Հունվարի 25-26-ը Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ բանակի օրվա 28-րդ տարեդարձին նվիրված բռնցքամարտի 10-րդ բաց առաջնությունը: Մրցաշարը կազմակերպել էին Մարտունու մարզադպրոցը և Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հետաքրքիր պայքարում անցած մրցաշարում Մարտունու մարզադպրոցի թիմը գրավեց 1-ին, Ճամբարակի մարզադպրոցը` 2-րդ, Վանաձորի թիմը` 3-րդ հորիզոնականը:
Անկախի հետ զրույցում միջոցառման կազմակերպող, բռնցքամարտի Գեղարքունիքի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն, մրցաշարի գլխավոր մրցավար Գևորգ Սարգսյանը խոսում է մարզիկների ելույթների, նման միջոցառումների անցկացման կարևորության, Գեղարքունիքի մարզում կազմակերպվող այլ առաջնությունների մասին:
-Պարոն Սարգսյան, տարիներ շարունակ Մարտունու մարզադպրոցում կազմակերպվում և անցկացվում է ՀՀ բանակի օրվան նվիրված բռնցքամարտի մրցաշար: Մարզիկների ընդգրկվածության, նրանց ցուցաբերած արդյունքների մասին կխոսեք:
-10-րդ տարին անընդմեջ Մարտունու մարզադպրոցում անցկացվում է Հայաստանի Հանրապետության բանակի օրվան նվիրված բռնցքամարտի մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներից շուրջ 236 բռնցքամարտիկ, որոնց շարքում էին Եվրոպայի առաջնությունների և Հայաստանի առաջնություններում հաղթող և մրցանակակիր մարզիկներ:
Առաջնությունն անցկացվեց 2002-2010թթ. ծնվածների տարիքային խմբերում:
Մրցաշարն անցավ լարված և դիտարժան պայքարում: Մարտունու մարզադպրոցի մարզիկները թիմային պայքարում գրավեցին 1-ին տեղը: 2-րդը Ճամբարակի մարզադպրոցն էր, 3-րդը Վանաձորի բռնցքամարտի թիմն էր:
-Ուրախալի է մարզիկների ընդգրկվածությունը: Երկրպագուները հետևու՞մ էին մենամարտերին:
-Մարզիկները, մարզիչները սիրով են մասնակցում մեր կողմից կազմակերպվող միջոցառումներին, քանի որ Մարտունու մարզադպրոցում անցկացվող բոլոր մրցաշարերը անցկացվում են անաչառ մրցավարությամբ, ինչը շատ կարևոր է: Կային բազմաթիվ երկրպագուներ, թե՛ Մարտունուց, թե Գեղարքունիքից, թե՛ Հայաստանի մյուս մարզերից: Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի գոտիներ խաղարկվեցին մի քանի քաշային կարգերում, որն ավելի ոգևորեց բռնցքամարտիկներին: Հաղթելու տրամադրությամբ մասնակցեցին և տարբեր քաշային կարգերում պարգևատրվեցին բռնցքմարտի գոտիներով:
Մրցաշարը ևս մեկ անգամ առիթ է ընձեռում մարզիկներին, երկրպագուներին և բոլորին հիշեցնելու Բանակի տոնի մասին: Դրանից բացի մեր մարզիկները, ծառայության անցնելով Ազգային բանակում, իրենց հրաշալի են դրսևորում և մշտապես արժանանում են շնորհակալագրերի ու մեդալների ծառայության ընթացքում`ֆիզիկական և հոգեբանական պատրաստություն ցուցաբերելով:
-Գեղարքունիքի մարզում բռնցքամարտի զարգացման և տարածման հետ մշտապես ակտիվ աշխատանքներ են իրականացվում:
-Մեր տարածաշրջանում տարբեր տարիքային խմբերում հանդես եկող բռնցքամարտիկներ կան, որոնց ելույթներին հետևելով կարելի է ասել, որ այս ասպարեզում կարող են լուրջ հաջողությունների հասնել:
Նշեմ, որ մարզում այս պահին գործում է շուրջ 20 բռնցքամարտի խմբակ, որտեղ ընդգրկված են 500-ից ավելի մարզիկներ, որոնք հանրապետական առաջնություններում թիմային պատավավոր հորիզոնականներ են զբաղեցնում:
2019 թվականին ունեցել ենք 21 բռնցքամարտիկ, որոնք տարբեր տարիքային խմբերում Հայաստանի Հանրապետության առաջնություններում 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականներում տեղեր են զբաղեցրել: Նաև 3 մարզիկ բռնցքամարտի Մարտունու մարզադպրոցից մասնակցել է Եվրոպայի առաջնությանը: Մարզում ամեն տարի անցկացվում է բռնցքամարտի շուրջ 30 միջոցառում. մեր մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի և տեղական բազմաթիվ միջոցառումների: Փետրվարի 5-ից մեր մարզիկները կմասնակցեն Հայաստանի երիտասարադական առաջնությանը: 14 բռնցքամարտիկ կպայքարեն Հայաստանի Հանրապետության չեմպիոնի կոչմանն արժանանալու համար: Ունենք 3 առաջատար բռնցքամարտիկ. հույս ունեմ, որ կկարողանամ մրցանակյին տեղեր զբաղեցնել:
-Որևէ ֆինանսական աջակցություն ֆեդերացիան ստանու՞մ է:
-Ֆեդերացիան չի ֆինանսավորվում: Մարզային առաջնություններն օգնում են կազմակերպելու և անցկացնելու Գեղարքունիքի մարզպետարանի սպորտի բաժինը: Մրցումներ կան, որոնք օգնում է անցկացնելու Մարտունու քաղաքապետարանը: 8 տարի անընդմեջ սեպտեմբերին անցկացնում ենք միջազգային մրցաշար, որին մասնակցում են 5-6 երկրներ, որի անցկացմանը ֆինանսապես աջակցում է Մարտունու քաղաքապետարանը: