Հայերեն   English   Русский  

ՊԵԿ ներկայացուցիչները մտահոգվելու տեղ ունեն


  
դիտումներ: 1245

Եկող տարվա բյուջեի նախագիծը, պարզվեց, ՀՀ տնտեսության համար իսկական սթրես-թեստ է լինելու: Ինչպես հիշում ենք, Աժ-ին 2014-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը հրաժարվում է հարկային պրեսինգից


և 2014-ի ընթացքում հարկային վարչարարության խստացում ու հարկային բեռի ավելացում չի նախատեսում: «2013 թ. հարկային վարչարարությունը խստացել է, և դա բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողել»,- նշել էր վարչապետը:

Առհասարակ երկրների բյուջեների եկամուտներն ապահովվում են երկու ճանապարհով` հարկերի միջոցով և տնտեսական գործունեությամբ: Առաջին տարբերակը պարզ է. պետությունը հարկեր, տուրքեր, վճարներ, մաքսեր է հավաքում: Իսկ երկրորդ դեպքում պետությունն ինքն է տնտեսական նախաձեռնություններով հանդես գալիս, օրինակ` գործարան է կառուցում ու շահագործում կամ պետական ընկերություններ է հիմնադրում ու աշխատացնում ու դրանցից ստացված եկամուտներն օգտագործում է իր կարիքները հոգալու համար:

Անկախացումից հետո Հայաստանն ազատականացրեց իր տնտեսությունը և աստիճանաբար պետական հիմնարկ-ձեռնարկությունները, արտադրությունը, հողը հանձնեց մասնավոր հատվածին ու սկսեց հարկեր հավաքելով` բյուջեն կազմավորել: ՀՀ պետբյուջեի մուտքերն այժմ հիմնականում ձևավորվում են հարկերից, տուրքերից ու վճարներից: Այսինքն` որքան շատ հարկեր հավաքվեն, այնքան բյուջեն մեծ կլինի, պետությունը շատ փող կունենա ու ավելի շատ ու մեծ ծրագրեր կկարողանա իրականացնել: Մի խոսքով, հարուստ կլինի: Որպեսզի այդ հարկեր-տուրքերի հավաքումը նորմալ ընթանա, առանց խնդիրների, տվյալ պետությանը ծառայի և դեռ շատանա, երկու պայման է պետք` տնտեսական աճ և հարկային վարչարարության անընդհատ կատարելագործում: Առաջին դեպքում տնտեսությունը զարգանում ու հզորանում է, ավելի մեծ շրջանառություն է սկսում ունենալ, հետևաբար նաև ավելի շատ հարկեր է մուծում: Իսկ երկրորդ դեպքում հարկային վարչարարության գործիքներով հարկահավաքման գործընթացն այնպես է կազմակերպվում, որ տնտեսվարողները չկարողանան թաքցնել իրենց տնտեսությունների իրական վիճակն ու ավելի քիչ հարկեր չմուծեն, քան պահանջվում է: Կամ ստվերային տնտեսություն չվարեն: Դրա համար պետությունն անընդհատ նոր գործիքներ է օգտագործում, նոր միջոցներ ձեռնարկում ու միջոցառումներ է իրականացնում, որպեսզի տնտեսվարողները չհասցնեն նախորդ գործիքի թերություններն ու բացերը յուրացնել ու քիչ հարկեր տալ: Դա կոչվում է պայքար ստվերային տնտեսության դեմ:

ՄարտահրավերՊԵԿ-ին

Հենց այստեղ առաջանում են հիմնական հարցերը: ՊԵԿ-ում 2014 թ. բյուջեն ռիսկային են համարում, քանի որ դեռևս լուրջ մարտահրավերներ կան հենց հարկերի ճիշտ հավաքման առումով. հարկային արտոնությունները, որոնք տրվում են ՓՄՁ-ին, պարզվում է` դուր չեն գալիս խոշորներին: Նրանք անմիջապես փորձում են փոխել տնտեսվարողի կարգավիճակը: Արմեն Ալավերդյանն այդ առնչությամբ էր ԱԺ-ում ասում. «Մենք հիմա կիրառում ենք վարչարարության նախկին գործիքները: Եթե մեկ օր, մեկ ժամ վարչարարությունը թուլանա և դա զգա խոշոր հարկատուն, միանգամից եկամուտների ու հարկերի թերհայտարարագրում է լինելու, որովհետև շուկան փոքր է, իսկ մրցակցությունը` մեծ: Խոշոր հարկատուներն անպայման պետք է զգան վարչարարության շունչը»:

Բայց փաստն այն է, որ 2014 թ. հարկային վարչարարության փոփոխություն չի լինելու, տնտեսվարողներն աշխատելու են խաղի նախկին կանոններով թեպետ նախատեսվում է ևս 100 մլրդ դրամով ավելացնել հավաքվող հարկերի ծավալը: Կրկնում ենք, դա կարող է կատարվել երկու եղանակով` տնտեսական աճի և ստվերի կրճատման: Սակայն ստվերի կրճատման համար նոր գործիքներ նախատեսված չեն:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այս առումով նշում է, որ տարիների ընթացքում փորձ է արվել բարձրացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը, որը ստվերի տոկոսն է:

«Վաղուց միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում իրականացնում էինք հարկեր -ՀՆԱ հարաբերակցության աճ 0.3-0.4 տոկոսի չափով, իսկ դա այլ բան չի նշանակում, քան ստվերի տոկոսը. վերջին տարիներին մենք իջեցնում էինք ստվերի մակարդակը: Վերջին 1-2 տարվա ընթացքում այդ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճը չափազանց բարձր մակարդակի է, և այս տարվա ավարտին մենք կունենանք 23.1-23.6 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն: Եվ այս իրողությունը մեզ ստիպել է հաջորդ տարի այն 0.3-0.4 տոկոսի աճը չպլանավորել»,- նշում է Գագիկ Մինասյանը

Այսինքն` եկող տարի տնտեսական զարգացման տեսանկյունից շատ ավելի լավ պայմաններ պետք է լինեն և այդ 100 մլրդ դրամով հարկային եկամուտների աճը պայմանավորված է լինելու դեֆլյատորի և տնտեսական աճի մակարդակներով:

«Մենք ասում ենք, որ տնտեսական աճ ենք ապահովելու և բյուջետային եկամուտներն ապահովելու ենք հիմնականում տնտեսական աճի հաշվին: Պարոն Ալավերդյանն այն միտքը հայտնեց, որ եթե տնտեսական աճ չապահովվի, ապա նշանակում է, որ և՛ հարկ վճարողները, և՛ հարկային մարմինները հայտնվելու են շատ վատ վիճակում»,- լրագրողներին ասել է ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Ըստ Միրումյանի` եթե տնտեսական աճի հաշվին չապահովվեն եկամուտները, նշանակում է ճնշում կլինի հարկ վճարողների` բիզնեսի նկատմամբ: Այսինքն` եթե տնտեսական աճի դանդաղում կա, նշանակում է հարկային մարմինները պետք է շատ ավելի ջանքեր գործադրեն, որպեսզի ստվերից շատ ավելի մեծ գումարներ դուրս հանեն:

Ուրեմն հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ է այդքան մտահոգված ՊԵԿ-ը: Հիշեցնենք` նախորդ տարի կառավարության կանխատեսումները տնտեսական աճի մասով չիրականացան: Բյուջեն ԱԺ-ին ներկայացնելու ժամանակ Տիգրան Սարգսյանը դա բացատրում էր գազի ու էլեկտրաէներգիայի թանկացմամբ, շինարարության ոլորտի անկմամբ` պայմանավորված արտաքին ներդրումների նվազեցմամբ:

Եվ ՊԵԿ-ն այս առումով մտահոգվելու տեղ ունի: Որովհետև ՊԵԿ-ում քաջ գիտակցում են, որ ճիշտ ու վստահելի կանխատեսումներ անելու համար հարկավոր են ճիշտ տվյալներ` ճիշտ վիճակագրություն: Քանի որ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչպես է մեր երկրում վարվում վիճակագրությունը և ինչպես են «ծնվում» թվերը, ապա հարց է առաջանում, թե ինչպես է ապահովվելու տնտեսական աճը և ապահովվելո՞ւ է արդյոք…

Ինչպես երևում է, եկող տարվա պետբյուջեն հարկային եկամուտների հավաքման առումով իսկական սթրես-թեստ է դառնում կառավարության համար, քանի որ եթե կառավարության կողմից ներկայացված բոլոր թվերը «նկարված» լինեն, ապա տնտեսական աճը, եթե լինի էլ, ապա չի լինի այն մակարդակի, որ նախանշված գործընթացներն ամբողջությամբ կյանքի կոչվեն, հարկային վարչարարության նոր գործիքներ էլ չկան, որ ստվերի հաշվին հարկային եկամուտների ավելացման նախանշված թիվն ապահովվի, ու այդ դեպքում թե՛ ՊԵԿ-ը, թե՛ կառավարությունը հայտնվելու են, իրոք, վատ վիճակում:

Գևորգ Ավչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: