Հայերեն   English   Русский  

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփում է տարին. 2016թ. սեղմ հաշվետվություն


  
դիտումներ: 3371

Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարությամբ հրապարակվում է նախարարության կատարած աշխատանքների հունվարին ներկայացվող ամփոփ հաշվետվությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջնորդվում է անընդհատ զարգանալու և կատարելագործվելու քաղաքականությամբ:

Ինչպես նախորդ տարիները, այնպես էլ՝ 2016 թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար նոր ձեռքբերումների տարի էր: Վստահորեն կարող ենք նշել, որ աշխատանքի արդյունավետության բարձրացման և տեխնիկական հագեցվածության առումով համակարգի բոլոր ստորաբաժանումներում գրանցվել է նկատելի առաջընթաց:

Տարածաշրջանում մարդասիրական արձագանքման միակ կենտրոնը բացվեց Հայաստանում

ՀՀ Կոտայքի մարզում գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Այն կնպաստի նաև տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցող արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:
Կենտրոնի ստեղծումը պայմանավորված էր ոչ միայն «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով, այլև համապատասխանում է «ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման» ծրագրին և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարությանը:

Աղետի գոտում աշխատանքի համար նախատեսված նոր շարժական կառավարման կայաններ

Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհային աջակցության շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրել գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք հագեցված են աղետի գոտում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում հանդիսանում են որպես.
• ՀՀ ԱԻՆ շարժական կառավարման կետ
• ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կառավարման կետ
• ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ շտաբ
• ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայություն
• ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության կառավարման կետ
• ՀՀ ԱԻՆ շարժական լրատվական կենտրոն
Շարժական կենտրոնները կարող են գործել եղանակային բարդ պայմաններում (ամռանը մինչև +45օC, իսկ ձմռանը մինչև -25օC) և տեղափոխել 10 մարդ:
Ավտոմեքենաները պատրաստվել են հատուկ պատվերով, ներքին հարդարման աշխատանքները կատարվել են ջերմակայուն և անջրանցիկ նյութերով:

Ձնաբքից մարդկիկ կպաշտպանվեն հատուկ շարժական հենակետերում

Տարեսկզբին հանրապետության տարածքում գրանցված առատ տեղումները և որոշ մարզերում ձնաբքի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները հաշվի առնելով՝ ՀՀ ԱԻ նախարարությունն Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ծավալեց ժամանակավոր հենակետեր` ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Սահմանված տարածքներում տեղադրված արագ ծավալվող, մետաղական և պնևմատիկ հենաձողերով, երկշերտ ծածկով վրանները հագեցած են մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով: Նմանատիպ վրանները նախատեսված են նաև դաշտային աշխատանքների համար և կարող են ծառայել որպես տեղում կազմակերպված փոքր շտաբեր` արագ արձագանքման ծառայությունների համար:
Վրանները ջրակայուն են և հագեցած են տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Հենակետերում քաղաքացիներին սպասարկում են հատուկ բուժպատրաստում անցած մասնագետներ: Այս օրերին նույնպես հենակետերն արդեն ծավալված են:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության գործունեությունը հիմնական ուղղությունները

• Հանրապետության տարածքային պաշտպանության համակարգի ձևավորում.
• Անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ ռազմական և փրկարարական տեխնիկայով ու գույքով հագեցած բարձր պատրաստականություն ունեցող քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծում.
• ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորումը և զարգացում.
• Հանրապետության տարածքում բնակչության կենտրոնացված ազդարարման ժամանակակից համակարգի ներդնում.
• ՀՀ Տավուշի ու ՀՀ Լոռու մարզերի ՔՈՓ թիմերի՝ INSARAG չափանիշներին համապատասխան ներքին որակավորման անցկացում.
• Նախարարության նյութատեխնիկական ապահովման տեխնիկայի սպասարկման միասնական բազայի ստեղծման և համապատասխան սարքավորումներով համալրման գործընթաց:

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել է 15.439 ելք (2015թ.՝ 21.064), որը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.625-ով կամ 27%-ով:
2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հրդեհի դեպքերի արձագանքման ուղղությամբ հատուկ և հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից իրականացվել է 5436 մեկնում, փրկարարական և այլ աշխատանքների իրականացման նպատակով՝ 9452 մեկնում:
Հրդեհների զգալի մասը՝ 1943 կամ 44.9%-ը (Երևանում՝ 587 հրդեհ) առաջացել է բուսածածկ տարածքներում (2015թ.՝ 3918): Բնակելի հատվածում առաջացել է 535 հրդեհ կամ 12.4% (2015թ.` 639): Աղբի և աղբատարների հրդեհները կազմում են 537 դեպք կամ 12.4% (2015թ. 553): Տրանսպորտային միջոցներում առաջացել է 207 հրդեհ կամ 4.8 % (2015թ. 192):
Վերլուծությունը ցույց է տալիս որ բուսածածկ տարածքներում, բնակելի հատվածում, աղբի և աղբատարներում հրդեհների դեպքերը հաշվետու ժամանակահատվածում՝ 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են համապատասխանաբար 1975, 104, 16 դեպքով կամ 50.4 %-ով, 16.3%-ով, 3%-ով, սակայն 15 դեպքով՝ կամ 8%-ով աճել են տրանսպորտային միջոցներում գրանցված հրդեհների դեպքերը:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ստեղծման ուղղությամբ՝ հենակետեր են ստեղծվել ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ, Ներքին Կարմիր Աղբյուր համայնքներում: Ընթացքում են Տավուշի մարզի Այգեպար, Պառավաքար, Մովսես, Չինարի, Սարիգյուղ, Կոթի, Ոսկևան և Բերդավան համայնքների հենակետերի շինարարական աշխատանքները:
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ 7 համայնքներում ուսումնասիրվել են առկա պաշտպանական կառույցները, համատեղ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ ընտրվել են արագ կառուցվող թաքստոցների կառուցման վայրերը, ցուցաբերվել է մեթոդական օգնություն առկա պաշտպանական կառույցները նորմատիվ պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

2016թ. ընթացքում փրկարարական ուժերի պատրաստության բարձրացման նպատակով անցկացվել են տարաբնույթ թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ մասնավորապես կարևորագույն օբյեկտներում անցկացվել են թվով 250 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

INSARAG չափորոշիչներով որակավորված թիմերի պատրաստականության աստիճանի ապահովման ուղղությամբ՝ ՀՀ Սյունիք, ՀՀ Տավուշի, ՀՀ Լոռու, ՀՀ Շիրակ մարզերի թիմերի հետ կազմակերպվել և անցկացվել է տարածաշրջանային 36-ժամյա վարժանքներ:

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) հետ համատեղ՝ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան՝ Երևան քաղաքի, ՀՀ Սյունիքի, ՀՀ Տավուշի, ՀՀ Լոռու, ՀՀ Շիրակի մարզերի քաղաքային որոնողափրկարարական միջին թիմերի հետ անցկացվել է 36-ժամյա վարժանք:

ՀՀ սահմանամերձ ու հեռավոր բնակավայրերում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման նպատակովՀՀ Գեղարքունիքի մարզի, Լոռու մարզի Դսեղ, Սյունիքի մարզի Գորայք համայնքներում հրշեջ-փրկարարական հենակետերի համար հատկացվել են շինություններ:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Շիրակի և Լոու մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների գույքը և ավտոմեքենաները արդիականացնելու նպատակով՝ «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, աշխատանքներ են տարվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ: Դրամաշնորհային ծրագրի համաձայն` Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Հայաստանին տրամադրել 36 միավոր հրշեջ մեքենա, 3 միավոր սանդուղքավոր մեքենա, շարժական արհեստանոց և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությունը

«911» ծառայությունում ներդրվել է՝ «911 SOS» ահազանգման հավելվածը, որը շատ դյուրին միջոց է հատուկ կարիքավոր մարդկանց համար, ովքեր ահազանգ կատարելու համար կարող են պարզապես սեղմել հեռախոսում ներբեռնված հավելվածի «ՍՕՍ» կոճակը, որից հետո ահազանգը կգրանցվի ԱԻ նախարարությունում: Ներդրվել է նաև մեկ այլ համակարգ, որը հնարավորություն է ընձեռնում քաղաքացիներին «911» համարին SMS հաղորդագրությամբ ահազանգ կատարելու:

Հետևողական աշխատանք է իրականացվել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ հոգեբանական ծառայության հետագա զարգացման և կատարելագործման ուղղությամբ: Այդ նպատակով ծառայությունը մի շարք ուղղություններով համագործակցություն է սկսել միջազգային կազմակերպությունների հետ: Մասնավորապես՝ ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությունը համագործակցում է Սեյվ դը չիլդրեն կազմակերպության հետ՝ Աղետների ռիսկի նվազեցման ներառական ծրագրի շրջանակներում: Համագործակցություն է սկսվել նաև ԵԱՀԿ գրասենյակի հետ և աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ հոգեբանական ծառայությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեց¬նելու ուղղությամբ:

Ս.թ. հունիսի 28-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ Վրաստանի Հանրապետության Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 135-րդ կմ-ում տեղի ունեցած սելավային հոսքի պատճառով փակված ճանապարհին խցանման մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին, ինչպես նաև ս.թ հոկտեմբերի 14-ին ՌԴ Վլադիկավկազ քաղաքում վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներին, որոնց ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխեցին Հայաստան՝ նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով ՃԿԱԿ կողմից «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպվել է շուրջօրյա հերթապահություն, ծավալվել են օպերատիվ արձագանքման, հոգեբանական աջակցության և լրատվական կետեր:

«911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում գրանցվել է 1.236.024 զանգ, որից 22.675-ը՝ տարաբնույթ արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգ: Բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար 3.563 և 305 ահազանգ:


Սեյսմիկ պաշտպանության ծառայություն

Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելում իրականացվում է թվով 3 շվեցարական արտադրության SMACH թվային սեյսմիկ սարքավորումների տեղադրման գործընթացը: Շվեյցարիայից ստացված թվային աքսելերոգրաֆներից թվով երկուսը արդեն տեղադրվել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում (ԳԵԴ-ում)՝ համալրելով գրունտի ուժեղ շարժումների ցանցը մեկ նոր կայանով: Այն մեծապես նպաստում է սեյսմիկ վտանգի գնահատման հուսալիության բարձրացմանը: Համագործակցելով Շվեյցարիայի գործընկերների հետ ստացվել է գրունտի ուժեղ շարժումների գրանցման 12 թվային սարքավորումներ և ներկայումս իրականացվում են դրանց տեղադրման ու կարգաբերման աշխատանքները: Վերահսկվում և ուղղորդվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ՀՀ տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման 1:500000 մասշտաբի քարտեզի կազմման աշխատանքները: Ծառայությունը մասնակցում է առավել ռիսկային դպրոցների խոցելիության գնահատման աշխատանքներին:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը գրանցել է 39 երկրաշարժ, որից 5-ի էպիկենտրոնը գտնվել են ՀՀ տարածքում: Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի կողմից կազմակերպվել և անցկացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում, ուսուցանվել են 1320 ուսուցիչներ և 943 աշակերտներ: ՍՊԾ համակարգի ՊՈԱԿ-ների կողմից կազմակերպվել և անցկացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Ընդհանուր թվով` 1399 ուսուցանված:

Սեյսմիկ ռիսկի գնահատում

Իրականացվել են ՀՀ-ի և ԼՂՀ-ի թվով 408 շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի, ինչպես նաև սեյսմիկ խոցելիության մակարդակի (աստիճանի) գնահատման աշխատանքներ և տրվել են եզրակացություններ, որից 59 դպրոցի, 5 արվեստի դպրոցի, 7 մանկապարտեզի, 18 բուժկետի և 1 հիվանդանոցի վերաբերյալ:

Հիդրոօդերևութաբանական և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն

Հանրապետության տարածքում իրականացվել են օդերևութաբանական, աերոլոգիական, հելիոերկրաֆիզիկական, հիդրոլոգիական շուրջօրյա դիտարկումներ, ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ ամենօրյա չափումներ: Կազմվել են կանխատեսումներ, տեղեկագրեր, տարեգրեր: Իրականացվել է տեղեկատվության հաղորդում համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոններին: Իրականացվել են հակակարկտային կայանքների թերությունների վերացմանն ուղղված աշխատանքներ: Ներկայացվել է 2016թ.-ի ընթացքում թերություն ունեցող հակակարկտային կայանքների ընդհանուր պատկերը և դրա վերաբերյալ կատաված վերլուծությունը: ՀՀ Արմավիրի մարզում, ՀՀ պետբյուջեի միջոցներով տեղադրվել են թվով 22 նոր հակակարկտային կայաններ:

Հայաստանում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության (ՀՕԿ) Կլիմատոլոգիայի հանձնաժողովի ղեկավար խմբի նիստ

Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության (ՀՕԿ) Կլիմատոլոգիայի հանձնաժողովի ղեկավար խմբի նիստին մասնակցում էին ՀՕԿ Կլիմատոլոգիայի հանձնաժողովի նախագահ Թոմաս Պետերսոնը, ՀՕԿ փորձագիտական խմբի տնօրեն Մաքս Դիլեյը: Միջոցառման նպատակն էր ամփոփել նախորդ տարվա արդյունքները և նախանշել հետագա անելիքները:

Աղետների բժշկության կենտրոն

Բուժօգնություն է ցուցաբերվել շուրջ 1600 ծառայողների:
911 ծառայության միջոցով բուժխորհրդատվություն է տրվել 495 բնակչի:
Վերապատրաստվել են այլ գերատեսչությունների 38 աշխատակիցներ:


Մարդասիրական աջակցությունն Արցախին համակարգում էր ՀՀ ԱԻ նախարարությունը

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախը համայն հայության օգնության և աջակցության կարիքն ուներ: ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Անհրաժեշտ պարենով և գույքով բեռնված շարասյունը մի քանի անգամ ուղեևորվեց Արցախ:

ԱԻՆ աշխատակիցները լավագույնն են
8 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ Հաշմանդամների հանրապետական 14-րդ մարզական փառատոնում:
ՀՀ ԱԻ նախարարության սայլակավոր հաշմանդամ 8 աշխատակից բասկետբոլ, ծանրամարտ, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում լավագույնների շարքերում էին:
Փառատոնի մասնակից Գրետա Վարդանյանը այս տարի Հայաստանը ներկայացրեց Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերում և գրավեց 5-րդ պատվավոր հորիզոնականը:

Նոր մասնաշենք «Արտակարգ քաղաքում»

Նպատակ ունենալով մեկ հարկի տակ հավաքել նախարարության բոլոր ծառայություններն ու գործակալությունները և ստեղծել երկրի կարիքներին ու ժամանակին համահունչ արտակարգ իրավիճակների կառավարման հզոր ու արդյունավետ կառույց՝ ընթացիկ տարում նախարարության «Արտակարգ քաղաքում» ավարտվեցին ԱԻՆ նոր՝ երրորդ մասնաշենքի վերակառուցման աշխատանքները:
Նոր մասնաշենքն ունի 4 հազար քմ աշխատանքային տարածք, որտեղ տեղակայված են գերատեսչության տարբեր ստորաբաժանումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: