Հայերեն   English   Русский  

​ՍԱՐԳԻՍ ԶԱՔԱՐՅԱՆ


  
դիտումներ: 7871

Զաքարյանների տոհմը հայոց պատմության ամենափառահեղ էջերից մեկը գրեց: Զաքարյանները տասնամյակներ տևած պատերազմի արդյունքում ոչ միայն ազատագրեցին սելջուկյան տիրապետության տակ հեծող երկիրը, այլև ստեղծեցին ամուր մի պետություն, որն իր տարածքով, ազդեցությամբ ու հեղինակությամբ ոչ միայն չէր զիջում, այլև գերազանցում էր Բագրատունիների թագավորությանը:

1021 թվականին Վասպուրականի թուլակամ թագավորը՝ Սենեքերիմ Արծրունին, վախենալով սելջուկյան վերահաս սպառնալիքից, իր երկիրը հանձնեց Բյուզանդական կայսրությանն ու հպատակների հետ հեռանալով արևմուտք՝ հաստատվեց Փոքր Հայքում՝ Բյուզանդիայի հպատակության տակ գտնվող Սեբաստիա քաղաքում:

Սակայն Արծրունիներից ոչ բոլորը հետևեցին դավաճան թագակրին: Նրանց մի մասը չցանկացավ ապրել օտար հպատակության տակ և կառչած մնաց հայրենի հողին: Բայց քանի որ Վասպուրականն այլևս բյուզանդական տիրապետության տակ էր, Արծրունիների կրտսեր ճյուղը ստիպված էր լքել հայրենի երկրամասը: Ընտրության հնարավորությունը մեծ չէր: Անիի Բագրատունիների թագավորությունն արդեն բռնել էր անկման ուղին, բացի այդ, Վասպուրականի Արծրունիների և Անվո Բագրատունիների միջև անթաքույց հակադրություն կար: Եվ տոհմն ապաստան գտավ հյուսիսում՝ Տաշիր-Ձորագետի Լոռվա Կյուրիկյան թագավորության տարածքում, ուր իշխում էր զորեղ ու ազդեցիկ Դավիթ Անհողին արքան (990-1048), որ հավակնություններ ուներ իր թագի շուրջ միավորելու Բագրատունիների տիրույթներն ու հայոց պառակտված երկիրը:

Արծրունիները Դավիթ Անհողինից որպես կալվածք ստացան Խոժոռնի բերդաքաղաքն ու Տաշիր-Ձորագետի թագավորության սպարապետության պաշտոնը:

Լոռիում հաստատված այս տոհմի ներկայացուցիչ էր Խոսրով Արծրունին, որ վախճանվեց ու թաղվեց Հաղպատում, տապանաքարը գտնվում է Հաղպատավանքի զանգակատան հարևանությամբ և հայտնի է Խոսրովիկի գերեզման անվամբ: Խոսրովի որդին էր Զաքարե Արծրունին, որի անունով տոհմն անվանակոչվեց Զաքարյան:

Զաքարեի մասին շատ բան հայտնի չէ: Հզորացող վրաց թագավորությունը տարածաշրջանում գերիշխանության համար պետք է նախևառաջ քայլեր ձեռնարկեր գլխավոր ախոյանի՝ Տաշիր-Ձորագետի Լոռվա Կյուրիկյան թագավորության դեմ: Սկիզբ առած պայքարն ավարտվեց Վրաստանի հաղթանակով: Դավիթ Դ Շինարար արքան 1118 թ. գրավեց Լոռվա թագավորությունը: Դավիթ Բ և Աբաս Կյուրիկյան արքաները, լքելով իրենց հայրենի տիրույթները, իրենց դրոշը հանձնեցին վրացիներին և հաստատվեցին Տավուշում: Զաքարե Զաքարյանը հպատակություն հայտնեց Դավիթ Դ Շինարարին: Վերջինս Լոռվա թագավորության տարածքը հանձնեց Վրաց զորքերի սպարապետությունը վարող, առհասարակ Վրաստանում արքայից հետո ազդեցությամբ երկրորդը համարվող Օրբելիների տոհմին: Զաքարյանները դարձան Օրբելիների հպատակները:

Զաքարյանների տոհմի վերելքը սկսվեց Զաքարեի որդու՝ հայոց և վրաց սպարապետ Սարգիս Զաքարյանի իշխանության օրոք:

Սարգիս Զաքարյանի ծննդյան թվականն անհայտ է: Սակայն նրա գործունեությունը բավականաչափ ուսումնասիրված է 1160 թվականից մինչ մահը՝ 1187 թվականը:

Սարգիս Զաքարյանն ամուսնացավ Մահկանաբերդի Արծրունիների իշխանության առաջնորդի՝ Վահրամ Արծրունու դստեր՝ Թիֆլիսի քաղաքագլուխ Ամիր Քուրդ Արծրունու քրոջ՝ Սահակադուխտի հետ, որ ամուսնուն երեք զավակ պարգևեց՝ Զաքարե, Հովհաննես (Իվանե) և Վանենի (Նանե), որոնցից յուրաքանչյուրը մեծ դերակատարություն ունեցավ հայոց ռազմաքաղաքական և մշակութային կյանքում:

Սարգիս Զաքարյանը, շնորհիվ իր քաջության և նուրբ դիվանագիտական կարողության, ամրապնդում էր իր դիրքերը վրաց արքունիքում: Պակաս կարևոր հանգամանք չէր այն, որ հզորացող վրաց պետությունը, պայքար մղելով սելջուկյան իշխանությունների դեմ, հայկական զինուժի աջակցության կարիքն ուներ, իսկ հայոց բանակն այդ պատերազմներում առաջնորդում էր հենց Սարգիս Զաքարյանը:

Եվ իրոք, 1161 թ. Շադդադյանների դեմ ապստամբեցին անեցիները: Հայերը օգնություն խնդրեցին վրաց արքայից: Վրացական բանակը, որի կազմում էր նաև հայկական հեծելազորը, հայտնվեց Անիի պարիսպների տակ և գրավեց այն: Իվանե Օրբելին նշանակվեց Անիի կառավարիչ, իսկ նրա օգնական՝ Սարգիս Զաքարյանը: Անիից հետո Սարգիս Զաքարյանը հայոց բանակով մասնակցեց նաև Դվինի գրավմանը:

1177 թ. Վրաստանում հզոր ապստամբություն բռնկվեց Գեորգի Գ արքայի դեմ: Գեորգի Գ-ն անօրինաբար տիրացել էր վրաց գահին՝ զրկելով ժառանգությունից օրինական թագաժառանգ Դեմետրեին: Դեմետրե Ա արքայի մահից հետո՝ 1156 թ., գահ է բարձրանում Գեորգի Գ-ն՝ մահացած արքայի եղբայրը, քանզի թագաժառանգ Դեմնան անչափահաս էր: Դեմնայի չափահասության պահին Գեորգին պետք է հրաժարվեր գահից հօգուտ օրինական թագաժառանգի: Երբ Դեմետրեն դարձավ չափահաս, հանդես եկավ գահի նկատմամբ հավակնություններով: Նրա կողքին կանգնեցին հիմնականում հայ իշխանները՝ Օրբելիների առաջնորդությամբ: Դեմետրեն (Դեմնա) հռչակվեց վրաց թագավոր: Նա խոստացավ ապստամբության հաղթանակից հետո վերականգնել հայոց թագավորությունը: Ինչ խոսք, Դեմնային աջակից հայ իշխանները շահագրգիռ էին ոչ միայն հայոց թագավորության վերականգնման տեսլականով: Հաջողության դեպքում հայոց թագավոր կհռչակվեր անկասկած ապստամբության իրական առաջնորդ Իվանե Օրբելին, քանզի նա ամենաազդեցիկն էր իշխաններից, խնամիական կապեր էր հաստատել Կյուրիկյան արքայատոհմի հետ, Լոռու տերն էր: Ապստամբները սույնով նաև փորձում էին սաստել վրաց Բագրատունի արքաների կենտրոնաձիգ նկրտումներն ու ավելի լայն ինքնավարություն ձեռք բերել:

Եվ թվում էր՝ ապստամբները մոտ էին հաղթանակին, սակայն վճռական պահին Դեմնային և ապստամբներին հայոց հեծելագնդով լքեց հենց իր դիրքով ու ռազմական կշռով երկրորդ անհատը՝ Սարգիս Զաքարյանը՝ անցնելով Գեորգի Գ արքայի կողմը:

Փաստորեն, վրաց արքան ոչ միայն ճնշեց ապստամբությունը, այլև դաժանորեն պատժեց Օրբելիներին՝ որձակոտոր անելով նրանց տոհմը: Փրկվեց միայն երկու պատանի, որոնք հաստատվեցին Հայաստանում և շարունակեցին տոհմի գործունեությունը որպես Սյունաց Օրբելյաններ:

Գեորգի Գ արքան առատորեն վարձահատույց եղավ Սարգիս Զաքարյանին: Նա բարձրացրեց Զաքարյան իշխանի դիրքը վրաց արքունիքում՝ դարձնելով առաջին կարգի ազնվական, ապա նրան հանձնեց Օրբելիների բոլոր տիրույթները՝ Լոռին իր շրջակայքով, որպես սամթավրո և սաթավադո: Սա վրաց պետության կազմում լիակատար ներքին ինքնավարության և բարձրաստիճան ազնվականի կարգավիճակ էր: Ապա՝ 1185 թ., Սարգիս Զաքարյանը նշանակվեց նաև վրաց և հայոց զորքերի ընդհանուր ամիրսպասալար-սպարապետ:

Այսպիսով, վրաց արքան միաժամանակ երկու խնդիր լուծեց. վրաց բանակի հրամանատարությունը հանձնեց քաջ և պատերազմիկ, իրեն հավատարիմ զորականի, իսկ զորքերի հրամանատարությունը հանձնելով հայերին՝ զսպեց վրացի մյուս ավատատերերի ախորժակն ու գահի նկատմամբ նրանց հավակնությունները:

Դժվար է ճշգրիտ գնահատական տալ Սարգիս Զաքարյանի վարքին: Մի կողմից նա դավաճանեց ապստամբներին՝ իր զինակիցներին և պատճառ դարձավ ոչ միայն շատերի կորստյան, այլև թերևս իր անձնական շահի ակնկալիքով թաղեց հայոց թագավորության վերականգնման իրական հնարավորությունը:

Մյուս կողմից՝ գուցե դա լավ հաշվարկված դիվանագիտական քայլ էր: Չի բացառվում, որ որպես հմուտ զորական՝ Սարգիս Զաքարյանը զգում էր, որ ապստամբները, միևնույն է, պարտվելու են, ուստի իր քայլով փրկեց ոչ միայն իր տոհմի դիրքն ու հեղինակությունը, այլև դուռ բացեց Վրաստանում հայության դիրքերի ամրապնդման համար:

Ինչևէ, սա սոսկ վարկած է և, ցավոք, ոչ ոք չի կարող ասել Սարգիս Զաքարյանի վարքի ճշգրիտ դրդապատճառը:

Արդեն որպես նաև վրաց պետության ամիրսպասալար-սպարապետ՝ Սարգիս Զաքարյանն աչքի ընկավ խոշոր ճակատամարտում: Ատրպատականի էմիր Աբու Բաքրը, սպառնալով վրացական պետության անվտանգությանը, հարձակման անցավ: Նրան հայ-վրացական բանակով ընդառաջ գնաց Սարգիս Զաքարյանն ու Շամքորի ճակատամարտում գլխովին ջախջախեց նրան: Ապա զարգացնելով հաջողությունը՝ հայ զորավարը գրավեց Ամբերդը:

Սարգիս Զաքարյանի մահից հետո իրենց քաջությամբ ու զորությամբ հայոց փառքը կերտեցին նրա զավակները՝ Զաքարեն և Իվանեն: Իսկ դուստրը՝ Վանենին, ամուսնացած էր Տաշիր-Ձորագետի վաղամեռիկ արքա Աբասի հետ: Նա ամուսնու հիշատակին Դեբեդ գետի վրա կառուցեց չքնաղ մի կառույց՝ Սանահինի կամուրջը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: