f

Անկախ

«Նանիկ»՝ սիրո ու ջերմության խտացում...


Ամանորյա նախապատրաստական ընթացքի մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև նվերները, հատկապես երբ ցանկանում ես իրապես ուրախացնել հարազատներիդ: Այս առումով հրաշալի նվեր կարող են լինել «Նանիկ» մանկական մոբիլները, բայց արդեն ոչ թե այս, այլ հաջորդ տարի:   Նախաձեռնության հեղինակ Հասմիկ Զաքարյանի հետ մեր զրույցը ծավալվել է հենց «Նանիկի» շուրջ, որն ամփոփել ենք ամանորյա մաղթանքներով:  

-Հասմիկ, նախ փորձենք հասկանալ՝ «Նանիկն» ի՞նչ է իրենից ներկայացնում:  

-«Նանիկը» էկոլոգիապես անվտանգ հումքով պատրաստված մանկական մոբիլներ են: Դրանք օրորոցի վրա պտտվող երաժշտական խաղալիքներ են, որից հնչելու է հայկական երաժշտություն: Այն նաև ունենալու է երգարան, որի մեջ կընդգրկվեն հնչող երգերի բառերը, ինչը հնարավորություն կտա ծնողներին ծանոթանալ երգերին և, ինչու ոչ, զուգահեռ երգել:

-Զրուցենք խաղալիքի մտահղացման նախապատմությունից:  

-Միտքը ծնվել է դեռ երեք տարի առաջ: Նախադրյալները շատ են եղել իրականում: Օրինակ՝ դեռ տարիներ առաջ մայրիկս անհանգստանում էր, որ մենք չգիտենք մեր ազգային երգերն ու պարերը, և լուծումը համակարգային էր պատկերացնում, այսինքն, որ այն որպես առարկա դասավանդվի դպրոցում: Ինքս ազգային պարերին ծանոթացել եմ միայն ասպիրանտուրայում ուսանելու տարիներին: Եվ արդեն վեց տարի է՝ պարում եմ «Արեգ» ազգագրական պարի խմբում: Այստեղ է, որ հանդիպեցի իմ հրաշալի  պարուսույցների տաղանդավոր փոքրիկին, որը մեծացել էր ազգային միջավայրում, և երկու տարեկանում հրաշալի յարխուշտա էր պարում: Սա շատ ոգևորող էր, այսինքն՝  հստակ օրինակ ունեի՝ ինչպես է երեխան ծնված օրվանից ընտանիքի միջոցով ծանոթանում ազգային մշակույթին և ինքնըստինքյան դառնում դրա կրողը: Ազգային պարի միջավայրում ես շատ նվիրյալների ճանաչեցի, որոնք անշահախնդրորեն տարբեր միջոցառումներ էին կազմակերպում՝ ազգային երգ ու պարի տարածման համար: Այդ ընթացքում ծանոթացա նաև զանգակներ կոչվող հետաքրքիր գործիքներին և համանուն համույթի կոմիտասյան երգերի կատարումներին: Այս ամենը կուտակվում էր իմ ներսում: Արդյունքում հասունացավ հայկական մանկական մոբիլ արտադրելու գաղափարը, ինչը կյանքի կոչելու համար սկզբում մտածում էի վստահել որևէ գործարարի: Բայց ապրիլյան պատերազմի օրերից հետո, երբ ինձ շատ անօգտակար էի զգում, որոշեցի՝ խաղալիքի ստեղծումը, ինչքան էլ դժվար լինի, ոչ ոքի չեմ վստահելու, այլ հենց ինքս էլ կիրագործեմ, ու դա կլինի պայքարի իմ տեսակը թիկունքում: Սկսվեցին ուսումնասիրությունները, և ես հասկացա՝ ոգևորությունն ավելի մեծ էր իրականում, քան համապատասխան գիտելիքները, բայց չհանձնվեցի: Սկզբում անգամ ցանկանում էի բարեգործական ֆոնդ գտնել, որ խաղալիքն անվճար բաժանվեր նորածինների ընտանիքներին, բայց պարզ հաշվարկների արդյունքում հասկացա՝ ուղղակի անհնար է գտնել այնքան մեծ գումար, որը կբավարարեր տարեկան մոտավորապես 40.000 նորածին երեխայի խաղալիքն անվճար տրամադրելուն: Ցանկությունս վերափոխվեց բիզնես գաղափարի: Շեշտը դրեցինք սպառողի գիտակցված ընտրության վրա՝ չբացառելով բարեգործական տարրը: Ամեն ինչ անելու եմ, որ կարողանամ խաղալիքը նաև նվիրել մարդկանց: Սկսեցի մասնակցել տարբեր բիզնես դասընթացների ու ծրագրերի, ինչպես նաև համապատասխան մրցույթների՝ գրանցելով նաև հաղթանակներ (այս պահին դրանք երեքն են), որոնք օգնում են առավել մեծ ոգևորությամբ շարունակել ճանապարհը: Այժմ հավակնոտ ցանկություն ունենք, որ ժամանակի ընթացքում «Նանիկը» դառնա մանկական մոբիլների խորհրդանիշ: Ի դեպ, երբ ծնվեց գաղափարը, դեռևս շատ քիչ էին հայկականության տարրեր ունեցող խաղալիքներն ու երեխաներին վերաբերող նախաձեռնությունները, և բացն այս ոլորտում հստակ երևում էր:

-Ո՞ր տարիքի համար է նախատեսված «Նանիկը»:

-Այն նախատեսված է 0-5ամսական երեխաների համար: Բայց վստահ ենք՝ հայ ծնողների կրեատիվությունը թույլ կտա խաղալիքն  ու նրա բաղադրիչներն օգտագործել նախատեսվածից շատ ավելի երկար թե´ տանը, թե՛ դրսում երեխային սայլակով ման տալիս, թե´ նոր երգեր ավելացնելու հնարավորությունից օգտվելով, ինչն, ի դեպ, կընձեռի խաղալիքը: «Նանիկը» երեխայի  աշխարհաճանաչման հրաշալի միջոց կլինի պատկերների ու ձայնի զուգակցությամբ: Թեև խաղալիքի անունը «Նանիկ» է, բայց մենք չենք ցանկացել շեշտը քնի վրա դնել, բայց այս ընթացքում կատարված փորձարկումների արդյունքում հասկացանք՝ խաղալիքը նաև կարող է օգնել մայրիկներին քնեցնել երեխաներին: Երգացանկում ընդգրկված են լինելու թե´ օրորոցայիններ, թե´ հայկական այլ մեղեդիներ, նույնիսկ սիրային: Բառերը մայրիկները կգտնեն արդեն երգարանում, ինչը հնարավորություն կտա ցանկության դեպքում զուգահեռ երգել երեխայի համար: Երբեմն որոշ մայրիկներ խուսափում են երգել բալիկների համար՝ կաշկանդվելով իրենց վատ երգելու փաստից, բայց ես համոզված եմ՝ երեխայի համար իր մայրիկի ձայնից քաղցր ձայն չկա: Եվ հենց այս առումով խաղալիքը կարող է օգնել մայրիկներին, եթե նրանք չեն իմանա երգի բառերը կամ կվախենան սխալ երգել մեղեդին: Ի դեպ, խաղալիքներում ընդգրկված են մեղեդիներ և ոչ թե երգեր մի քանի պարզ պատճառներով: Նախ նման խաղալիքներն ի սկզբանե ենթադրում են պարզ բնույթի մեղեդիներ զանգակների ձայնով, և երկրորդ՝ մենք չցանկացանք մտնել մայրիկի դաշտ՝ տեղադրելով պատրաստի կատարումներ: Կատարումը պիտի լինի մայրիկինը: Ուստի մենք ոչ թե հավակնում ենք զբաղեցնել մայրիկի տեղը, այլ օգնել, որ խաղալիքից հնչող երգերը մտնեն և ապրեն հայկական ընտանիքներում՝ օգնելով երեխային ծնված օրվանից ծանոթանալ հայկական մշակույթին։  

-Ինչպես արդեն հասկանալի է, խաղալիքը հիմքում ընկած է ոչ միայն երեխայի ժամանցն ապահովելու փաստը, այլև գաղափարական միտումներ:  

- Ճիշտ եք։ Բացի վաղ հասակից երեխաներին հայկականին ծանոթանալու հնարավորություն տալուց, ցանկանում ենք, որ  «Նանիկը» հայկական մշակույթի արժեքավորությունը ներկայացնի ոչ միայն խոսքով, այլև գործով: Քանի որ երբ հայկականի, բազմադարյա մշակույթի մասին ուղղակի խոսվում է՝ առանց այն առօրյայի բաղկացուցիչը դարձնելու, դժվար է հավատալ խոսքերի անկեղծությանը: Իսկ ներդրումները մշակույթում ուղղակի վկայությունն են դրա արժեքավորության։ Ես հենց այդ գաղափարն եմ ուզում շոշափելի դարձնել այս խաղալիքներով: Ի վերջո, ինչու՞, օրինակ՝ ավստրիացի և եվրոպացի փոքրիկները կարող են ճանաչել Մոցարտի մեղեդիները, իսկ հայ երեխաները Կոմիտասի երգերը՝ ոչ: Ավելի հավակնոտ լինելով՝  երազում եմ՝ գա ժամանակ, երբ եվրոպացի երեխաներն էլ կմեծանան կոմիտասյան և հայկական երգերով։ Ես շատ եմ ներշնչվել կոմիտասյան մեղեդիներով ու գործունեությամբ: Դրա համար էլ իմ այս փոքրիկ գործը նաև ինչ-որ չափով Կոմիտասի հանդեպ ունեցած հիացմունքի արտահայտությունն է: Նույնիսկ Կոմիտասն է ասում, որ պետք չէ ոչ ոքի հատուկ ցույց տալ մեր արվեստը, պարզապես պիտի երգել տանը, մյուսներն ականջներ ունեն, որ լսեն և աչքեր, որ տեսնեն։

«Նանիկը» կարող է նաև սփյուռքում նպաստել հայապահպանության խնդրի լուծմանը, քանի որ օտարության մեջ երեխաներն ավելի քիչ հնարավորություններ ունեն ինքնաճանաչ մեծանալու։

Այս գաղափարի իրականացման հարցում  ինձ համար շատ կարևոր է նաև, որ արտադրանքը ոչ թե ամբողջովին պատվիրվի օրինակ՝ Չինաստանից, այլ պատրաստվի Հայաստանում ու արտահանվի՝ վրան գրված՝ Made in Armenia: 

-Անդրադառնանք նաև «Նանիկի» արտաքին տեսքին:

-Այս պահին հենց դիզայնի հստակեցման փուլում ենք, բայց մի բան հաստատ է՝ խաղալիքի արտաքինը՝ սկսած ձողից, մինչև կախվող խաղալիքները, ունենալու է հայկական մշակույթի տարրեր՝ համահունչ հնչող մեղեդիների հայկականությանը: Մենք խաղալիքների արտաքինի մեջ հետաքրքիր մեսիջներ ենք դրել, որ փոքրուց երեխային կուղղորդեն դեպի հայանպաստ գործեր: Չմոռանանք, որ մենք խնդիր ունենք մեծացնելու ոչ միայն հայի, այլ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Ուղղակի այս պահին դեռ չեմ ուզում չակերտները շատ բացել: Ասեմ, որ դիզայնի մեջ կներառենք նաև համամարդկային տարբեր թեմաներ:  

-Ի՞նչ թիմ է աշխատում «Նանիկի» կայացման համար:  

-Գաղափարի իրագործումը սկսել եմ քույրիկիս և ընկերուհիներիս հետ, բայց հետագայում իրենց մասնագիտական զբաղվածության պատճառով նրանք հիմնականում մնացին որպես առաջին խորհրդատուներ: Ինչպես միշտ, այս պահին ևս ունեմ տարբեր աջակիցներ, հատկապես կառանձնացնեմ «Չապլին» կորպորատիվ խորհրդատվական ընկերությանը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում իրենց խորհուրդներով, տարատեսակ աջակցությամբ իմ կողքին են եղել և  ոգևորել։  

-Հետաքրքիր է՝ ե՞րբ կկարողանանք ձեռք բերել «Նանիկը», և արդյոք այն մատչելի կլինի՞ բոլոր ցանկացողներին:

-Մեծ հույսեր ունեմ, որ առաջիկա ամիսներին կկարողանանք դուրս գալ շուկա, քանի որ այժմ գտնվում ենք արտադրության կազմակերպման փուլում: Խաղալիքն ընդհանուր առմամբ նախատեսված է լինելու միջին և բարձր եկամուտ ունեցող սպառողների համար, բայց ամեն ինչ անում ենք, որ դա արդարացված լինի՝ խաղալիքի որակը, երգերի քանակը (մոտ 30 երգ), էկոլոգիական անվտանգությունը, դիզայնի նորարարությունները, երգարանը, վաճառքի ժամանակ տրամադրվող կտորից էկո տոպրակը և այլն: Խաղալիքների էկոլոգիական անվտանգությանն այդքան մեծ տեղ հատկացնելը պայմանավորված է իմ ընտանիքում երեխաների նկատմամբ ունեցած ծայրաստիճան հոգատարությամբ և խնամքով:  

-«Նանիկը» կարո՞ղ ենք որպես Ձեր ամանորյա երազանքի իրականացում դիտարկել:

-Ամանորը սովորաբար երազանքների հետ է, չէ՞, կապվում, և ինչ-որ հեքիաթային երանգ ունի իր մեջ: Իմ կյանքում հաճախ եմ նկատել՝ վաղ թե ուշ երազանքներն իրականանում են, թեկուզ ոչ մեր պատկերացրած կերպերով: Ուղղակի շատ կարևոր է, որ մեր երազանքների իրականացման համար ինքներս ևս քայլեր անենք: Գործադրված ջանքերը միշտ էլ պարգևատրվում են: «Նանիկի» հաջողությունները վերջին տարիների ամանորյա երազանքներիս իրականացումն են, ու թեև առաջիկա օրերին մարդիկ խաղալիքը որպես նվեր չեն կարողանա գնել, բայց 2020-ի ողջ ընթացքում կունենան դրա հնարավորությունը։ Այն մեր կողմից կլինի փոքրիկ նվեր հայ ժողովրդին, և հուսով ենք՝ իսկապես դուր կգա մարդկանց:  

-Ինչու՞ են հենց փոքրիկները շատ սիրում Ամանորը:  

-Նրանք հավատում են հրաշքների, ու նրանց համար ամեն ինչ հնարավոր է: Հետաքրքիր է՝ որքան էլ իրական կյանքը փորձում է ավելի հասուն տարիքում մարդուն երկնքից երկիր իջեցնել, ամեն դեպքում շատերս փորձում ենք չկորցնել հրաշքներին հավատալու մանկական ունակությունը: Ամանորն օգնում է, որ մարդիկ, ուրախացնելով միմյանց ու երեխաներին, իրենք էլ մանկանան։  

-Ի՞նչ մաղթանքներով կամփոփեք զրույցը:

-Շատ պարզ ձևակերպվող, բայց դժվար իրագործելի մաղթանքով՝ ամբողջ աշխարհին ու հատկապես Հայաստանին խաղաղություն եմ մաղթում։ Առանց դրա մնացած ամեն ինչ վտանգված է։ Ցանկանում եմ նաև, որ մարդիկ անպայման երազանքներ ունենան և իրենց երազանքներին ընդառաջ քայլելու ունակություն: Ասում են՝ հաջողությունը պատրաստականության ու հնարավորության համընկնումն է: Երբեմն մենք կարող ենք տարբեր հնարավորություններ բաց թողնել պատրաստ չլինելու պատճառով, իսկ երբեմն էլ պատրաստ լինել, բայց հնարավորությունների այդպես էլ չհանդիպել։ Մաղթանքս է, որ 2020-ը պատրաստականության ու հնարավորությունների համընկման տարի լինի: Ինքս ինձ չմարող ոգևորություն եմ ցանկանում, որ հանկարծ դժվարություններից հետ չկագնեմ ու անպայման իրականության կոչեմ իմ նվիրական երազանք «Նանիկը»: Ի վերջո, այն երեխաների, հայկականության, հայրենիքի նկատմամբ իմ մեծ սիրո ձևափոխված տարբերակն է: Դրա համար շատ ուզում եմ՝ խաղալիքն իր ուրույն տեղը զբաղեցնի հայկական ընտանիքներում, և այն ջերմությունը, որ դրվել է դրա մեջ, սեր և ուրախություն հաղորդի մարդկանց:  

 

             Արփի Խաչատրյան

 

 

Հասմիկ Զաքարյան ամանոր «Նանիկ» մանկական մոբիլներ հարցազրույց

Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
Ավելին
Ավելին