Հայերեն   English   Русский  

Ինչո՞ւ բիզնեսը լավ չի զարգանում


  
դիտումներ: 1675

Նոյեմբերի 1-ից Հայաստանի հարկատուների մի մեծ խումբ ստիպված է լինելու ներդնել նոր ՀԴՄ-ներ: Խոսքը 369 600 դրամով վաճառվող ՀԴՄ-ների մասին է, որ կառավարությունը , նոր բեռի տեսքով, դրեց հայաստանյան տնտեսվարողների ուսերին:

Այս տարվա սեպտեմբերի 5-ին կառավարության կայացրած 968-Ն որոշման համաձայն` նոյեմբերի 1-ից նոր ՀԴՄ-ով պետք է աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատող, ըստ էության, բոլոր տնտեսվարողները, ինչպես նաև այն ներկրողները, որոնց շրջանառությունն ամսական միջինը 10 մլն դրամ է: Հուլիսի 1-ից, երբ այդ ՀԴՄ-ները նոր էին ներդրվում, կառավարությունը խոստանում էր, որ խոշոր տնտեսվարողները դրանք կգնեն 369 600 դրամով, փոքրերը` ավելի Էժան: Բայց կա՛մ փոքր տնտեսվարող «չկա» Հայաստանում, կա՛մ կառավարությունը նրանց վրա «թքած ունի», քանի որ փոքր տնտեսվարողները, որոնց թիվը հասնում Է 4000-ի, ՀԴՄ-ն ձեռք են բերում նույն 369 600 դրամով:

«Որովհետև սև ոչխարներն իմն են»: «Իսկ սպիտակնե՞րը»: «Սպիտակներն էլ են իմը»

Դեռևս անցյալ տարի ընդունված օրենքի համաձայն` հայաստանցի տնտեսվարողների վրա պարտավորություն էր դրվել մինչև 2014-ի հունիսի 1-ը ձեռք բերել նոր տիպի բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենաներ: Դրանք ապահովված են ինտերնետ կապով և տնտեսվարողի գործունեության մասին տեղեկատվություն են փոխանցելու ՊԵԿ տեղեկատվական կենտրոն: Նոր ՀԴՄ-ներ պետք է տեղադրեին նախ` խոշոր հարկատուները, ապա` միջին (500 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ստացող) և մանր:

Արդեն այս տարվա հունիսի 27-ին ընդունած որոշմամբ կառավարությունը սահմանել է 500 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ստացող ընկերությունների համար բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառքի առավելագույն գինը` 369 600 դրամ:

Ընդ որում, կառավարության որոշման համաձայն, 500 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների ձեռք բերած ՀԴՄ-ներից ստացված շահույթը պետք է ուղղվեր այլ հարկ վճարողների (500 միլիոնից ցածր իրացում ունեցող տնտեսվարողների) կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ների արժեքի մասնակի փոխհատուցմանը:

Պարզ ասած` ավելի խոշոր հարկատուները պետք է օգնեին ավելի փոքր հարկատուներին ավելի էժան գնով ձեռք բերելու նոր ՀԴՄ-ները:

ՀԴՄ-ների վաճառքն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր «Հսկիչ դրամարկղային մեքենենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը:

ՀԴՄ-ների ձեռքբերման համար մրցույթ չի հայտարարվել, ու ոչ ոք չի կարող վստահ ասել, որ գնման համար առաջարկվել է նվազագույն գին: Այս առումով «Հետք» պարբերականին տված պարզաբանման մեջ ՊԵԿ-ը նշել է. «Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2005 թ. հունիսի 1-ի «Հuկիչ դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար oգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաuտատելու մաuին» N 946-Ն որոշմամբ սահմանված ծրագրային ապահովվածության բարձր պահանջները և այն, որ նման պահանջներին բավարարող հսկիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերումը հնարավոր չէր օրենքով սահմանված ժամկետում իրականացնել մրցութային կարգով, այդ մեքենաների գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Բանակցային ընթացակարգ` առանց հայտարարության» գնման ձևով, որի դեպքում մրցույթի հայտարարում օրենքը չի նախատեսում»:

Այդ պատասխանի մեջ նշում կա նաև, որ նոր ՀԴՄ-ների ինքնարժեքը, որը ներառում է ՀԴՄ-ի ձեռքբերման, ծրագրային ապահովման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի պահպանման տարեկան ծախսերը, կազմում է 203 հազար դրամ: Սակայն ներկայումս խոշոր բիզնեսին այն վաճառվում է ավելի բարձր գնով, որպեսզի հասույթի մի մասն ուղղվի մինչև 2015 թ. հունվարի 1-ը ՓՄՁ սուբյեկտների կողմից ձեռքբերվելիք ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցմանը:

Նոր ՀԴՄ-ների կիրառման հետ կապված ծրագրային ապահովման մշակումն իրականացվում է «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջոցով, սպասարկումը պետք է իրականացնեն նույն «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ընտրված 4 կազմակերպություններ:

«Առաջին անգամ ներդրվող» ծանր բեռ` տնտեսվարողների համար

Սեպտեմբերի 23-ին` ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց տվեց, թե ինչով է պայմանավորված Հայաստանում շրջանառության մեջ դրված նոր հսկիչ դրամարկղային մեքենաների բարձր արժեքը, մեքենաներ ներմուծող ՊՈԱԿ-ը որտեղի՞ց է դրանք ներմուծում, և ինչո՞ւ թույլ չի տրվում ներկրել նաև սովորական քաղաքացիներին:

«Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է ներդրվում մեկ միասնական համակարգ: Հսկիչ դրամարկղերի միջոցով միասնական բազա է ստեղծվում, և առաջին փուլում մեքենաների համար ավելի բարձր գին է սահմանված, քան նախկինների համար, քանի որ սրանք բազմաֆունկցիոնալ են, իսկ նախկինները նման հնարավորություն չունեին»,- պատասխանեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշեց, որ այդ հսկիչ մեքենաներով հնարավոր է կապ հաստատել կենտրոնական սերվերի հետ, բացի այդ, դա նաև տնտեսվարող սուբյեկտի համար նոր լրացուցիչ ծառայություններ է նշանակում: Նրանք կարողանում են հաշվարկները ծրագրային ձևով իրականացնել, սարքերը նաև հզոր հիշողություն ունեն: Մի խոսքով, ինչպես բառացի նշեց վարչապետը` «սա շատ առաջադիմական համակարգ է»:

Իսկ թե ինչու է առաջին փուլում այսքան թանկ, վարչապետն ասաց, որ այդ փուլում հիմնական սպառողը խոշոր ձեռնարկություններն են: Վարչապետը նաև նշեց, որ հաշվիչ մեքենաներ ներկրել կարող են նաև այլ ընկերություններ, սակայն իրենց կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում:

Զրուցեցինք մի քանի տնտեսվարողների հետ, որոնք չեն ցանկանում` իրենց անունները նշվեն ՊԵԿ-ի հետ խնդիրներից խուսափելու համար: Բոլորի մտահոգությունները գրեթե նույնն են, իսկ առաջինը հենց այն է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը բոլոր տնտեսվարողներին, անկախ շրջանառության ծավալներից, պարտադրում է ՀԴՄ-ներ ձեռք բերել միևնույն` 369 հազար դրամով: Բացի այդ, ինչպես նշում էին բոլոր զրուցակիցները, իրենց պարտադրվում է, որ նոր ՀԴՄ-ները ձեռք բերվեն անպայման ՊՈԱԿ-ից: Իհարկե, ոչ ուղղակիորեն: Բայց երևույթը նույնն է, քանի որ կառավարության որոշումը թույլ չի տալիս առանձին տնտեսվարողների ՀԴՄ-ները այլընտրանքային գներով ձեռք բերել, քանի որ, եթե համապատասխան օրենքում նշված են բազմաֆունկցիոնալ սարքերի չափորոշիչները, ապա կառավարության հիշյալ որոշումն արդեն սահմանել է դրանց մոդելը`«ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության արտադրած` MS-2351 մակնիշի:

Տնտեսվարողներից Վ.Գ-ն պատմեց, որ դեռևս անցյալ տարի էր ձեռք բերել 100 հազար դրամ արժողությամբ 4 ՀԴՄ, ու այս տարի իրեն պարտադրում են նոր` 4 անգամ ավելի թանկ ՀԴՄ-ներ գնել:

«Ուզենք-չուզենք` պիտի գնենք, բայց մենակ արժեքը չի: Դրան գումարվում են նաև սպասարկման ծախսերը, ինտերնետի գինը և այլն: Ու այնպես է ստացվել, որ սպասարկումն էլ են իրենք անում, ասում են, թե ով պետք է սպասարկումն իրականացնի, թե եղած ամենանորմալ ինտերնետ կապն էլ, գիտենք, թե ումն է: Ու եթե սպասարկման գումարն էլ չմուծենք, ուղղակի չեն թողնի, որ ՀԴՄ-ն օգտագործենք, այսինքն` առևտուր էլ չենք կարող անել»,- նշեց Վ.Գ.-ն:

Մեկ այլ տնտեսվարողի` Ա.Ա-ի ներկայացմամբ էլ, ընդամենը նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի իր միջին բիզնեսի ընդհանուր շրջանառությունը նվազել է մոտ 2.5-3 անգամ: Բնականաբար` նաև եկամուտները. «Անցյալ տարի այս սեզոնին արդեն մոտ 240-250 տոննա թիթեղ էի իրացրել: Երեկ հաշվեցինք ու տեսանք, որ այս տարի ընդամենը մոտ 105 տոննա ենք կարողացել իրացնել: Եկամուտները, բնականաբար, պակասում են, ու ես արդեն ֆինանսական խնդիրներ ունեմ նոր ՀԴՄ-ների ձեռքբերման հարցում»,- նշեց նա:

Ստացվում է, որ այսպիսով կառավարության հերթական մենաշնորհն է սահմանվել, այս անգամ` պետական ոչ առևտրային կազմակերպության համար, որը պարտադրելու է շուրջ 60 հազար տնտեսվարողների` միևնույն տեղից ու նույն 369 600 դրամ գնով ձեռք բերել միևնույն ապրանքը: Իսկ այդ բացը բիզնեսի ներկայացուցիչները ծածկելու են, բնականաբար, սպառողների հաշվին` գների բարձրացմամբ:

Հ.Գ.

Նյութը պատրաստ էր տպագրության, երբ խմբագրությունը կառավարությունից տեղեկացավ, որ վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառել ,նոր սերնդիե ՀԴՄ-ների ներդրման ժամկետի երկարաձգման հարցը:

Գևորգ Ավչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: