Հայերեն   English   Русский  

​Մի արեք, պարզապես լռեք


  
դիտումներ: 2373

Այս շաբաթն անցավ Մանվել Գրիգորյանի տների նկուղներում ԱԱԾ-ի գործողությունների ռեպորտաժի հարուցած համապետական-համազգային հուզմունքի մթնոլորտում:

Զինվորների համար նախատեսված «տուշոնկաներն» ու «զգուշչոնկաները» հավանաբար դեռ երկար կհայտնվեն տնային տնտեսուհիների մղձավանջային երազներում՝ մղելով նրանց հռետորական ելույթների ֆեյսբուքյան էջերում: Սա բնական է, բնական է նույնիսկ Մանվել Գրիգորյանի բազմաթիվ մերձավորների «զարմանքն» ու «հիասթափությունը», որոնք լացակումած դեմքով փորձում են հավատացնել, թե իրենք տեղյակ չեն եղել այս խայտառակությանը, նույնիսկ չէին կարող երևակայել: Մարդկային է գուցե:

Բայց հնարավոր չէ հանդուրժել, երբ այս իրավիճակում անգամ քաղաքական գործիչներն են շարունակում անմեղ կեցվածքով կեղծել իրական փաստերն ու սուտ տարածել: Այ դա արդեն իրոք անտանելի է ու իրոք երկաթյա նյարդեր է պահանջում:

Խնդրեմ, բոլորս լսեցինք ու կարդացինք ընդդիմադիր-իշխանամետ գործընթացը դեռ չավարտած խորհրդարանական Արամ Զավենի Սարգսյանի մեկնաբանությունը, որում նա մասնավորապես պնդեց, որ «Մանվելի մեղքը պետք է նայվի այն համակարգի մեջ, որը մարդկանց դարձրեց այդպիսին»: Եվ «Մանվել» երևույթի առաջացման նախադրյալների ու իսկական կնքահայրերի հետ կապված փաստերը խնամքով թաքցնելով՝ այդ համակարգի սկիզբը բերեց հասցրեց Քոչարյանի վարչակարգի տարիները:

Տեսեք. «…Մինչև 99 թվականը ՄանվելԳրիգորյանը ոչ պատգամավոր էր, ոչ ջիպեր ուներ, ոչ անգամ Էջմիածնում տուն ուներ, ոչ էլ ԵԿՄ վարչության անդամ էր: Մանվել Գրիգորյանն այդ ժամանակ Հորադիզում էր՝ Երևան քաղաքից 200-300 կմ հեռավորության վրա, էնտեղ սահման էր պահում: Հոկտեմբերի 27-ից հետո էր, որ նա եկավ Երևան: Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանին գեներալ-լեյտենանտի կոչում տվեց և պաշտպանության փոխնախարարի պաշտոն, ինչի արդյունքում էլ ինձ ազատեց աշխատանքից՝ վարչապետի պաշտոնից, հետո հայտարարեց, որ փողի վրա նստած փող ենք ման գալիս, ու էդպես ամբողջ ազգը սկսեց փող ման գալ: Ես կարծում եմ, որ այդ գաղափարն էր, որ հիմք դրեց նյութապաշտության, և այդ գաղափարի տեր մարդիկ են, որ նյութական անհամեմատ ավելի մեծ միջոցներ են կուտակել ու ձեռք բերել, քան Մանվել Գրիգորյանը… Սրանք առաջին քայլերն են, և շատ լավ կլինի, որ շարունակվի մինչև վերջ» (https://www.facebook.com/newsamtv/videos/2061735980715623/)։

Այդ «մինչև վերջը», սակայն, հասնում է ոչ թե մինչև Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյանի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակարգը: Ամենևին մտադրություն չունենալով նվազեցնել Քոչարյանի ու Ս. Սարգսյանի մեղքը, քավ լիցի, պարտավոր ենք ասել, որ «Մանվել» երևույթի հիմքը դրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Լևոն Տեր-Պետրոսյան-Վազգեն Սարգսյան-Վանո Սիրադեղյան եռյակի մտահղացմամբ ու ջանքերով և մի նպատակով՝ որպես գործիք անօրինական իշխանությունը զենքով պահելու համար: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ընդամենը հաճույքով թե հարկադրված (հաշիվը մեկ է) ընդունել են այդ ժառանգությունը:

Ես կարող եմ համապատասխան հղումներով տասնյակ փաստեր մատնանշել, բայց դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ինձնից առաջ էլ շատ բարեխիղճ ու շատ ավելի լավատեղյակ անձինք են խոսել ու գրել այդ մասին, թեպետ կարծում եմ՝ լիարժեք, մանրակրկիտ վերլուծված ու հիմնավորված քաղաքական գնահատականը դեռ կարվի ապագայում: Պարզապես ներկայիս հուզական մթնոլորտին ներդաշնակ լինելու համար ընդամենը հղում կանեմ մի տեսանյութի, որը ժամանակին կնքվեց «Արշալույսգեյթ» անունով և ձեռքից ձեռք անցնելով՝ թերևս հանրությանն ավելի մեծ սթրես պատճառեց, քան այսօրվա «տուշոնկաներն» ու «զգուշչոնկաները»:

Հանաք բան չէր, երկրի առանցքային դեմքերը՝ ուժային կառույցների ղեկավարները և փաստացի երկրի ճակատագիրը որոշող անձինք՝ Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը, 1996 թ. ընտրություններից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 2-ին, երբ արդեն զորքեր էին մտցրել մայրաքաղաք (ընդգծեմ հատուկ՝ ոչ միայն ներքին զորքեր, ինչպես 2008-ին, այլև պաշտպանության զորքեր), ճնշել էին ընտրությունների արդյունքները կեղծելու և իշխանությունը բռնազավթելու հետևանքով բարձրացած համաժողովրդական ընդվզումն ու բանտերը լցրել ընդդիմադիրներով՝ ամենասահմռկեցուցիչ խոշտանգումների ենթարկելով նրանց, Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող տանը խնջույք էին անում, տոնում էին ժողովրդի դեմ տարած իրենց հաղթանակը՝ ամենայն անկեղծությամբ խոստովանելով, որ եթե պետք լիներ, մի 800 հոգի էլ կգնդակահարեին:

Չգիտեմ՝ պահպանվել է արդյոք այդ տեսաերիզը, թե ոչ, հույս ունեմ, որ պահպանվել է, և նրանք, ովքեր ունեն դա, կթվայնացնեն ու կներկայացնեն այսօրվա հանրությանը: Բարեբախտաբար պահպանվել են այդ տեսագրության սղագրության մի քանի հատվածներ, որոնք լույս են տեսել «Այժմ» թերթում և որոնք կից ներկայացնում եմ: Այն ժամանակ ներկայիս տեխնիկական ու ինտերնետային հնարավորությունները չկային, ուստի թերթի խմբագրությունը որոշեց հանրության ավելի լայն շրջաններին տեղյակ պահելու համար որոշ հատվածներ սղագրել ու տպագրել: (Ի դեպ, սղագրության ճշգրտությունը 100 տոկոսով երաշխավորում եմ, քանի որ ինքս եմ արել ամենայն բարեխղճությամբ:)

Այս տեսագրությունը բացառիկ է այն առումով, որ դրա դերակատարները մտքեր են արտահայտում ու խոստովանություններ անում ոչ թե խոսափողի առաջ կամ ինչ-ինչ ամբիոններից, այլ իրենք իրենց մեջ, բացարձակ անկեղծ, բաժակը ձեռքին: Ուստի ցանկալի է, որ Արամ Զավենի Սարգսյանն էլ, նրան լսող-հավատացողներն էլ ուշադիր կարդան ու տեսնեն, թե ինչ դերակատարություն է ունեցել Մանվել Գրիգորյանը Երևանում 1996 թ. սեպտեմբերի 26-ին (որ իբրև թե գտնվում էր Հորադիզում) և ում «ծնունդն» է առհասարակ «Մանվել» երևույթը:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանն էլ, նրա համախոհներն էլ երբեք չեն հրաժարվել իրենց «ծնած» ու փայփայած Մանվելից: Վկա 2008-ի ցույցերը, որոնց ժամանակ Տեր-Պետրոսյանը «Ման-վել, Ման-վել» էր վանկարկում այն նույն հարթակից, որտեղ կանգնած էր Արամ Զավենի Սարգսյանը: Այդ տեսագրությունը կա համացանցում, ինչպես որ կա նաև Վանո Սիրադեղյանի խոստովանությունը 1998 թ. հեռուստատեսային «Մարդու իրավունքը» հաղորդման մեջ:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի գեներալ-լեյտենանտի կոչումին, ապա պետք է ազնիվ լինել և նշել, որ գեներալական առաջին կոչումը՝ գեներալ-մայոր, նրան շնորհել է Լևոն Տեր-Պետրոսյանը հենց որպես հատուցում 1996 թ. նշված դեպքերի ժամանակ մատուցած ծառայության համար: Վերջապես, Մանվելի գեներալ-լեյտենանտ և պաշտպանության փոխնախարար դառնալու հարցում էլ առանցքային դեր է խաղացել հենց Արամ Զավենի Սարգսյանը, երբ հոկտեմբերի 27-ից հետո նստեց վարչապետի աթոռին: Ո՞վ է մոռացել, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո մոտ երկու ամիս Ռոբերտ Քոչարյանի աթոռը երերում էր, երկրում փաստացի անիշխանություն էր, վերևից ներքև Քոչարյանին իշխանությունից հեռացնելու տրամադրություններ էին, և այդ վիճակը կասեցրեց ու հետագայում նրա դիրքերն ամրապնդելուն նպաստեց Ա.Զ.Սարգսյանի վարչապետության պաշտոնը ստանձնելը: Այնպես որ Մանվել Գրիգորյանի գեներալ-լեյտենանտ և փոխնախարար դառնալը դրա հատուցումն էր կամ հակառակը գուցե, ինչպես կուզեք:

Այնպես որ, եթե ճշմարտությունն ընդունելու և առավել ևս այն ասելու քաջություն չկա, շնորհակալ գործ չէ սուտը ճշմարտության տեղ մատուցելը: Ավելի լավ է լռել:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: