f

Անկախ

Քանի որ ռազմավարություն չկա, չենք հասկանում, թե ինչ է ուզում նախարարությունը․ կրթության փորձագետ


Ինչո՞վ է առանձնացել 2019-ը կրթության ոլորտում․ թեմայի մասին է «Անկախը» զրուցել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ 

Պարոն Խաչատրյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է առանձնացել տարին կրթության ոլորտում, մասնավորապես՝ հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում։ 

-Հանրակրթությունից սկսկեմ։  Առաջինն այն էր, որ հանրակրթության ֆինանսավորումը մեծացավ և այդ շրջանակներում ուսուցիչների աշխատավարձը բարձրացավ։ Ինչպես նաև  գումար հատկացվեց  մի շարք դպրոցների, քոլեջների վերանորոգման համար, ավելացավ նախադպրոցական հաստատությունների թիվը։ Սրանք կարևոր էին։ Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ որոշ դասագրքեր կիսվեցին։ Իհարկե, չեմ կարող  ասել, որ դա  միանշանակ դրական փոփոխություն է։ Որովհետև գիրքը  կիսելն ինչ-որ առումով խաթարում է դրա  ամբողջականությունը։ Բայց եթե նայենք աշակերտների պայուսակների քաշի տեսանկյունից, կարելի է ասել, որ որոշ չափով խնդիրը  լուծվեց։ Թեև պետք է նշել, որ  պայուսակների ծանրության հարցում որոշիչը միայն գրքերը չեն, թերևս պետք է նաև տետրերը կիսել։ 

Այս տարվա  թերևս ամենակարևոր նորությունն այն է, որ երթևեկող մոտ 4000 ուսուցչի և 700 աշակերտի ճանապարհածախսը վճարելու է նախարարությունը։ Սա շատ կարևոր է։ Մենք այսօր ունենք ուսուցիչներ, որոնք ստանում են 40-50 հազար դրամ աշխատավարձ և այդ գումարից 10-20 հազարը ծախսում գյուղից գյուղ երթևեկելու վրա։  Սա նաև պատճառ է դառնում, որ շատ մարդիկ չեն ուզում կողքի գյուղում աշխատել։ Մենք ավելին պետք է անենք գյուղերում աշխատող  ուսուցիչներին   խրախուսելու համար, որովհետև մենք աստիճանաբար լրջագույն խնդիր ենք ունենալու գյուղական դպրոցներն ուսուցիչներով ապահովելու հարցում, հատկապես  բնագիտական առարկաների և օտար լեզուների գծով։

Միջին մասնագիտական կրթության ոլորտում տեղի ունեցած փոփոխություններից պետք է նշել, որ քոլեջներին հատկացվող ուսման տեղերի  թիվը կրճատվեց։ Ավագ դպրոց-քոլեջ մրցակցությունը դեռ շարունակվում է։ Եվ  քոլեջների  տեղերը սահմանափակելու  նպատակը ավագ դպրոցներին օգնելն էր, որ քոլեջից դուրս մնացած աշակերտըները ստիպված լինեն գնալ ավագ դպրոց։ Բայց այդ պարագայում էլ քոլեջների վիճակն է վատանում։ 

Ակնհայտ զգացվում է , որ այդ երկու խմբերը՝ քոլեջներն ու ավագ դպրոցները,  լոբբինգ են անում, ամեն մեկը ձգտում է, որ  նախարարությունում այնպիսի մեխանիզմներ ստեղծվեն, որ իրենց մոտ շատ աշակերտներ կամ ուսանողներ դիմեն։ 

-Պարոն Խաչատրյան, նախկինում էլ ենք անդրադարձել քոլեջների և ավագ դպրոցների մրցակցության խնդրին։ Մի՞թե երկուսի խաղաղ գոյակցությունը հնարավոր չէ։ 

-Հնարավոր է, բայց նման լուծում գտնելու համար այդ երկու ոլորտների ներկայացուցիչները միասին մեկ սեղանի շուրջ պետք է նստեն։ Չեմ հիշում որևէ քննարկում, որին մասնակցած լինեն ավագ դպրոցների և քոլեջների տնօրեններ։ Միշտ առանձին-առանձին են քննարկումներ տեղի ունենում։ Նրանք նաև նախարարության տարբեր վարչությունների են ենթարկվում։ Ավագ դպրոցները Հանրակրթության վարչությունում են, քոլեջները և արհեստագործական ուսումնարանները՝ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությունում։ Գուցե այդտեղ էլ խնդիր կա, և որոշակի փոքր խմբային շահեր են առաջ գալիս։ 

Իսկ բարձրագույն կրթության ոլորտում կարելի է առանձնացնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որի աշխատանքային տարբերակից դժգոհություններ եղան։ 

Իմ կարծիքով՝   բավականին առաջադեմ օրենք է։ Բայց որպես ներսի մարդ, որպես բուհի դասախոս  կարծում եմ, որ  այս օրենքն  այդքան էլ չի լուծելու մեր բուհերի խնդիրները։ Օրենքում խոսվում է  ուսանողների ներքին շարժունությունից, ուսուցման ճկուն ձևերից, օրինակ՝  հեռական վերացվում է,  փոխարենը ավելի թեթևացված գրաֆիկով ուսուցում է ներդրվում։ Սրանք լավ բաներ են, բայց չեմ կարծում, որ այսօր Հայաստանի բուհերին այս հարցերը հուզում են։ Մեր խնդիրներն ուրիշ են։ Տեսեք, սովորելու մոտիվացիա չկա, դասավանդման որակն է ցածր, սովորելու միջավայր չունենք։ Ինչ-որ առումով պետք է համակարգը ոտքի կանգնեցնես, նոր մտածես համակարգի ինտեգրման մասին։ Իմ կարծիքով այս օրենքը փորձում է ուժեղացնել մեր նմանությունը արտասահմանյան համալսարաններին, բայց միայն մեխանիզմների առումով։

Մինչև նման օրենք մշակելը նախ որոշակի ռազմավարություն պետք է մշակել։ Երբ ռազմավարություն չունես, լինում է այն, ինչ հիմա է տեղի ունենում․ օրինակ՝ օրենքի սկզբնական տարբերակի համաձայն դեկաններին պետք է նշանակեր ռեկտորը, հետո փոխեցին, պարզվում է՝ դեկանները պետք է ընտրվեն։ Եթե ինձ հարցնեք, կարող է ինչ-որ մի մոդելով դեկաններին ռեկտորը նշանակի։ Դա լավ տարբերակ կարող է լինել արագ փոփոխություններ անելու համար, եթե նախարարությունը նման նպատակ դնի։ 

Բայց քանի որ ռազմավարություն չկա, մենք չենք հասկանում, թե ինչ է ուզում նախարարությունը։ Արդյունքում, մի բան գրվում է, դա քննադատվում է, որոշ ժամանակ անց դրա հակառակն են բերում քննարկման։ 

-Պարոն Խաչատրյան, հերթական տարին ենք ամփոփում առանց  կրթության զարգացման ռազմավարության։ Ինչո՞ւ։ 

-Իմ կարծիքով՝ պատճառը հետևյալն է։ Ռազմավարություն մշակելու համար  ինչ-որ մի կազմակերպությունից փող է ճարվում, ստեղծվում է մի աշխատանքային խումբ, որը տարբեր նախարարների օրոք տարբեր է լինում, ամեն նախարար իր, այսպես ասած, մտերիմներին է ուզում այդ խմբում տեսնել։ Այդ խումբը գրում է մի բան, որը համակարգի մարդկանց դուր  չի գալիս։  Այսինքն նախարարության ներսում չկա ինստիտուցիոնալ միավոր, որը կկարողանա այդ գործն առաջ տանել, մշակել և  հաստատման ներկայացնել։  Դա է պատճառը, որ նախարարությունը հիմնականում զբաղվում է օպերատիվ հարցերով։ 

-Կարո՞ղ ենք ասել, որ այս տարվա ընթացքում նախարարության ձեռնարկած փոփոխությունները օպերատիվ բնույթ են կրել և պայմանավորված են եղել պահի անհրաժեշտությամբ։ 

-Մենք ինչ-որ մասերում փոփոխություններ ենք անում, բայց պարզ չէ, թե այդ մասերի փոփոխությունները գլոբալ  առումով որևէ բան փոխում են, թե ոչ։ Իհարկե, կա տեսակետ, որ ներկայում փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ միգուցե ռազմավարություններ պետք չէ ընդունել։ Բայց Հայաստանի նման երկրներում ռազմավարության կարիք կա։ Օրինակ, Շվեդիան  գուցե կարող է առանց ռազմավարության զարգանալ, քանի որ այն կայացած համակարգ ունի, բայց Հայաստանի նման երկիրը, որը դեռ կայացած հաակարգեր չունի, չի կարող։

-Պարոն Խաչատրյան, ընթացիկ տարում երեք նախարարությունների միավորմամբ ստեղծվեց ԿԳՄՍ-ն։ Մինչ խոշորացումը մտավախություն կար, որ նախարարությունն արդյունավետ չի գործի։ Ձեր կարծիքով՝ արդյոք արդարացված է  նախարարությունների խոշորացումը։

-Նախարարությունների  խոշորացումն, իհարկե, սխալ էր, որովհետև դա անխուսափելիորեն բերում է դանդաղության։ Մի հարցում կարող է օպերատիվության բերել։ Նախկինում, երբ կրթության նախարարությանը դահլիճ էր պետք լինում, ստիպված դիմում էր մշակույթի նախարարությանը։ Հիմա, քանի որ նույն նախարարության ենթակայության են, գործընթացը շատ ավելի արագ է կազմակերպվում։ Կամ արվեստի կրթության ոլորտում իրավիճակը ավելի թեթև է գնում, մշակութային և կրթական համատեղ ծրագրեր են իրականացվում։ Այս հարցերում խոշորացումը բերում է դրական փոփոխությունների։ Բայց մենք բոլորս էլ գիտենք, որ միջոցառումներ անելու խնդիր չունի Հայաստանը։ Ենթադրենք մի կրթամշակութային միջոցառում  է տեղի ունենում, դրանով համակարգը չի փոխվում։ Համակարգը փոխելու համար մեզ պետք է, որ մենք կենտրոնանանք որոշակի հարցերի վրա։ Մեզ պետք է նախարարություն, որը կզբաղվի միայն կրթության և գիտության հարցերով։ Եթե այդ նախարարը զբաղվեց ևս երկու-երեք այլ հարցերով, ժամանակ չի ունենալու, հազիվ հասցնելու է օպերատիվ հարցերով զբաղվել։

Այն, ինչ մենք ձեռք ենք բերում միավորման արդյունքում, բոլորովին հավասար չէ այն ամենին, ինչ մենք կորցնում ենք։ 

 

Կրթություն եվ գիտություն Սերոբ Խաչատրյան կրթության որակ բուհ դպրոց քոլեջ կրթություն Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրճատում է նկատվում․ Ռոուհանի
Ի պատասխան մամուլում և սոցիալական ցանցերում տարածված «Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության» վերաբերյալ տեսանյութի
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը
«Հակաճգնաժամային չկառավարում»․ կառավարման փորձագետը մատնացույց է անում իշխանության սխալները
Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են հաղթահարում կորոնավիրուսը․ գերմանացի բժիշկ
Ծեծկռտուք՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև. ահազանգ
Պուտինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման մասին
Չինաստանին կորոնավիրուսի երկրորդ ալիք չի սպառնում
Տեղի են ունենում աննորմալ երևույթներ. «Ալավերդցի Վահագնը» ազատ արձակվեց. Վարոսյան
Իտալիայի խորհրդարանում ցուցադրաբար ազատվել են Եվրամիության դրոշից
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ
Կորոնավիրուսով վարակված Նիդեռլանդների 101-ամյա բնակչուհին ապաքինվել է
Ռուս գիտնականները COVID-19- ը ոչնչացնելու միջոց են գտել․ «Известия»
Ոստիկանությունը հատուկ անցակետեր է տեղադրել. վերահսկաման աշխատանքներում ներգրավված է նաեւ ԱԱԾ–ն
՛՛Շիրակը՛՛ 150 համակարգիչ է նվիրել, որ երեխաները դասերին մասնակցեն
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք
Իբրահիմովիչը կհեռանա «Միլանից»
Առաջիկա երկու շաբաթները «շատ դժվար և ցավոտ» կլինեն ԱՄՆ-ի համար․ Թրամփ
Այսուհետ վարչական վարույթի մասնակիցները կկարողանան մասնակցել հանձնաժողովի նիստերին նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ
Նախագահի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր
Ստուգողական վարժանքներ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ
Մի շարք զորամիավորումներում անցկացվել են մասնագիտական և կրակային պատրաստության պարապմունքներ
Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ. Սուրեն Պարսյան
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի մոտ և Երևան-Սևան մայրուղու վրա գործում են հսկիչ անցակետեր
Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին. խոսնակ
Ավելին
Ավելին