Հայերեն   English   Русский  

​100-ամյակին ընդառաջ թուրքական ժխտողականությունը գիտական լսարաններում


  
դիտումներ: 3114

Հայոց ցեղասպանության 100-ամյակին` 2015 թվականին ընդառաջ Թուրքիայի մի շարք համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ պետական աջակցությամբ և հովանավորությամբ Հայկական հարցին և ցեղասպանության ժխտմանը վերաբերող հակահայկական բովանդակությամբ բազմաթիվ գիտաժողովներ, քննարկումներ, դասախոսություններ և մի շարք այլ միջոցառումներ են անցկացվում: Լինելով թուրքական համալսարանի ուսանող` վերջերս հնարավորություն ունեցա նմանօրինակ մի քանի միջոցառման ներկա գտնվել: Հաղթահարելով գենետիկ հիշողությամբ փոխանցված այն անհանդուրժողականությունը, որը բնական է ցեղասպանության հետևանքով հայրենազրկված նախնիների ժառանգին` ուժ ու համբերություն գտա լսելու Թուրքիայում գիտական ոլորտում անուն ունեցող որոշ մասնագետների և այլ ասպարեզներից հրավիրված հյուրերի ելույթները: Հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես է ձևավորվում ու թևեր առնում թուրքական ժխտողականությունը:

Առաջին գիտաժողովը, որին ներկա գտնվեցի, վերաբերում էր բոլորովին այլ թեմայի` «Բալկաններ և գաղթ. Ցեղասպանություն, տեղահանություն և ասիմիլացիա»: Միջոցառման բացման արարողությանը հանդես եկավ գիտաժողովի կազմակերպիչ հասարակական կազմակերպության նախագահը: Վերջինս, բոլորովին շեղվելով թեմայից, սկսեց խոսել ոչ թե Բալկաններում բնակվող թուրքեր մասին, այլ Օսմանյան կայսրության հայ բնակչության: Բարձրագոչ հայտարարություններ անելով «թուրք ժողովուրդի անմեղության և վեհության մասին»` սկսեց կրկնել վաղուց արդեն հնացած թուրքական պաշտոնական թեզերը, թե «Հայոց ցեղասպանությունը հայերի հորինած սուտն է, այն մեծ զրպարտանք է, թուրք ազգը չի կարող ցեղասպանություն գործել, իրականում հայերն են սպանել հազարավոր թուրքերի» և այլն: Ապա անցում կատարելով «Թուրքիայի համար մեծ վտանգ ներկայացնող Հայկական սփյուռքին»` նշեց, թե «սփյուռքը միլիարդավոր դոլարներ է ծախսում միջազգային ասպարեզում ցեղասպանության սուտը առաջ տանելու, եվրոպական խորհրդարաններում ցեղասպանությունը դատապարտող օրինագծեր ընդունելու համար»: Իբրև ելույթի եզրափակում`ներկաներին կոչ արվեց ավելի շատ ուսումնասիրել հարցը, քանի որ թեմայի շուրջ թուրքական հրապարակումները զգալիորեն զիգում են հայկականին:

Հաջորդիվ ելույթ ունեցողները, հետևելով այս ուղենիշին, ևս մոռացան գիտաժողովի բուն թեման` հանդես գալով ցեղասպանության իրողությունը մերժող հայտարարություններով: Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ հրավիրյալները երկար էին սպասել այն պահին, որպեսզի որևէ ամբիոն գտնեին իրենց ազգայնական գաղափարներն ու մտահոգությունները արտահայտելու համար:

Հաջորդ միջոցառումը արդեն ուղղակիորեն վերաբերում էր Հայկական հարցին, որը դիտարկվում էր Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում: Բանախոսները հիմնականում համալսարանի պրոֆեսորներն էին, հյուր կար նաև Ադրբեջանից: Ժխտողական ելույթներում նորից բարձրացվեց Հայկական սփյուռքի հարցը, որը ջանք չի խնայում «ցեղասպանության սուտը» աշխարհով մեկ տարածելու համար, իսկ Թուրքիայի ձեռնարկած հակաքայլերը համարժեք և բավարար չեն: Բանախոսներից մեկը, որը հավանաբար եղել էր Երևանում, անդրադարձավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին` նշելով, թե այն հայերի համար խորհրդանշում է գաղթի ճամփան, ինչը իր մեջ հոգեբանական խորը ազդեցություն թողնելու ուժ ունի: Անհիմն հայտարարություններ հնչեցին, թե եթե հազարավոր հայեր են սպանվել, ապա հիմա ուր են նրանց ոսկորները: Բնականաբար անտեսվեց այն հանգամանքը, որ ցեղասպանության վկան դարձած սիրիական անապատներում այսօր էլ կարելի է հանդիպել հայերի ոսկորների, որոնք ապացուցում են անհերքելին:

Նման միջոցառումներ Թուրքիայի տարբեր հատվածներում տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ: Տեսանելի է, որ Թուրքիան հանդես է գալիս պաշպանվողի դիրքերից` ամեն կերպ փորձելով քողարկել սեփական հանցագործությունը: Ապրելով թուրքական հասարակության մեջ` կարելի է նկատել, որ ինչքան մոտենում է 100-ամյակը, այնքան Թուրքիայում ավելի է խորանում այն «թաքնված վախը», որ մի օր աշխարհը կիմանա ճշմարտությունը և կբացահայտվի «բարեպաշտ թուրքի» իրական դեմքը: Մի երկրում, որը ստեղծվել է մի շարք ժողովուրդների արյան, ձուլման և ուծացման գնով, ժխտողականությունը խորը արմատներ է ձգել: Ստանալով գիտական շրջանակների լայն աջակցությունը` այն կարծես ավելի «հիմնավորված» է դառնում: 100 տարի անց Թուրքիան խուսափում է առերեսվել սեփական պատմությանը և շարունակում է ժխտել իր հանցագործությունը` գործելով կրկնակի ոճիր: Եվ ինչպես ժամանակին նշել էր Րաֆֆին` «Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա»: Այսօր համոզվում ենք, որ հայ մեծանուն գրողն իրավացի էր:

Տաթևիկ Սարգսյան, Ստամբուլ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: