Հայերեն   English   Русский  

​Թունելի վերջում լույս չի երևում. կայացավ եռյակի երկրորդ հանրահավաքը


  
դիտումներ: 1799

Ոչ իշխանական եռյակի երկրորդ հանրահավաքը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին: Այդ օրը, առաջին հանրահավաքի համեմատությամբ, աճել էին թե՛ Ազատության հրապարակում հավաքվածների ու արևածաղկի սերմ վաճառողների թիվը, թե՛ այդ մարդկանց սպասումները:

Մարդիկ տարբեր էին` ծերեր և պատանիներ, գյուղացիներ ու մտավորականներ: Շատերը հայտնվել էին պարզապես ժամանակը սպանելու համար, բայց մեծամասնությունն այդ խորհրդանշական վայրն էր եկել իր խնդիրների լուծման ուղին գտնելու հույսով:

Եթե առաջին հանրահավաքի ընթացքում ակնհայտ առաջնորդ չկար, ապա այս անգամ, դեռ ցույցը չսկսված, բոլորը սպասում էին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթին, որը խոստացել էր ներկայացնել հետագա ծրագրերը: Նրան նախորդող ելույթները թվում էին պարզապես նախերգանք գլխավոր գործողությունից առաջ:

Առաջինը խոսքը տրվեց 7or.am կայքի գլխավոր խմբագիր Անդրանիկ Թևանյանին, որն ակնհայտորեն ծանոթ չէր բազմությանը: ՀԱԿ-ի անդամ Արամ Մանուկյանը ոչ մի նորություն չասաց, բացի ուսանողների հասցեին արված վիրավորանքից: Համակարգը միայն իշխանափոխությամբ քանդելու առաջարկ արեց ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ազատության հրապարակում հավաքված բազմությունը մեծ ոգևորությամբ ընդունեց Ազատության հրապարակին, որը հերթական անգամ իշխանափոխության կոչ արեց: Առաջին նախագահի երկարաշունչ ելույթը և խոսքի բարդ կառուցվածքը որոշ պահերի շփոթության էր մատնում մարդկանց: Հատկանշական էր Տեր-Պետրոսյանի ծավալուն անդրադարձը ԵՏՄ անդամակցությանն ու անուղղակի աջակցությանը ներկայիս իշխանությունների դիրքորոշմանը: Այստեղ ակնհայտ հակասություն նկատվեց եռյակի մյուս անդամի` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը, որի վարկանիշն այդպես էլ չի վերականգնվում նախագահական նախորդ ընտրություններից հետո, կրկին արծարծեց քաղաքական բանտարկյալների թեման:

Հանրահավաքը եզրափակվեց Գագիկ Ծառուկյանի ելույթով: ԲՀԿ-ի ղեկավարն առաջարկեց ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, խաղաղ իշխանափոխություն և հայտարարեց համաժողովրդական շարժման շտաբներ ստեղծելու որոշման մասին: Ծառուկյանի ելույթն ակնհայտորեն չարդարացրեց ներկաների սպասելիքները, որոնք ավելի վճռական քայլեր էին ակնկալում այն գործչից, որը հարթակում հավաքվածներից թերևս ամենամեծ վստահությունն է վայելում ժողովրդի մեջ:

Երթի ընթացքում արդեն հավաքվածները քիչ-քիչ ցրվեցին, իսկ մնացածների և նրանց առաջնորդների միջև պատնեշը` թիկնապահների տեսքով, այդպես էլ չվերացավ:

Հ.Գ. Եռյակի առաջին հանրահավաքը մեծ շարժման սկզբնավորման տպավորություն էր թողել: Թվում էր, թե բացվել է այն ճանապարհը, որը փոփոխություններ կբերի: Սակայն երկու շաբաթվա ընթացքում ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ: Եռյակի անդամները հստակ ծրագիր չունեն և հակասական հայտարարություններ են անում անգամ հանրահավաքների ընթացքում. ծրագրերն անորոշ են, ընդդիմադիրները` անվստահելի, գաղափարախոսություն էլ չկա: Հավատ չի ներշնչում նաև այն հանգամանքը, որ եռյակի մեծամասնությունն արդեն եղել է իշխանության կազմում, և նրանցից ոչ ոք ծրագրեր չի մշակել ու չի իրականացրել: Ակնհայտ է, որ ժողովուրդը մոլորված է, չի տեսնում այն մարդկանց, որոնք ելք կգտնեն այս իրավիճակից: Ամեն դեպքում ընդդիմադիրները պատրաստվում են շարունակել պայքարը…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: