողմից հիմնադրվեց «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամը, որի նպատակն էր Կասկադ համալիրը և Թամանյան պուրակը վերափոխել ժամանակակից արվեստի կենտրոնի: 2009-ին` տարիների ինտենսիվ աշխատանքից հետո, բացվեց ԳԱԿ-ը՝ իր հրաշալի քանդակների պարտեզով: Եվ Կասկադ համալիրն ինքնին դարձավ այդ կենտրոնին սպասարկող շենք՝ արդեն փոխակերպված միջավայրով, ժամանակակից ցուցասրահներով և շատ հագեցած ցուցահանդեսային, կրթական, համերգային և հանրային ծրագրերով:
Այսօր էլ «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամը շարունակում է ապահովել և համակարգել ԳԱԿ-ի ողջ գործունեությունը, որպեսզի այն պատշաճ ներկայանա հանրությանը:
-Այս տարի լրացավ կենտրոնի տասնամյակը:
-Այս տասնամյա գործունեության ընթացքում բազմահազար այցելուների համար կազմակերպել ենք շուրջ 60 ցուցադրություն, 50 կրթական ծրագիր, հարյուրավոր համերգներ: Այս տարի էլ ունեցել ենք բազում հոբելյանական միջոցառումներ, որ դեռ շարունակվում են: Կենտրոնի առաքելությունը եղել է ու կա համաշխարհային ժամանակակից արվեստի առաջատար միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը: Առաջնորդվելով իր այդ տեսլականով՝ ԳԱԿ-ը շարունակում է կազմակերպել բազմապիսի ցուցադրություններ և իրականացնել հետաքրքիր ծրագրեր:
Ամեն ինչ սկսվեց Գաֆէսճեան հավաքածուն ներկայացնելուց, որը ներառում է համաշխարհային հայտնի արվեստագետների աշխատանքները: Այնուհետև զուգահեռ սկսեցինք ներկայացնել տեղի արվեստագետներին, որոնք այնքան էլ տեսանելի չէին Հայաստանում: Թանգարանը նախաձեռնում է նաև տարբեր ցուցահանդեսային շարքերի կազմակերպում և իրականացում: Օրինակ՝ «Միջթանգարանային համագործակցություն» շարքը, երբ մեր քույր թանգարաններին ավելի ճանաչելի ենք դարձնում՝ օգտագործելով ԳԱԿ-ի լայն տեսանելիությունը: Ունենք նաև «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքը, որի շրջանակներում ցուցադրում ենք մասնավոր հավաքածու ունեցող մեր համաքաղաքացիների գործերը, եթե, իհարկե, համաձայնում են հանրայնացնել իրենց գործերը: Նոյեմբերին կայացավ այդ շարքի չորրորդ ցուցադրությունը՝ «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» խորագրով: Այս անգամ հանրայնացրեցինք արվեստաբան Վիգեն Գալստյանի հավաքածուն:
-Ներկայացնենք ԳԱԿ-ի կառուցվածքը:
-Կենտրոնը բաղկացած է հինգ հարթակից, տասը սրահներից, որոնք օգտագործում ենք մշտական և ժամանակավոր ցուցադրությունների համար: Հաջորդ տարի առաջին հարկի մեր պատկերասրահում նախատեսում ենք իրականացնել «Սպիտակ պատ» կոչվող նախագիծը, որտեղ նաև ցուցադրություններ կլինեն:
Այս պահին Գաֆէսճեան հավաքածուից ներկայացվում է 200-ից ավելի ցուցանմուշ: Իսկ ժամանակավոր ցուցադրությունների ընթացքում ունենում ենք արդեն տարբեր թվաքանակի ցուցանմուշներ:
Մեր ցուցասրահների մուտքն անվճար է, բացառությամբ «Արծիվ» պարտեզի սրահում գտնվող «Կոլեկցիոների ներաշխարհում» մշտական ցուցադրության: Դա էլ սիմվոլիկ ենք թողել վճարովի, որպեսզի այցելուներն էլ առիթ ունենան իրենց ներդրումն ունենալու կենտրոնի զարգացման գործում: Ի դեպ, ԳԱԿ-ում մարդիկ իրենց լուման կարող են ներդնել նաև անդամակցելով կենտրոնին և դառնալով այս մեծ ընտանիքի մի մասը:
-Ո՞ր հայտնի արվեստագետների գործերն են ցուցադրվում ԳԱԿ-ում:
-«Խանջյան» սրահում ներկայացված է նկարիչ Գրիգոր Խանջյանի հայտնի որմնանկարը` հատուկ նշանակություն տալով այդ ցուցասրահին: «Սասունցի Դավիթ» սրահում էլ գտնվում է քանդակագործ Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը: Ի դեպ, Հովսեփյանը նաև Ալ. Թամանյանի արձանի հեղինակն է:
Դրսի արվեստագետներից ցուցադրված են Ֆերնանդո Բոտերոյի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի և այլոց գործերը:
-ԳԱԿ-ն ունի նաև Հատուկ միջոցառումների սրահ:
-Այդ սրահը տեղակայված է կենտրոնի վերին հարթակում, որտեղ իրականացնում ենք մեր համերգային ծրագրերը: Համերգների երկու շարք ունենք՝ դասական երաժշտության համերգաշար և Երաժշտության կասկադ, որի ընթացքում հնչում են ջազային, ռոք և այլ ոճերի կատարումներ: Բացի դրանից՝ այս սրահում գրեթե ամեն ամիս տեղի են ունենում միջոցառումներ՝ «Հանդիպում արվեստի հետ» խորագրով: Սրահը ենթակա է նաև վարձակալության՝ տարբեր կազմակերպությունների և անհատական միջոցառումների կազմակերպման համար:
-Թանգարանի խանութը որքանո՞վ է թանգարանի առօրյայի բաղկացուցիչ մաս:
-Այն մեր թանգարանի լիիրավ բաղկացուցիչ մասն է, որտեղ ոչ միայն վաճառքի ենթակա նմուշներ են, այլև ցուցանմուշներ, որոնք միջավայրն առավել գրավիչ են դարձնում: Խանութում կտեսնեք և´ տեղի արվեստագետների աշխատանքներ, և´ դրսի հայտնի դիզայներների: Օրինակ՝ էքսկլյուզիվ ներկայացնում ենք Մայքլ Արամի դիզայներական աշխատանքները: Նաև Վան Գոգի թանգարանի հետ ունենք համագործակցություն. ներմուծում ենք Վան Գոգի աշխատանքների վերատպությունները բաժակների, անձրևանոցների, ափսեների և այլ իրերի վրա:
-Տարեկան քանի՞ այցելու ունեք, պատրաստվու՞մ եք ընդլայնել նրանց թիվը: Տարիքային ո՞ր խմբերի համար է նախատեսված ԳԱԿ-ը:
-Համալիրի շարժասանդուղքները կարողանում են հաշվել այցելուների քանակը: Տարեկան այն գերազանցում է մեկ միլիոնը: Բայց մենք ցանկանում ենք նշաձողը միշտ բարձրացնել, և հատկապես ավելացնել այն այցելուների թիվը, որոնք ոչ թե մեր սրահներում հայտնվում են ակամա՝ շարժասանդուղքներից օգտվելու ընթացքում, այլ նպատակային գալիս են ԳԱԿ:
Ի դեպ, ԳԱԿ-ը շատ զբոսաշրջիկների նախընտրած վայրերից է: Նրանք հիանում են թե´ սրահներով, թե´ ընդհանուր ճարտարապետական կառույցով:
Այցելությունները մեզ մոտ սկսվում են դպրոցական տարիքից, քանի որ նախադպրոցականները դեռևս հասու չեն ընկալելու արվեստի այս նմուշները: Փոխարենը նրանք միշտ մասնակցում են հունիսմեկյան մեր միջոցառումներին: Արդեն աշակերտներն ի վիճակի են ընկալել այս նոր միջավայրն ու գաղափարները: Ունենում ենք նաև տարեց այցելուներ՝ կազմակերպելով շրջայցեր ծերանոցների շահառուների համար: Նրանք միշտ և´ շոյվում են, և´ տպավորվում, և´ հագեցած ու լիացած հետ վերադառնում:
-Ի՞նչ կրթական ծրագրեր ունի ԳԱԿ-ը:
-Ցուցադրություններին զուգահեռ միշտ զարգացնում ենք նաև կրթական ծրագրեր, որ գրավում են հատկապես դպրոցահասակներին և ուսանողներին: Դրանք օգնում են, որ երիտասարդները ոչ թե սոսկ դիտորդ լինեն, այլ ավելի խորաթափանց մոտեցում դրսևորեն ներկայացված արվեստին, մասնակից դառնան ստեղծագործական ընթացքին:
Մեր մշտական կրթական ծրագրերից է «Հայ գրերն իմ գրչով» ծրագիրը, որն իրականացվում է «Խանջյան» սրահում: Երեխային նախ ներկայացվում է այդ մոնումենտալ որմնանկարը, ապա հայոց տառերի ստեղծման հետաքրքիր և ուսանելի պատմությունը, որից հետո նրանք ծանոթանում են մանրանկարչության մեջ օգտագործված թռչնագրերին և ստեղծում իրենց տարբերակները:
Ունենք նաև «Սասունցի Դավթի ճանապարհով» մշտական կրթական ծրագիրը, որի ընթացքում երեխաները ծանոթանում են էպոսի հետաքրքիր դրվագներին, ապա առարկայական տեսնում էպոսի այն 36 դրվագները, որ քանդակել է Արտաշես Հովսեփյանը՝ իհարկե, Հակոբ Կոջոյանի գրաֆիկական աշխատանքի հիման վրա: Այնուհետև նրանք ստեղծում են «Սասունցի Դավթի ճանապարհով» դասարանական գիրքը և իրենց հետ տանում որպես հիշատակ:
-Գաֆէսճեան Պատանեկան խորհուրդ. ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
-Այս նախաձեռնությունն արդեն երեք տարի մեր պատանիներին (ովքեր ամեն տարի ընտրվում են մեր կողմից ներկայացված հայտերի հիման վրա) հնարավորություն է տալիս ազատորեն նախաձեռնել և իրականացնել մի շարք ծրագրեր: Ամեն ինչ սկսվեց «Երեսուն աստիճան դեպի 3-րդ Հարկ» ցուցադրությամբ, որին հետևեց «Արվեստանոց» ցուցադրությունը: Դա իրականում արդյունքն էր այն ծրագրի, որի ընթացքում մասնակից պատանիները սովորել էին լուսանկարչական հմտություններ և կիրառել դրանք արվեստագետների արվեստանոցներում: Թվային խցիկներով վավերագրած նրանց նկարներն այնուհետև տպեցինք և պատրաստեցինք ցուցադրության, որն, ի դեպ, շրջիկ բնույթ կրեց՝ լինելով Դիլիջանում, Գյումրիում, Եղեգնաձորում: Ուրախալի է, որ մարզերում ցուցադրությունը կարծես կարծես ձնագնդի ազդեցություն ունեցավ՝ տեղի պատանիներին հնարավորություն տալով մտնել երկխոսության մեջ, կիսվել նոր գաղափարներով ու ծրագրերով երևանցի իրենց հասակակիցների հետ:
-Գաֆէսճեան քանդակների պարտեզ. որքանո՞վ է այսօր հասարակությունն ընդունում այս քանդակները:
-Կարծիքները շատ հակասական են: Ամեն դեպում ԳԱԿ-ը եղավ այն ինստիտուտը, որը Երևանին նոր շունչ տվեց նման քանդակների տեղադրմամբ: Մենք սովոր չէինք տեսնել այդպիսի քանդակներ, բայց դրանք գոյություն ունեն և ներկայացնում են շատ հայտնի արվեստագետների աշխատանքներ: Գաֆէսճեան քանդակների պարտեզը նոր հորիզոններ բացելու հնարավորություն է տալիս՝ կոտրելով մեր քարացած պատկերացումները քանդակագործության մասին: Ներկայացված քանդակները նաև մի պահ կանգ առնելու, խորհելու, հետևություններ անելու հնարավորություն են տալիս:
-Ինչպե՞ս կամփոփեք զրույցը:
-Ես կոչ եմ անում մեր համերկրացիներին ավելի հաճախ այցելել թանգարաններ: Մեր աշխատանքը շատ հետաքրքիր է, և ես հաճույքով եմ ընդունում ցանկացած մարտահրավեր՝ դիտելով այն նոր ուղենիշեր սահմանելու, նոր բարձունքներ հաղթահարելու և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մեր հանրությանը նոր լույսով ներկայացնելու հնարավորություն: ԳԱԿ-ը մեր քաղաքի ձեռքբերումն է: Կենտրոնն ամեն ինչ անում է, որպեսզի հանրությանը ներկայացնի առավել հագեցած, հետաքրքիր և բարձրակարգ ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը առիթ է ընծայում նոր լույսի ներքո ընկալելու համաշխարհային ժամանակակից արվեստի լավագույն նմուշները, ինչպես նաև հայկական մշակույթի լավագույնը:
Արփի Խաչատրյան