Հայերեն   English   Русский  

​ԹԱՄԱՐ ԹԱԳՈՒՀԻ


  
դիտումներ: 11183

Յուրաքանչյուր ազգ, պետություն ունի իր աստեղային ժամը: Վրաստանի թագավորության աստեղային ժամը XII դարավերջին սկսվեց, երբ վրաց պետության գահ բարձրացավ Թամար թագուհին: Եվ Թամար թագուհու մահով էլ ավարտվեց վրաց աստեղային ժամը:

Թամարի կառավարման տարիները արժևորված ու կարևոր էին ոչ միայն վրացիների համար: Այն հայոց պատմության վերջին երկու հազար տարիների ամենափառապանծ էջերից էր, երբ պետականությունից զուրկ, սելջուկյան լծի տակ հեծող հայությունը մեկեն ոտքի կանգնեց ու ոչ միայն թոթափեց օտար տիրակալությունը, այլև հզոր ու մեծ պետականություն կերտեց:

Ո՞վ էր Թամար թագուհին, ի՞նչ դեր ունեցավ նա հայոց պատմության մեջ, և արդյոք պատմագիտության մեջ չափազանցվա՞ծ չէ նրա գնահատականը:

Թամարի հայրը՝ Գեորգի Գ Բագրատունի վրաց արքան, անօրինական էր տիրացել վրաց գահին՝ փաստորեն, գահից զրկելով օրինական ժառանգորդին՝ իր եղբորորդի արքայազն Դեմետրեին: 1177 թ. Վրաստանում Օրբելիների զորեղ տոհմի և հայ իշխանների մասնակցությամբ Գեորգի Գ դեմ հզոր ապստամբություն բռնկվեց: Շնորհիվ Սարգիս Զաքարյանի, որ դավաճանեց ապստամբներին և անցավ արքայի կողմը, Գեորգի Գ հաղթում է այս պատերազմում: Ճնշելով ապստամբությունը՝ նա գահին իր միակ դստեր իրավահաջորդությունն ապահովելու համար 1178 թ. Ուփլիսցիխեում իրեն գահակից է դարձնում 12-ամյա Թամարին:

Թամարի վաղամեռիկ մայրը՝ Բուրդուխանը, ալանների արքայադուստրն էր:

1184 թ.՝ հոր մահից հետո, 18-ամյա Թամարը միանձնյա բարձրացավ վրաց գահ և Գելաթում դարձյալ օծվեց որպես գահի միանձնյա տիրակալ:

Օգտվելով առիթից, որ վրաց գահին է անփորձ ու երիտասարդ մի կին, վրաց ազնվականությունը փորձեց որոշ արտոնություններ ու առանձնաշնորհներ ստանալ՝ սահմանափակելով Թամարի արքայական անսահմանափակ իշխանությունը: Դա որոշ առումներով հաջողվել է: Սակայն վրաց գահին ու Թամարին նեցուկ է կանգնում հայոց զինուժը՝ նույն Սարգիս Զաքարյանի հրամանատարությամբ, որ դեռևս Գեորգի Գ արքայի կողմից նշանակվել էր վրաց պետության ամիրսպասալար (սպարապետ)՝ մինչ այդ առաջնորդելով հայոց զինուժը:

Մահանում է նաև Սարգիս Զաքարյանը: Թամարի հրամանով վրաց պետության սպարապետությունը ստանձնում է ազգությամբ ղփչաղ Ղուբասարը: Պատճառը միայն Սարգիս Զաքարյանի ավագ որդու՝ Զաքարեի անչափահասությունն էր: Սակայն 1190 թ. Թամար թագուհին վրաց զորքերի սպարապետությունը հանձնում է Զաքարե Զաքարյանին, որով էլ սկսում է ոչ միայն հայոց վերելքը, այլև՝ վրաց պետության աստեղային ժամը:

Զաքարեն, իրեն նեցուկ ունենալով եղբորը՝ Իվանեին, հորեղբորորդիներին, նախ ճնշեց վրաց ազնվականության կենտրոնախույս ելույթները, համախմբեց ու վարժեցրեց հայկական և վրացական զինուժը, ապա անցավ հայոց հողերի ազատագրմանը: Քսան տարի տևած պատերազմներում ազատագրվեց Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը: Հիմնվեց Զաքարյանների տերությունը, որ իր միջազգային հեղինակությամբ, կշռով, տարածքով էապես գերազանցում էր հայոց Բագրատունիների թագավորությունը:

Զաքարյանների շնորհիվ Վրաստանն ընդարձակեց իր տիրույթները, իր ազդեցության տակ առավ Սև ծովի արևելյան և հարավարևելյան առափնյա շրջանները, Հյուսիսային Կովկասը, Կովկասի արևելյան մասն ընդգրկող Գանձակի էմիրությունը:

Սակայն Թամարի իշխանության տարիներին իրականում Վրաստանի հզորությունը կախված էր միմիայն Զաքարյանների և հայոց զինուժի հաջողություններից:

Վրաստանը Թամարի օրոք ներկայացնում էր յոթ թագավորությունների համադաշնություն: Ի դեպ, պետական կառավարման այդ մոդելը վրացիները վերցրել էին հենց Հայաստանից: 961 թ., երբ Անին հռչակվեց հայոց մայրաքաղաք, հայոց արքա Աշոտ Գ Ողորմածը կառավարման այդ համադաշնային մոդելը կիրառեց: Սակայն, ի տարբերություն հայ Բագրատունիների թագավորության, հայոց և վրաց արքայից արքա տիտղոսը կրում էին արդեն վրաց Բագրատունիները՝ Դավիթ Դ Շինարար արքայից սկսած: Վրաց համադաշնության յոթ թագավորություններից մեկը Սոմխեթն էր՝ Հայաստանը: Ի դեպ, այս թագավորություններից միայն Հայաստանն էր, որ հարկատու չէր Վրաստանին: Ավելին, հայոց տիրակալները՝ Զաքարյան եղբայրները, Վրաստանի թագավորության ողջ տարածքում ունեին անսահմանափակ իշխանություն և մեծ ազդեցություն:

Բարեբախտաբար Թամար թագուհու կյանքն ու գործունեությունը լավ է ուսումնասիրված: Դա Վրաստանի պատմության փառահեղ ժամանակաշրջանն էր՝ տնտեսական, մշակութային վերելքով: Եվ ուսումնասիրելով ժամանակաշրջանի պատմությունը՝ անվերապահորեն կարելի է ասել, որ առանց Զաքարյանների Վրաստանը երբեք չէր հասնի նման վերելքի:

Թամարի ժամանակաշրջանի Վրաստանի ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր հենց հայերի՝ Զաքարյանների ձեռքին: Պետության հինգ գլխավոր գործակալություններից չորսը Զաքարյանների ձեռքում էին: Նրանք ունեին անսահմանափակ իշխանություն և իրավունքներ անգամ թագուհու վրա:

Ի դեպ, Զաքարյանները կարգավորում էին նաև թագուհու անձնական կյանքը: Թամարը երկու անգամ ամուսնացավ: Նրա առաջին ամուսինը ռուս էր՝ Վլադիմիր-Սուզդալյան երկրի իշխան Անդրեյ Բոգոլյուբսկու որդին՝ Յուրին, որի հետ Թամարն ամուսնացավ 1185 թ.: Հատկանշական է, որ վրաց արքունիքը փեսացուի հետ բանակցելու ուղարկեց սովորական առևտրականի՝ Զորավել անվամբ: Թամարն ու Յուրին ամուսնացան: Թամարը դեմ էր ամուսնությանը, բայց նրան պարտադրեցին: Յուրին աչքի ընկավ վատ վարքով, անօրինականություններով, այլասերվածությամբ, արվամոլությամբ, հարբեցողությամբ: Թամարը համբերում էր, բայց երբ ամուսինը ցանկացավ նաև թագավորել՝ ուղղակի արտաքսվեց Վրաստանից: Սակայն Յուրին վերադարձավ մեծ բանակով և անգամ գրավեց Քութայիսը, սակայն վճռական ճակատամարտում պարտություն կրեց ու փախուստի դիմեց:

Թամարի երկրորդ ամուսինն էլ վրացի չէր: 1189 թ. նա ամուսնացավ ալանների արքայազն Դավիթ Սոսլանի հետ: Դավիթը մահացավ 1207 թ.:

Բնականաբար թե՛ Զաքարյանները, թե՛ վրաց ազնվականությունը չէին հանդուրժի Թամարի ամուսնությունը որևէ վրաց իշխանի հետ, ինչը կենթադրեր Վրաստանում դինաստիական փոփոխություն և ուժերի, հարաբերությունների վերաբաշխում:

1213 թ. մահացավ Թամար թագուհին՝ իր հետ թաղելով Վրաստանի հզորությունն ու փառքը: Վերահաս մոնղոլական արշավանքները փոշիացրին թե՛ վրաց պետության հզորությունը, թե՛ Զաքարյանների տիրակալությունը:

Հետաքրքիր է, որ չնայած Թամարի կյանքն ու գործունեությունը շատ լավ է ուսումնասիրված, վրաց ու հայ պատմիչները համր են նրա գերեզմանի տեղը նշելիս: Մինչ օրս բազում վարկածներ կան շրջանառության մեջ, Թամար թագուհու գերեզմանը որոնում են Հյուսիսային Կովկասում՝ Ինգուշեթիայում, Աբխազիայում, անգամ՝ Պաղեստինում:

Միայն Վրաստանում հայտնի է Թամարի ենթադրյալ չորս դամբարան: Վերջերս էլ Քութայիսի Բագրատի եկեղեցում հայտնաբերվեց միջնադարյան իշխանուհու դամբարան, և շատերն առաջ քաշեցին այն Թամարին պատկանելու վարկածը:

Հետաքրքիր ավանդություն կա, որի համաձայն՝ Թամարի դին դրված է եղել Մցխեթի Մայր եկեղեցում: Եվ փակ դագաղը թաղվել է տասն այլ դագաղների հետ, որպեսզի ոչ ոք չիմանա, թե իրականում որն է թագուհու գերեզմանը: Համաձայն ավանդության՝ թագուհին կտակել է, որ իրեն թաղեն թաքուն վայրում, որպեսզի թշնամիները չկարողանան հասնել իր գերեզմանին և պղծեն այն:

Սակայն գոյություն ունի Թամարի դամբարանի հայկական վարկած ևս: Լոռու մարզի Ախթալա քաղաքում բարձր ժայռ կա՝ կոչված Լենկ-Թեմուրի բերդ: Այստեղ իսկապես X դարի ամրոց կա, որտեղ պահվել են Կյուրիկյան արքաների գանձերը: Տեղացիների մեջ շրջանառվող լեգենդի համաձայն՝ այդ բարձր ժայռը փուչ է, գաղտնի, քողարկված մուտք ունի, և հենց այդ ժայռի մեջ է թաղված վրաց թագուհին: Ախթալան միջնադարյան Պղնձահանքն է՝ Իվանե Զաքարյանի հոգևոր կենտրոնը: Հաշվի առնելով Իվանեի ու Թամարի հարաբերությունները և այն, որ Իվանեն իրավ վրաց պետության առաջին դեմքն ու ամենաազդեցիկ գործիչն էր, այս տեսությանը պետք է լուրջ մոտենալ:

Մեկ այլ ավանդություն. ախթալացիների մեջ շրջանառվում է, որ Թամարին թաղել են այդ ամրակուռ ժայռի մեջ, ապա սպանել հուղարկավորության մասնակիցներին, մեկ ուրիշ ջոկատ սպանել է նրանց սպանողներին… Ու այդպես կորցրել են բոլոր հետքերը:

Թամարը մի որդի ուներ՝ Գեորգի Լաշան, որ թագավորեց մոր մահից հետո: Նա թույլ ու անկամ տիրակալ էր:

Թամար թագուհուն վրաց և ռուս ուղղափառ եկեղեցիները սրբադասել են: Իսկ 1917 թ. ի վեր վրաց եկեղեցին ամեն տարի նրան նվիրված տոն է նշում՝ Թամարոբան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: