Հայերեն   English   Русский  

Միգրանտների հոսքը դեպի Ռուսաստան կնվազի. Ռուբեն Եգանյան


  
դիտումներ: 1951

«ԵՏՄ-ին միանալու դեպքում մեր միգրանտների վիճակը կբարելավվի, բայց դա աննշան բարելավում կլինի», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Այս շրջանում սեզոնային աշխատանքի մեկնածները սովորաբար վերադառնում են: «Նրանց քանակը ավելի պակաս է, քանի որ այս տարի Ռուսաստանը շատերի մուտքը արգելափակել էր: Նոր իրավիճակում տրամաբանությունը հուշում է, որ միգրացիոն հոսքերը կպակասեն», - նշեց Եգանյանը:

Միգրանտների մեծ մասը զբաղվում է շինարարական աշխատանքներով: Եգանյանի խոսքով` Ռուսաստանում դրանց ուղղված գումարները հավանաբար կկրճատվեն տնտեսական նոր վիճակի պատճառով: Աշխատանքի առաջարկը կփոքրանա, միգրանտների կարիքը կպակասի:

«Միգրացիոն հոսքերը կպակասեն: Սակայն ներքին առաջարկ էլ չկա: Բայց այդ մարդիկ այլընտրանք չունեն, եթե մնան, սոված կլինեն: Ներգաղթյալների հոսք չի լինի դեպի Եվրոպա, քանի որ Եվրոպան թույլ չի տա այնտեղ գնալ, այն էլ` աշխատելու նպատակով: Գուցե սեզոնային արտագաղթողները գնան Ղազախստան: Դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքը միանշանակ կնվազի», - ասաց Ռուբեն Եգանյանը:

Հոգեբան Ռուբեն Աղզումցյանը իր հերթին նշեց, որ միգրացիան հայի հոգեբանության մասն է կազմում. «Հայերը միշտ դուրս են նայել: Սա կապված չէ տնտեսական իրավիճակի հետ, այլ հոգեբանություն է: ժամանակակից Հայաստանում աշխատելու տեղ շատ կա: Պարզապես տարեց մարդիկ նոր մասնագիտություններ ձեռքբերել չեն ուզում, չեն ուզում փոխել իրենց աշխատատեղը: Միգրացիան շատ հաճախ դրական դեր է ունեցել, սրան չպետք է որպես ողբերգություն վերաբերվել»:

Ըստ հոգեբանի` այս մտածելակերպը շատ դժվար է փոխել: «Մտածելակերպը արագ փոխել հնարավոր չէ: Սա պահանջում է երկար ժամանակ: Դա սերունդների փոփոխության հարց է: Դրա համար պայմաններ ստեղծելու համար նախ պետք է մեր իրավունքներն իմանանք: Մենք ինքներս դեռ մեր իրավունքներն անգամ չգիտենք: Մինչև այդ խնդիրը չլուծվի, կողքից ինչ էլ անենք, ոչիչնչ չի փոխվի», - ասաց Ռուբեն Աղզումցյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: