Հայերեն   English   Русский  

​Ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան


Ամենամեծ առավելություններիցս մեկն իմ թուլությունն է ազգային փոքրամասնությունների հանդեպ


  
դիտումներ: 4448

«Ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան» շարքի մեր հերթական հանդիպումը ասորական համայնքի ներկայացուցիչ,

ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ նախագահին կից 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը համակարգող խորհրդի նախագահ Ռազմիկ Խոսրոևի հետ է: Մարդ, որ իր ամենամեծ առավելություններից մեկը համարում է իր թուլությունն ազգային փոքրամասնությունների հանդեպ…

Զրույցի սկզբում նա ցավով նկատեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների մասին օրենք չկա, ինչի առկայության դեպքում հնարավոր կլիներ շատ հարցեր իրավական դաշտում լուծել: Պարոն Խոսրոևը հույս հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների նորընտիր ներկայացուցիչները կկարողանան լուծել այդ հարցը, բայց և հավելեց`օրենքի բացակայությունը չի խանգարում, որ ՀՀ կառավարությունը մեծ ավանդ ունենա ազգային փոքրամասնությունների կրթամշակութային համակարգը կայացնելու հարցում, ինչի համար նրանք բազմիցս երախտագիտություն են հայտնել:

«Դեռ 1979-ից են ասորիները հայկական դպրոցում իրենց մայրենի լեզվով դասաժամեր ունենալու իրավունք ստացել, բայց, միևնույն է, կրթական համակարգը բարեփոխումների կարիք ունի: Օրինակ` մենք մեր ուսանողներին մայրենի լեզվին տիրապետելու համար ուղարկում ենք Իրաք, Ուրմիա, Շվեյցարիա, որտեղ ասորական լավ համայնքներ կան: Երբ նրանք ավարտում ու հետ են գալիս՝ այստեղ կանգնում են խնդրի առջև: Նրանց դպրոցներում որպես ասորական լեզվի ուսուցիչ աշխատանքի տեղավորելու համար անհրաժեշտ է տեղի մանկավարժական բարձրագույն կրթություն, ինչը լուրջ արգելք է աշխատանք գտնելու առումով: Վերջին 15-20 տարում ասորիները լավ են տիրապետում գրավոր խոսքին, իհարկե, ոչ փայլուն, բայց դա առաջ չկար: Հայաստանում ասորիները դասագրքային խնդիր չունեն, նույնիսկ այստեղ տպագրված գրքերն օգտագործվում են այլ երկրների ասորական համայնքներում: Բուհերում ասորերեն չի դասավանդվում, և ասորի պատանիները բուհ են ընդունվում բոլորի պես»,- հայտնեց մեր զրուցակիցը` հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի ազգային փոքրամասնությունների մշակույթը գյուղերից բերել մայրաքաղաք և դարձնել մշակութային արժեք:

Նա նաև տեղեկացրեց, որ ասորիները Արևելյան Հայաստանում հայտնվել են ռուս-պարսկական (1826-1828 թթ.) պատերազմից հետո: Այդ ժամանակ արդեն սկսում են ձևավորվել համայնքներ, որոնք այսօր ավելի շատ տեղավորված են գյուղական վայրերում` Դվինում, Դիմիտրովում, Նոր Արտագերսում, Արզնիում և այլուր: Ասորիների ընդհանուր թվաքանակն անցնում է 3000-ը, բայց առանց խառնամուսնությունների հաշվարկման: Օգտվելով առիթից` փորձեցինք ճշտել պարոն Խոսրոևի կարծիքը ասորիների և այլազգիների ամուսնության վերաբերյալ: «Սերը հանելուկ է, դժվար է դատել, իսկ ընտանիքների հիմքում սերն է ընկած: Բացի այդ, ասորի կանայք էլ միշտ ավելի հետևողական են եղել ազգային դիմագծի պահպանման հարցում, թեկուզ ընտանիքներում ասորերեն խոսելով: Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ լեզվամտածելակերպն է թելադրում նաև քո ազգային ողնաշարի կառուցվածքը: Ասորին, 2500 տարի առաջ կորցնելով իր պետականությունը, մինչև հիմա գոյատևել է բանավոր խոսքի շնորհիվ, այսինքն՝ եթե մի ժողովուրդ չի ուզում մեռնել՝ ոչ ոք նրան չի կարող մեռցնել: Միայն թե վերջին շրջանում մեր պատմական հայրենիքում ավելացել է մահվան վտանգը: Մարդկությունը զարմանալիորեն անտարբեր է մարդու նկատմամբ, այնինչ մարդուց ավելի բարձր գաղափար չկա: Դրա համար ամեն ինչ պիտի արվի, որ մարդն արժևորվի` դառնալով ամենակարևորը: Պիտի կանխվեն պատերազմները, որովհետև ամեն մի պատերազմ ցեղասպանություն է, ինչ հրաշալի գաղափարի ու նպատակի էլ որ ծառայի»,- ասաց մեր զրուցակիցը և մանրամասնեց, որ ասորիների պատմական հայրենիքը Միջագետքն է` Իրաքը, Մոսուլ քաղաքը հատկապես` որպես մայրաքաղաք, որ այժմ գտնվում է իսլամիստների ձեռքում: Տարածքներ, որտեղ ժամանակին ապրել է 1 մլն 200 հազար ասորի, իսկ այժմ` 60-70 հազար:

Այն հարցին, թե աշխարհի որ ծայրերում են այսօր ապրում ասորիներ և ի՞նչ թվաքանակով, մեր զրուցակիցը պատասխանեց` բոլոր, և շարունակեց. «Անգամ «Աթուր» ասորիների միությունը, որի անդամ եմ նաև ես, մաս է կազմում համաշխարհային ասորական ալյանսի, որի կենտրոնը Չիկագոյում է: Դա իրենից ներկայացնում է և՛ գիտաժողովներ, և՛ ամենատարբեր այցելություններ: Ասորիների ընդհանուր թվաքանակը հասնում է 4 միլիոնի: Ասեմ, որ մենք` ասորիներս, քիչ արցունք չենք թափել հայերի հետ գաղթի ճանապարհին, որովհետև միլիոնուկես հայ անմեղ զոհերի կողքին ունենք նահատակված 600-700 հազար քրիստոնյա ասորիներ: 100-ամյակի շեմին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց ասորիների և Պոնտոսի հույների Ցեղասպանությունը, մի բան, որ դեռ ամբողջ աշխարհը պատասխանատվություն ունի անելու: Դա մեզ համար շատ կարևոր է, որովհետև Ցեղասպանություն տեսած ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, հետևաբար, պահանջատիրությամբ պիտի հասնենք մեր ուզածին: Լավ է, որ վերջին 15 տարում աշխարհը կարողանում է ցեղասպանությունները համատեղ ընդունել, այսինքն` հայերի կողքին ավելացել են ասորիները և Պոնտոսի հույները»:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև ասորական եկեղեցուն` որպես յուրաքանչյուր ազգի գոյատևման կարևոր կռվանի: Պարոն Խոսրոևը ներկայացրեց, որ իրենց եկեղեցին կոչվում է Արևելքի ասորական կաթողիկոսության սբ. առաքելական եկեղեցի, որ Երկրորդ տիեզերական ժողովում մերժված Նեստորի եկեղեցու շարունակողն է: Բայց նաև նշեց, որ ասորիները շատ տարբեր ուղղությունների են պատկանում: Օրինակ՝ Հայաստանում Դիմիտրով գյուղը ընտրել է ուղղափառ եկեղեցու տարբերակը` իր բոլոր ծեսերով, ռուս ուղղափառ, ինչը ենթադրում է նաև ռուսերեն արարողակարգ: «Իսկ օրինակ` մեր արևելյան եկեղեցին, որ արդեն 10 տարուց ավելի է, ինչ գործում է Հայաստանում և կայացած եկեղեցի է իր հոգևոր հորով` կաշայով, հնարավորություն տվեց ասորուն 100 տարի անց մայրենի լեզվով աղոթք լսելու Հայաստանում»:

Որպես մեր զրույցի տրամանաբանական շարունակություն` փորձեցինք հասկանալ ասորական մշակութային առանձնահատկությունները, ինչին ի պատասխան Ռազմիկ Խոսրոևը նշեց, որ ասորիներն անգամ ընտանեկան կենցաղում գնահատելի, օրինակելի և ազգ ապրեցնող ավանդույթներ ունեն: Նա մատնանշեց այն հին սովորույթը, որ երբ հնում աղջիկը խոսում էր ասորերեն, հայրը նրան քիչ էր օժիտ տալիս, որովհետև լեզվի իմացությունն արդեն իսկ արժեք է: «Սա գիտական մտքի մշակույթ է: Աշխարհը զարմանում է, որովհետև փաստեր կան, թե ինչպես են ասորիներն արդեն 6968-րդ անգամ ապրիլի 1-ին տոնում իրենց Նոր տարին: Աշուրբանիպալի գրադարանի կավե թերթիկներից մեկը խոսում է այդ Նոր տարվա մասին: Երբ Եփրատն ու Տիգրիսը դուրս էին գալիս իրենց ափերից` ողողելով ամբողջ Միջագետքը, ամենակարող աստված Մարդուկը, որ իր հավասարը չուներ աստվածների մեջ, կռվի էր ելնում ծովերի ու ջրերի արքա Թիամատի դեմ ու հաղթում էր նրան, և երբ հանդարտվում էին ջրերը, սկսվում էին տոնակատարությունները: Ըստ Համմուրապիի օրենսգրքի` 15 օր չէր կարելի պատժել ստրուկներին, 15 օրով թագավորը վայր էր դնում իր մականը, հարուստները բարի գործերի հրովարտակներ էին արձակում, ժողովուրդն ուրախ էր, երգում էր, պարում` փառաբանելով ամենակարող աստված Մարդուկին:»

Բացի Նոր տարվա այս արարողությունից, երկրորդ ամենակարևոր տոներից մեկը նվիրված է Ս. Թովմասին, կա նաև Ս. Մարիամին նվիրված տոն: «Ավանդույթների առումով չեմ կարող ասել, որ շատ մեծ տարբերություն կա հայերից, որովհետև դարեր շարունակ կողք-կողքի ապրելով` ինչ-որ չափով նաև նույնացել ենք, և դա շատ խորը արմատներ ունի: Ամեն անգամ, երբ Մովսես Խորենացի եմ կարդում, ուրախանում եմ` հանդիպելով ասորի պատմաբան Մար Աբաս Կատինայի անվանը, որին պատմահայրը շնորհակալություն է հայտնում»,- ասում է Ռազմիկ Խոսրոևը և ցավով նկատում, որ ասորիների էթնիկ մշակույթը դեռ հայկական մշակույթի մաս չի կազմում: Դրա համար կազմակերպվում են փառատոներ, տարբեր ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի օրեր, որոնք ճանաչողական նշանակություն ունեն և բացահայտում են այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրը մի հրաշալի ներկապնակ է այս երկրի համար:

Նա նաև խոստովանեց, որ Հայաստանում իմացության պակաս կա, որովհետև քիչ են մշակութային միջոցառումները, նաև քիչ են ֆինանսավորվում ազգային փոքրամասնությունների ճանաչողական ծրագրերը: Մեր այն հարցին, թե յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներսում գործող հասարակական կազմակերպություններն ինչպես են օգնում տարբեր արժեքների տարածման ու ճանաչելի դարձնելու հարցում, պարոն Խոսրոևը մատնանշեց ոչ միայն «Աթուր» ասորիների միությունը, այլև շատ երիտասարդական կազմակերպություններ: Ասորիներն անգամ կոնֆեդերացիա ունեն ՝ 3000 անդամով, որի ստեղծումը անհավանական է թվում, բայց նա ունի նաև իր թերթը, ինչպես նաև նպաստել է, որ Երևանի Ալ. Պուշկինի անվան դպրոցն ունենա ասորական դասարան: Ասորիներն ունեն նաև ամենօրյա 15 րոպեանոց ռադիո:

«Հրաշալի գրագետ, բանիմաց սերունդ ունենք, որ աշխատում է հնարավորինս պահել-պահպանել այն, ինչ դարերի ընթացքում հասել է մեզ: Ասորին բնավորության մի լավ գիծ ունի, երբ ասում է` չէ, աշխարհի ոչ մի ուժ չի կարող նրան հակառակը համոզել, բայց, ցավոք, ասորիները չեն կարողանում իրենց բնավորության այդ գիծն օգտագործել ի նպաստ ազգային գաղափարների կարգավորման»,- ասում է Խոսրոևը:

Մեր վերջին հարցին, թե ինչ կցանկանար փոխել Հայաստանում հանուն ազգային փոքրամասնությունների կյանքի որակի բարելավման, Ռազմիկ Խոսրոևը պատասխանում է, որ ամենամեծ արժեքը անկախությունն է, ինչն արդեն Հայաստանն ունի: Մնում է միայն, որ մարդը սիրի մարդուն, որտեղ հայ-ասորի արդեն չկա, այլ կա քրիստոնեաբար ապրելու և սիրելու արվեստը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: