Հայերեն   English   Русский  

Պարզվում է` հեռու գործընկերն ավելի լավ է, քան մոտ դաշնակիցը


  
դիտումներ: 1292

Մաքսային միություն-Եվրամիություն երկընտրանքը, որքան էլ պարզ է ու հասկանալի Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների, ազգաբնակչության ակտիվ զանգվածի համար, այնուամենայնիվ շատ հարցեր է առաջացրել:


Օրինակ` բազմաթիվ մարդիկ այդպես էլ չեն հասկանում` Մաքսային միություն մտնելն ի՞նչ գնային փոփոխություններ կբերի Հայաստանի ներքին շուկայում: Մարդիկ ելույթ են ունենում ու վստահեցնում, որ Ռուսաստանի հետ ապրանքների շրջանառությունը կմեծանա, որ Հայաստանում ռուսական ներդրումները կշատանան և այլն: Բայց ինչքա՞ն են եղել, որ դեռ կշատանան: Նման հարցերը շատ են: Ու եթե դժվար է այսօր վստահաբար ասել, թե ինչպես կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա Մաքսային միություն մտնելու ընտրությունն ընդհանրապես, գոնե որոշ համեմատություններ հնարավոր է կատարել:

Ովքեր են Հայաստանի հետ ավելի շատ առևտուր արել

Հավանաբար պետք է հաշվի առնել և՛ Մաքսային միությունից ներմուծվող ապրանքների հնարավոր էժանացումը, և՛ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների հնարավոր թանկացումը: Բայց Հայաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի ու ԱՊՀ այլ երկրների միջև դեռևս 1993 թվականից գործում են զրոյական մաքսատուրքեր: Այնպես որ այս առումով որևէ բան չի փոխվելու: Սակայն շատ փորձագետներ պնդում են, որ մուտքը Մաքսային միություն կհանգեցնի էժանացման: Այս հարցի վերաբերյալ օրերս ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հարցազրույց է տվել «Ժամանակ» օրաթերթին ու նշել, որ Մաքսային միության շրջանակներում ներքին առևտրային ռեժիմների փոփոխություն չի լինելու, միակ բանը, որ կարող է հանգեցնել էժանացման, էներգակիրների գնագոյացման խնդիրն է, որը, սակայն, այսօր գործող Մաքսային միության շրջանակներում դեռևս լուծված չէ: Ըստ տնտեսագետի` ավելի սպասելի են թանկացումներ, քանի որ Մաքսային միության անդամ երկրներին, այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով, բաժին է ընկնում մեր արտաքին առևտրաշրջանառության միայն 28 տոկոսը:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքված օպերատիվ տվյալների (բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որի աղբյուրը հանդիսանում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և էներգետիկ կազմակերպությունները, քանզի էներգակիրների վերաբերյալ բեռնամաքսային հայտարարագրերի լրացման ժամկետները կարող են չհամընկնել արտահանման և ներմուծման փաստացի ժամկետներին)` ՀՀ արտաքին առևտուրը 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1 տրլն 313.4 մլրդ դրամ կամ 3 մլրդ 189.9 մլն դոլար, առևտրի բացասական հաշվեկշիռը եղել է -633.6 մլրդ դրամ, այսինքն` ներմուծումը գերազանցել է արտահանմանը:

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության և առևտրի հաշվեկշռի ցուցանիշները, ըստ առանձին երկրների, 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 3 189 839.0 հազար դոլար, որից` ԱՊՀ երկրների հետ` 895 460.2 հազար դոլար, իսկ ԵՄ երկրների հետ` 930 756.5 հազար դոլար: Ընդ որում, Ռուսաստանի հետ արտաքին առևտրաշրջանառության և առևտրի հաշվեկշռի ցուցանիշը կազմել է 709 502.9 հազար դոլար, Բելառուսի ցուցանիշը` 29 119.7 և Ղազախստանի ցուցանիշը` 3 710.6 հազար դոլար: Այսինքն` ակնհայտ է, որ 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին, ինչպես նաև նախորդ տարիներին, Հայաստանի Հանրապետությունն ավելի շատ առևտուր է արել Եվրամիության, ոչ թե Ռուսաստանի կամ ԱՊՀ երկրների հետ:

Փաստորեն, արտաքին առևտրի առկա կառուցվածքի պայմաններում, երբ մեր երկրի հիմնական գործընկերները հանդիսանում են ԵՄ երկրները, մաքսային նոր ռեժիմների կիրառումը նախևառաջ կհանգեցնի թանկացումների: Գազի գնի իջեցման սպասումները նույնպես իրատեսական չեն: Հայաստանն արդեն շահեկան վիճակում է ԵՄ երկրների համեմատ: Եթե մենք գազ ստանում ենք 270 դոլարով, ԵՄ երկրի համար գինը 400-ից ավելի է: Այստեղ նույնպես էժանացումը զգալի լինել չի կարող, եթե, իհարկե, Ռուսաստանը չհանի գազի արտահանման հարկը, ինչի լավագույն պատասխանը կարող է լինել ՄՄ-ի մեկ այլ անդամի` Բելառուսի դժգոհությունն այս հարցում:

Ովքեր են ավելի շատ ներդրումներ կատարել Հայաստանում

Բացի նրանից, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում մենք կկորցնենք տարիների ընթացքում ձևավորված արտաքին առևտրի առկա կառուցվածքը, ազատ առևտրի առկա ռեժիմները կփոխարինվեն ՄՄ առևտրային ռեժիմներով: Ահա առաջանում են նաև ներդրումների հետ կապված հարցեր: Բազմաթիվ հայ տնտեսագետներ, վերլուծաբաններ ու փորձագետներ կանխատեսումներ են անում, թե Հայաստանի տնտեսության մեջ միանգամից ինչքան են ավելանալու Ռուսաստանի ու Մաքսային միության ներդրումները, ու թե դրանք ինչպիսի «հրաշք» են գործելու մեր տնտեսության զարգացման առումով:

Հետևաբար, հիմա էլ նայենք` օտարերկրյա ներդրումների մասով Հայաստանում Մաքսային միության անդամ երկրնե՞րն են ավելի շատ ներդրումներ արել, թե՞ Եվրամիության:

Այսպիսով` 2013 թ. հունվար-հուլիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 293.1 մլն դոլար: Ընդ որում, ՌԴ ներդրումները 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել են 38 մլն 422.6 հազար դոլար, որից ուղղակի ներդրումներ` 32 մլն 816.6 հազար դոլար: ՄՄ անդամ մյուս երկրների կատարած ներդրումների մասին, եթե իհարկե այդպիսիք կան, առանձին տվյալներ հրապարակված չեն: Սա այն դեպքում, երբ ԵՄ անդամ երկրներից միայն Ֆրանսիան ընդհանուր 28 մլն 921.4 հազար դոլարի ներդրումներ է կատարել, որից ուղղակի ներդրումները եղել են 28 մլն 921.4 հազար դոլարի: Գերմանիան 12 մլն 408.2 հազար դոլարի ընդհանուր ներդրումներ է կատարել, բոլորն էլ եղել են ուղղակի ներդրումներ: Այսինքն` միայն Գերմանիան ու Ֆրանսիան միասին ավելի շատ ներդրումներ են արել, քան ՄՄ անդամ երկրները միասին:

Մի հարց էլ կա. մինչև հիմա ի՞նչն էր խանգարում Ռուսաստանին Հայաստանում ավելի շատ ներդրումներ կատարել, ի՞նչն է փոխվել, որ ռազմավարական դաշնակիցը միանգամից սկսի աստղաբաշխական ներդրումներ անել մեր տնտեսության մեջ: Վերջապես, վերը բերված թվերն էլ, մեղմ ասած, չեն կարող համոզել, որ ռուսական ներդրումներ են համարվում նաև «գույք պարտքի դիմաց» ծրագրով ռուսական վերահսկողության տակ անցած հայկական հիմնարկ-ձեռնարկությունները ևս…

Ու արժե երկար մտածել` արդյոք Ռուսաստանի հետ առանց այն էլ ջերմ հարաբերություններն ավելի ջերմացնե՞լն էր տնտեսապես ձեռնտու, ինչը փորձում են մեզ համոզել վերջին մեկ ամսվա ընթացքում, թե՞ ԵՄ-ի հետ:

Գևորգ Ավչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: