Հայերեն   English   Русский  

Անձակենտրոնությունից` հասարակակենտրոնություն տանող Սահմանադրական բարեփոխումները տեղին են, ժամանակին և անհետաձգելի. ՀՀԿ պատգամավոր


  
դիտումներ: 1052

«Այսօրվա արագ փոփոխվող աշխարհը բոլոր պետություններին, այդ թվում` Հայաստանին ստիպում է պարբերաբար անդրադառնալ տարբեր հարցերի: Անհատական հարթության մեջ կարևոր է դառնում, որ մարդիկ վերաարժևորեն իրենց անցած ճանապարհը, հասարակությունը հասկանա` ինչ կետում է հանգրվանել, իսկ պետությունը, առավելևս` վերանայի իր ձեռքբերումներն ու հետագա անելիքները»,- Սահմանադրական բարեփոխումներն, դրա հետ կապված զարգացումներին անդրադառնալով` այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը:

Ըատ պատգամավորի` այն պետությունները, որ ձևակերպել են իրենց տեսլականն ու գործում են «իդեաների» հիման վրա, այլ կերպ ասած` իրենց առջև խնդիրներ են դնում, փորձում նվաճել հորիզոններ, դրանք հստակ ուղիով են ընթանում, իսկ որոնք ոչ` դեգերում են թիրախների նվաճման մեջ, հաճախ ենթարկվում նաև արտաքին մարտահրավերների:

ՀՀ Սահմանադրական ուղին վերհիշելով` Վահրամ Մկրտչյանը 1995թ.-ի Սահամանդրությունը բնորոշեց խիստ նախագահական, որը հանրապետությունում ավտորիտար ռեժիմի հիմք դրեց, մեր հասարակությունն էլ սկսեց ապրել անհատակենտրոն տրամաբանությամբ:

2005թ.-ին, ըստ նրա, կար անհրաժեշտություն վերանայելու անհատակենտրոն հասարակության մոդելը և, կարծես, քայլ կատարեցինք դեպի արդեն փոքր-ինչ հասարակակենտրոն հասարակություն: Սահմանադրական բարեփոխումները մեզ կիսանախագահական համակարգ տվեցին:

Պատգամավորի խոսքերով` սրանից տաս տարի անց արդեն առաջ եկան արտաքին մարտահրավերներ, ներքին խնդիրներ, որոնց լուծման համար օրակարգային հարց դարձավ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը:

«Սահմանադրական բարեփոխումները տեղին են, ժամանակին և անհետաձգելի և մենք պետք է անցնենք խորհրդարանական կառավարման համակարգի»,-այս կարծիքին է Վահրամ Մկրտչյանը:

Նրա կարծիքով` ընդդիմության կողմից բարձրացվող բոլոր հարցերը, այդ թվում` 12 կետերից մեկի համաձայն` 100% համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, պետք է լուծվի նոր Սահամնադրության համատեքստում, քանի որ այն, ըստ նրա, մեզ որակապես նոր` համագործակցային մտածողության վրա հիմնված հարթություն է բերելու. այս նոր հարթությունը բացառելու է նախկինում մեզանում գոյություն ունեցող և այսօր էլ որոշակիորեն դրսևորվող վայրի, մրցակցային և հակամարտ հարաբերությունները:

Վահրամ Մկրտչյանը համոզված է` եթե քաղաքական էլիտան համարծիք է պետական և հասարակական կարևոր նշանակության հարցերի շուրջ, ապա դրանք իրականություն են դառնում:

«Եթե դիտարկենք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր տեսակետը կասի փետրավար-մարտ ամիսներին, կարծում եմ, սա յուրօրինակ անտրակտ էր, որ հայ հասարակությունը կոնսոլիդանա և փորձի յուրացնել այս կարևոր քայլը: Սա նաև հորդոր էր ընդդիության այն հատվածին, որ դեմ է խորհրդարանական համակարգին, նորովի վերաարժևորել իրենց գործունեությունը` միանալով բարեփոխումներին:

«Եթե ընդդիմությունը չընդունի այս առաջադեմ առաջարկությունը, չկոնսոլիդանա այս խնդրի շուրջ, ես կորակեմ, որ նրանք չունեն քաղաքական ռազմավարություն: Եթե դեմ են մարդկանց, հասարակությանը ոչ թե անձակենտրոն, այլ հասարակակենտրոն հարաբերությունների տանող բարեփոխումներին, ապա կարող ենք ենթադրել, որ 20-րդ դարի ֆեոդալիզմի տրամաբանությամբ գործող ուժեր են, բդեշխներ, թագավորներ, արքայից- արքաներ և այլն»,-կոլեկտիվ, խմբային մտածողության աշխատանքը կարևորելով` նշեց պատգամավորը:

«Անկախի» հարցին` հիմնավորված չե՞ն այն փաստարկները, թե հետխորհրդային, անվտանգության խնդիրներ ունեցող երկրների և հատկապես Հայաստանի դեպքում պառլամենտարիզմը պետական անվտանգությունը սպառանալիքի տալ է դնում, պատգամավորը պատասխանեց, որ կա թյուր կարծիք, թե պառլամենտարիզմը իշխանության պատասխանատվության խնդիրը մի կողմ է թողնում: Սակայն պառլամենտարիզմը , ըստ նրա, մեկ `շատ կարևոր հարց է լուծում. քաղաքական ցանկացած ճգնաժամի դեպքում ճգնաժամը ոչ թե հասարակության մեջ է տարածվում, այլ միայն խորհրդարանում: Եթե խորհրդարանական մեծամասնությունը փոխվում է, ապա նոր խորհրդարանական մեծամասնությունը նոր վարչապետ է ընտրում: Պաշտոնական բոլոր ֆունկցիաները լուծողը դառնում է վարչապետը:

«Հիմա ԱԺ-ն է պատերազմ հայտարարում, և չկա այդ մտավախությունը, որ կոլեկտիվ պատասխանատվությունը կոլեկտիվ անպատասխանատվության կվերածվի»,-ասաց Վահրամ Մկրտչյանը:

Իսկ Աժ-ում վերջին տարում ընդունված օրինագծերին և իր, որպես պատգամավորի, գործունեության մասին խոսելով` նշեց.

«6ամիս է, ինչ պատգամավոր եմ: Չնայած 1994թ.-ից քաղաքականության մեջ եմ, բայց խորհրդարանի գործունեության նկատմամբ դա «հայացք էր դրսից»: Պատգամավորության անցնելով` «հայաքն արդեն ներսից է»:

Պատգամավորն իր համար բացահայտում է արել. հաճախ պատգամավորների` Էկրանից երևացող գործունեությունը իրականում` ԱԺ-ում իրենց կեցվածքի հետ կապ չունի: Ընդդիմադիր շատ գործիչներ, ըստ նրա, անգամ Կառավարությունից բերվող օրինագծերի մասին դրական են արտահայտվում: Սակայն մոտենալով ամբիոնին` հասարակության նեղ վիճակից օգտվելով` սկսում են հաճոյանալ, հակառակ դիրքերից խոսել:

Իսկ ընդհանուր առմամբ իր պատգամավորության ընթացքում ընդունված օրենքներից կարևորեց մի շարք` Շրջանառության հարկի մասին, ՏՏ ոլորտին արտոնություններ տալու մասին, Սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին բոլոր տիպի հարկերից ազատելու, բնակիչներին տրվող արտոնությունների մասին և շատ այլ օրենքներ:

Սա, ըստ նրա, նոր Կառավարության և վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական կամքի շնորհիվ էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: