Հայերեն   English   Русский  

XXI դարի նարցիսիզմը. սելֆին` հոգեկան առողջության լուրջ սպառնալիք


  
դիտումներ: 2176

Երբևէ հաշվե՞լ եք, թե օրական քանի սելֆի եք անում, տեսնում սոցիալական ցանցերում կամ գոնե քանի անգամ եք լսում սելֆի (selfie) բառը:

Երևույթը և բառը, որոնց գրեթե ամեն պահի առնչվում ենք, անծանոթ են ավագ սերնդին. մեր տատիկ- պապիկները վստահաբար նման բառ չեն կիրառել, դրա իմաստն էլ գուցե դժվարանան հասկանալ: Բայց XXI դարում սելֆին օդ ու ջրի պես մի բան է դարձել, առանց որի երևի շատերն իրենց լիարժեք չզգան:

Նախ` փորձենք հասկանալ, թե ինչ է սելֆին ու որտեղից է այն գալիս:
Ըստ Օքսֆորդյան բառարանի` սելֆին ինքնալուսանկարն է, որը սովորաբար արվում է խելախոսով կամ վեբխցիկով, սոցիալական ցանցերում տեղադրելու նպատակով:
Ըստ Ուրբան օն-լայն բառարանի սահմանման` սելֆին ինքնալուսանկարն է, որը նախատեսվում է տարածել սոցիալական ցանցերում: Այս սահմանումը նաև ենթադրում է, որ սելֆի անողն ընկերներ չունի, և այդ նկարները տարածում է սոցիալական ցանցերում` վիրտուալ ընկերներ գտնելու նպատակով:
Չնայած սելֆի բառը նոր է, բայց ինքնանկարի երևույթը սկիզբ է առել դեռևս XIX դարում: Աշխարհում առաջին ինքնանկարն արվել է 1839 թ., երբ ամերիկյան լուսանկարչության պիոներներից Ռոբերտ Կորնելիուսն ինքն իր դագերոտիպը ստեղծեց: Քանի որ գործըթնացը դանդաղ էր կատարվում, նա կարող էր հասցնել ճիշտ պահին հայտնվել օբյեկտիվի դիմաց:
1900-ականներին հնարավոր էր ինքնանկար անել` հայելու դիմաց կանգնելով: Ռուսական արքայադուստր Անաստասիա Ռոմանովան 1914-ին` 13 տարեկանում ինքնանկար է արել` դառնալով ինքնանկար անող առաջին դեռահասն աշխարհում:
Իսկ սելֆի բառը սկսել է կիրառվել 2002-ից` ավստրալական ինտերնետ ֆորումում:
2013-ին բառը ներառվեց օքսֆորդյան անգլերեն բառարանում` հայտարարվելով տարվա բառ:
Այժմ սելֆիներ են արվում ոչ միայն երկրի վրա, այլև անգամ տիեզերքում:
Սելֆիամանիայից զերծ չմնացին նաև համաշխարհային քաղաքական գործիչները. 2013-ին ողջ աշխարհի քննարկման առարկա դարձավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի և Դանիայի վարչապետ Հելլե-Թորնինգ Շմիդթի հետ ինքնանկար էր արել Նելսոն Մանդելայի հուղարկավորության արարողության ժամանակ: 2014-ի գարնանը սելֆիի մշակույթը հասավ նաև հայաստանյան քաղաքական վերնախավին, երբ Թվիթերի փոխտնօրեն Րաֆֆի Կիրակոսյանը Սերժ Սարգսյանի հետ սելֆի արեց ու այն տեղադրեց իր միկրոբլոգում:
Ի դեպ, տարեսկզբից համաշխարհային հանրությունը քննարկում է խմբային սելֆիների անվանման հնարավոր տարբերակները: Առաջարկվում է դրանք յուսի կոչել: Դրանք էլի, ըստ էության, ինքնանկար են, քանի որ նկարում է խմբի անդամներից որևէ մեկը:
Սելֆիների գրավչությունն այն է, թե որքան հեշտ է դրանք ստեղծելը և տարածելը: Բացի այդ, ինքնանկարի հեղինակը, գործը չվստահելով այլոց, կարող է վերահսկել, թե ինչպիսին դուրս կգա լուսանկարում:
Մարդիկ սովորաբար սելֆի անելու մի քանի պատճառ են նշում, ինչպիսիք են ձանձրույթից խուսափելը, զվարճանալը, սնապարծությունը, նորաձևությունից հետ չմնալը և այլն: Սակայն, մի փոքր մտածելով, կարելի է հասկանալ, որ սա հասարակության մեջ մարդու միայնակ լինելու, օտարացման հետևանք է: Եթե նախկինում մարդիկ կենդանի շփման կողմնակից էին ու հարկ եղած դեպքում չէին խորշում անծանոթին դիմել լուսանկարելու խնդրանքով, ապա այսօր այդ մշակույթն աստիճանաբար դուրս է մղվում` տեղը զիջելով սելֆիին: Մարդն այլևս միայնակ է, եթե անգամ շրջապատված է հազարավոր մարդկանցով: Փոխարենը սոցիալական շփման բացը փորձ է արվում լրացնել վիրտուալ կյանքով: Իսկ այստեղ արդեն մարդու «արժեքը» չափվում է լայքերի ու մեկնաբանությունների քանակով: Իսկ միայնակության պարագայում վիրտուալ լայքեր հավաքելու ու էգոյին սիրաշահելու միջոցը մնում են սելֆիները:
Չնայած երևույթի համաշխարհային տարածվածությանը, մասնագետները սելֆիամանիան համարում են հիվանդություն: Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ինքնալուսանկարներով տարվելը՝ սելֆին, հոգեկան խանգարում է : Հիվանդությունն այսպես է սահմանվում. «Ինքն իրեն նկարելու և նկարները համացանցում տեղադրելու կպչուն ցանկություն` սեփական անձի նկատմամբ հարգանքի և շփման բացը լրացնելու նպատակով»: Մասնագետների կարծիքով` օրական երեք ինքնալուսանկար անելը, եթե անգամ դրանք չեք տեղադրում համացանցում, արդեն իսկ հիվանդության ախտանշան է:
Իսկ բրիտանացի մասնագետներն էլ եզրակացրել են, որ սելֆիամանիան նարցիսիզմի է հանգեցնում` պատճառ դառնալով, որ մարդիկ մոլի կերպով կենտրոնանան իրենց արտաքին տեսքի վրա: Արդեն իսկ հայտնի են ինքնալուսանկարվելուց կախվածության դեպքեր, որոնք մասնագետները փորձում են բուժել: Այսպես, բրիտանացի մի 19-ամյա տղա այնքան էր տարվել սելֆիներով, որ օրական 10 ժամ էր հատկացնում այդ գործընթացին` օրվա վերջում ունենալով շուրջ 200 լուսանկար: Հայտնի են նաև դեպքեր, երբ երիտասարդները, չկարողանալով իրենց ցանկալի սելֆին ստանալ, անգամ ինքնասպանության փորձի են դիմել:
Այնպես որ հաջորդ անգամ, երբ կուզենաք սելֆի անել, մի պահ կանգ առեք ու մտածեք` արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞: Գուցե ավելի լավ է դիմեք որևէ անցորդի ու խնդրեք Ձեզ լուսանկարել` այդպես սկզիբ դնելով ոչ վիրտուալ մի նոր ծանոթության:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: