Հայերեն   English   Русский  

ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ՍԱԹԵՆԻԿ


  
դիտումներ: 14418

Արտաշեսի և Սաթենիկի մասին ավանդապատումի հիմքում ընկած են պատմական իրադարձություններ: Արտաշեսի և Սաթենիկի մասին պատմությունը մեզ ավանդած Մովսես Խորենացին նշում է, որ սույն պատումը լայն տարածված էր հեքիաթասածների, գուսանների, երգիչների մոտ:

Հայոց Արտաշես Ա արքան (մ.թ.ա. 189-160) գահ բարձրանալով՝ ամբողջացրեց Հայաստանի սահմանները: Նա պատժիչ արշավանք ձեռնարկեց հյուսիս, քանզի ալանաց թագավորությունը ոտնձգություններ էր կատարում Մեծ Հայքի դեմ: Վճռական ճակատամարտը տալու համար երկու կողմերը բանակում են Քուռ գետի հակադարձ ափերին: Ճակատամարտի սկիզբը շատ հաջող էր հայոց բանակի համար: Հայոց քաջազունները կարողանում են գերել ալանաց արքայազնին: Ալանաց արքան ստիպված բանագնացներ է ուղարկում Արտաշեսի մոտ հաշտության առաջարկով: Սակայն հայոց արքան հրաժարվում է ազատ արձակել ալանների արքայազնին: Եվ ահա այդ ժամանակ ալանաց չքնաղ գեղեցկուհին՝ Սաթենիկ արքայադուստրը, կանգնելով հայոց բանակի դեմ դիմաց` Քռի հակադարձ ափին, կանչով դիմում է Արտաշես արքային.

- Քե՜զ եմ ասում, քաջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը`

Տուր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով` ստրուկների կարգում պահեն,

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի միջև հաստատեն:

Տեսնելով Սաթենիկի գեղեցկությունը` Արտաշեսը սիրահարվում է նրան ու սպարապետ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանանց արքայի մոտ՝ խնամախոսության: Սակայն ալանանց արքան մեծ օժիտ է պահանջում արքայադստեր համար: Իմանալով պատգամաբերից արքայի պատասխանը` Արտաշես արքան հեծնում է իր սև ձին, սրընթաց անցնում է Քուռ գետն ու օղապարանը գցելով Սաթենիկ արքայադստեր մեջքը` նրան գերում է:

Արտաշատ մայրաքաղաքում հայոց արքան շքեղ հարսանիք է անում: Նրա և Սաթենիկ թագուհու գլխին առատորեն ոսկեդրամներ ու մարգարիտներ են թափվում: Ինչպես պատմահայրն է ասում՝ ոսկե անձրև էր թափվում հարսանիքի ժամանակ:

Արտաշեսն ու Սաթենիկը 11 զավակ են ունենում:

Սակայն Սաթենիկի սերը երջանկություն չպարգևեց Արտաշես արքային: Սաթենիկ թագուհին, համաձայն պատումի, սիրում էր հայոց նախարարներից վիշապազուն Մուրացյան Արգամին` տենչալով նրան: Արգամ նահապետի բարձը պետության մեջ երկրորդն էր արքայական գահից հետո, այսինքն՝ նա իր դիրքով ու ազդեցությամբ հայոց երկրում զիջում էր սոսկ արքային:

Ի դեպ, Սաթենիկ թագուհին այդ տարփագին սերն ապրել է իբր 50 տարեկան հասակում, երբ իր տարփածուն` Արգամ նահապետը, 80 տարեկան էր:

Վիշապազունների կամ Մուրացյան տոհմի ոստանն Այրարատի Նախճավանն էր: Վիշապազունները սերում էին հայոց Տիգրան Երվանդյան քաջ արքայի քույր Տիգրանուհուց: Երբ Տիգրանուհին ամուսնացավ մարաց Աժդահակ արքայի հետ և նրան զավակներ պարգևեց, Աժդահակի նենգության և ուխտադրժության հետևանքով ծագած հայ-մարական պատերազմում Տիգրան Երվանդյան քաջ արքան սպանեց դավաճանին և քրոջն իր զարմի հետ տեղափոխեց Մեծ Հայք ու նրանց որպես բնակավայր հատկացրեց Նախճավանը:

Շատ ուսումնասիրողներ կարծում են, թե Արտաշես արքայի որդին և ժառանգը` Արտավազդ արքայազնը, որոշելով ոչնչացնել Արգամի տոհմը, ինքն է հորինել և հերյուրանքներ տարածել Արգամի և Սաթենիկի մասին:

Դժվար թե արքայազնն իր մորը վարկաբեկող բան հորիներ իր նպատակներին ծառայեցնելու համար: Արքայազնի համար պետական ու անձնական շահից պակաս կարևոր չպետք է լիներ նաև արքայական գերդաստանի, մանավանդ՝ հայոց դշխոյի պատիվը, մանավանդ՝ Արտավազդի, ով դաժան լինելով հանդերձ՝ արդարամիտ ու արդարադատ էր:

Ինչևէ, Արտավազդը համոզում է հորը, և Արտաշեսը արքայական երկրորդության գահն առնում է Արգամի ձեռքից և հանձնում արքայազնին: Այս դեպքի մեջ էլ որևէ մութ պատմություն որոնել պետք չէ, քանզի բնական է, որ արքայազնը և ապագա թագավորը պիտի զբաղեցներ երկրորդական գահը` փորձառություն ձեռք բերելու համար:

Արգամը բնականաբար չէր կարող հաշտվել այդ վիճակի հետ և փորձում է դավ նյութել հայոց արքայի դեմ երկրի իշխանությունը նվաճելու նպատակով: Նա իր պալատում ճաշի է հրավիրում հայոց արքային ու արքայազնին: Դավը բացահայտում է Արտավազդը: Խույս տալով ծուղակից` հայոց արքան զորքով Արգամի դեմ է ուղարկում իր Մաժան որդուն, որը Մուրացյան տոհմին սրի է քաշում և այրում Արգամի ապարանքը:

Ավանդապատումի համաձայն` Արտաշեսը որպես ավար ձեռք է բերում նաև Արգամի գեղեցկադեմ հարճին` Մանդուին:

Արգամը, որ խույս էր տվել Արտաշեսի վրեժից, դարձյալ արքայի ներողամտությունն է հայցում: Արտաշես արքան ներում է Մուրացյան տոհմի նահապետին և վերադարձնում է բռնագրաված ինչքը:

Այս անգամ արքային ընդդիմանում է արքայազն Արտավազդը, որ բռնությամբ խլում է Արգամի ունեցվածքը: Արգամի տան ու Արտավազդի միջև պատերազմ է ծագում, որի արդյունքում արքայազնը սրակոտոր է անում Մուրացյան տոհմի բոլոր երևելիներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: