Հայերեն   English   Русский  

Կյանքը մահվան հերթն է, իսկ հիմարները առանց հերթի են խցկվում


  
դիտումներ: 2004

Յուրաքանչյուր մարդու կյանքը բացառիկ է, յուրահատուկ, հրաշալի մի գլուխգործոց, ամեն մի մարդու կյանքից մի հիանալի գիրք, ֆիլմ կստացվի, միգուցե արկածային, միգուցե դրամատիկ, հնարավոր է կատակերգություն կամ էլ ողբերգություն:

Հասկանալու համար թե ով կամ ինչ կլինեմ ես 20 տարի անց պետք է հավաքել մտքերը, բայց վախենամ մտքերից և ոչ մեկը հավաքին չգա…ժամանակ, ինձ եւ իմ մտքերին ժամանակ է պետք...Անսահման հանգստությամբ սկսում ես սպասել հենց այդ ժամանակին, երբ սպասելու բան էլ չկա: Ժամանակը կգա, կանցնի միգուցե, իսկ մենք…մենք դեռ կսպասենք նրան, մտածելով, որ երջանկությունը կամ հաջողությունը կգա վաղը, կամ 2 օրից, կամ 4 տարի հետո: Ես չեմ էլ փորձում երջանիկ լինել` նախընտրում եմ պարզապես ապրել…իմ կյանքի 20 տարին արդեն անցել է, 20 տարի հետո երեւի ոչինչ չփոխվի, նորից կլինեն դժվարություններ, սուտ, սեր, կլինի արեւ, չար ու խելառ մարդիկ, անքուն գիշերներ, երազանքներ, դավաճանություն, հաջողություն, լռություն, միայնություն, գունավոր օրեր…մի խոսքով…եւ ես հանդուրժելով կրկին կապրեմ…այսօր մենք հանդուրժում ենք այն, ինչ չպիտի հանդուրժենք, ու «պայթում» ենք այնտեղ, որտեղ պետք էր պարզապես ժպտալ ու անցնել առաջ...Փորձում ենք լինել կատարյալ...

Ինչպիսին եմ ես 20 տարի անց, միգուցե մեռնեմ 3 օրից, կամ 10 տարի հետո ծնվեմ նորից ու չուզենամ մեռնել….կլինեմ երեւի գործունյա, ինքնագոհ, կամ փալաս, դռնեդուռ ընկնող, չէ երեւի տնային տնտեսուհի, զանազան ճաշեր պատրաստող, կամ գող, բանտերից մեկում, կամ դերասանուհի ֆիլմերից մեկում, կամ էլ պարզապես ես մայր կլինեմ, ամուսնուս սերը կվայելեմ, միգուցե դառնամ մարդասպան կամ դայակ բարի, լինեմ հավաքարար, կամ էլ լրագրող շատ խելացի….չգիտեմ, ես չգիտեմ ով կամ ինչ կլինեմ…միայն թե այսօր ես օրս լիարժեք կապրեմ, կնկատեմ քամու տաքությունը, աղմուկը մեքենաների, կհամտեսեմ շոկոլադով քաղցր պաղպաղակը, կբամբասեմ, կլացեմ, կապրեմ իմ օրը:

Կյանքն այնքան հետաքրքիր է, այնքան դիտարժան ու անկանխատեսելի: Փորձեք ձեր կյանքի ամեն մի փուլում նոր բաներ սովորել: Կյանքը նաև բարձունք է, կհասնես գագաթին, թե ոչ կախված է միայն քեզանից: 20 տարի անց էլ սովորեք կյանքում ուրախանալ հասարակ բաներով, այդպես կյանքն ավելի ուրախ է: Կյանքը մահվան հերթն է, իսկ հիմարները առանց հերթի են խցկվում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: