Հայերեն   English   Русский  

Արտուշ Բալյանի պատասխանը «Արմավտո»-ի` «2000 դոլար վարկը քաղաքացուն երկսենյականոց բնակարան է արժեցել» հրապարակման արձագանքին


  
դիտումներ: 2924

Ես` Արտուշ Բալյանս, հայտարարում եմ, որ 1977 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ավարտելուց հետո որպես երիտասարդ մասնագետ գործուղվել եմ Չարենցավանի «ՆԻԻԽԻՏ» գործարան` աշխատանքի որպես ինժեներ-տեխնոլոգ:

1979 թ. Հունիսի 26-ին տեղափոխվել եմ Չարենցավանի Դարբնոցա-մամլիչային գործարան (գործարանի գլխավոր ինժեներ Ակոպովի միջնորդությամբ, որը պոլիտեխնիկական ինստիտուտում իմ դասախոսն է եղել):

Դարբնոցա-մամլիչային գործարանի տնօրենն էր հարգարժան Բուռնազյանը, որը հարգանք էր վայելում նախկին ԽՍՀՄ-ի ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում և հետագայում դարձավ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնությունում:

1980 թ. նախկին ԽՍՀՄ-ի ավտոմոբիլային արդյունաբերության մինիստրի հրամանով գործարանից 25 անձ պետք է մեկնեին հեռավոր Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջան` Ավտոպրիցեպների գործարան` աշխատելու և սովորելու, մետաղների ձուլման մասնագետներ դառնալու, նոր կառուցվող մետաղաձուլական գործարանում աշխատելու, որը հուրախություն չարենցավանցիների այսօր աշխատում է (բայց ոչ Կովալենկո Շահգալդյանի մասնակցությամբ):

Բուռնազյանի առաջարկությամբ ես նշանակվել եմ առաջին մեկնող խմբի ղեկավար: Իմ գործուղումը տևել է մոտ մեկ տարի, միաժամանակ զբաղվել եմ գործարանի համար սարքավորումների, հաստոցների ներկրման առաջադրանքներ կատարելով:

1981-ից (01.28) տեղափոխվել եմ Չարենցավաի «Կենտրոնաձուլ» գործարան մասնագիտական աշխատանքի: Գործարանը հետագայում վերանվանվել է «Չարենցավաի ավտոբեռնիչների գործարան», հետագայում` 1982–1992 թթ.` «Հայավտո» արտադրական միավորում, որի տնօրենները եղել են Բուռնազյանը, հետագայում Ջիմ Զավենի Աբրահամյանը:

Գործարանը վերանվանվել է «Արմավտո» ԲԲԸ 1992 թ. հետո:

Վերոգրյալ հայտարարությունից պարզ երևում է, որ ես՝ Արտուշ Բալյանս, «Արմավտո» ԲԲԸ-ի նախկին աշխատակից երբեք չէի կարող լինել և Կովալենկո Շահգալդյանի ենթակայության տակ չեմ աշխատել, ինչպես ներկայացնում է «Անկախի» «2000 դոլար վարկը քաղաքացուն երկսենյականոց բնակարան է արժեցել» նյութի արձագանքի հեղինակը:

Գործարանը վերանվանվել է «Արմավտո» ԲԲԸ 1992 թ. այսպես կոչված սեփականաշնորհման արդյունքում, երբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, իսկ վերանվանված «Արմավտո» ԲԲԸ-ն պարապուրդի վիճակում էր, հենց այդ ժամանակ էլ Կովալենկո Շահգալդյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Թելման Տեր-Պետրոսյանի միջոցով հաջողացնում է դառնալ չաշխատող գործարանի՝ այսպես կոչված «Արմավտո» ԲԲԸ-ի տնօրեն:

Իսկ ո՞ւր անհետացան գործարանի իրական տերերը՝ Ջիմ Աբրահամյանը, գործարանի տեխնիկական գծով տնօրենի տեղակալ, հետագայում տնօրենի պաշտոնակատար Աշոտ Մելիքյանը, գործարանի ինժեներա-տեխնիկական աշխատողները, որոնք հիմնականում Երևանից էին և շատ արժանավոր մարդիկ, որոնց աշխատանքով ու քրտինքով էր կառուցվել այդ գործարանը: Նրանք գործարանում թողել էին հարյուրավոր տոննաների հասնող գործիքային լիգերացված թանկարժեք պողպատներ, պատրաստի արտադրանք` ավտոբեռնիչներ, անավարտ տարբեր արտադրատեսակներ և այլն, հարյուրավոր միլիոնների հասնող չգույքագրված ապրանքներ: Սեփականաշնորհման ժամանակաշրջանում` 1992-2000 թթ., Չարենցավան քաղաքում հանրապետական նշանակության գործարանները բառացի ենթարկվում էին թալանի, թալանվում էր ժողովրդի սեփականությունը և վաճառվում պարսիկներին, և ժողովրդի ունեցվածքի վաճառքից ստացված գումարով գնում էին զանգվածային գործազրկության պայմաններում չաշխատող բանվորների բաժնետոմսերը չնչին գումարներով: Այդ ամենի մասին մենք քաջատեղյակ ենք, գիտենք, թե ովքեր էին հեղինակները և ինչպես էին մեր հաշվին դառնում միլիոնատեր, նույնիսկ` պատերազմի ժամանակաշրջանում` 1990-1994 թթ.:

Իսկ ես` Արտուշ Բալյանս, համարվելով Չարենցավանի քաղաքային խորհրդի պատգամավոր և Արցախի օգնության հանձնաժողովի նախագահ, հանրապետական նշանակության հսկա գործարաններից մեկի` Չարենցավաի «Կենտրոնաձուլ» գործարանի գլխավոր մետալուրգ, Չարեցավանի 27-հոգանոց կամավորական ջոկատի կազմում Արցախյան պատերազմի ամենաթեժ հատվածներում կռվել եմ նաև ձեզ նման երախտամոռների ու թուրքի հոգեբանությամբ օժտված ստորաքարշների, քծնող ու սպասարկող փայատերերիդ կամ, ինչպես դուք եք անվանում, բաժնետերիդ համար: Այսքանը: Մնացածը թողնենք պատմության դատին և անհրաժեշտության դեպքում հրապարակենք առանձին հոդվածներով:

Արձագանքի հեղինակն ինձ համար անծանոթ ազգանուն է, սակայն ինձ համար պարզ է, որ հոդվածը շինծու է և զրպարտության փորձ, սակայն նշմարվում է իրական հեղինակի կերպարը:

Անհաջող–հոդվածագիրը և զրպարտիչը կասկած է հարուցում իմ հիշողության նկատմամբ և առաջարկում է հանուն արդարության շարունակել պարզաբանումները: Ընդառաջ գնալով զրպարտիչի ցանկությանը, հանուն արդարության շարունակում եմ:

Չարենցավան քաղաքում աշխատած իմ առաջին տարիներին Չարենցավանի ՆԻԻԽԻՏ գործարանում՝ 1977-1979 թթ., ես աշխատել եմ գործարանի տնօրեն Ռազմիկ Հովաննիսյանի ենթակայության ներքո, և որի հետ միասին ես եղել եմ 1999 թ. Չարենցավանի քաղաքապետի թեկնածու Դորվարդ Դովալաթյանի վստահված անձը: Ընտրարշավի ժամանակ Չարենցավանի հեռուստատեսությամբ հրապարակայնորեն միասին ելույթ ենք ունեցել և պաշտպանել Հայաստանի հանրապետական կուսակցության Չարենցավաի տարածքային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Երկարպահ կամավորականների միության Չարենցավանի տարածքային բաժանմունքի միասնական թեկնածու, Հայաստանի հանրապետական կուսակցության Չարենցավաի տարածքային կազմակերպության նախագահ Դորվարդ Երվանդի Դովլաթյանի (երջանկահիշատակ) թեկնածությունը: Օրեր անց Կովալենկո Շահգալդյանի հարազատներից մեկը խնդրում է ինձ միասին հանդիպել Կովալենկոյի հետ ընտրության հարցով:

Հանդիպման ընթացքում Կովալենկոն առաջարկում է իմ միջնորդությամբ հանել Հայաստանի Հանրապետական կուսակցության Չարենցավանի տարածքային կազմակերպության և Երկարպահ կամավորականների միության Չարենցավանի տարածքային բաժանմունքի միասնական թեկնածու Դորվարդ Երվանդի Դովլաթյանի թեկնածությունը:

Իմ կողմից մերժվում է այն պարզ պատճառով, որ ինքը մեր կուսացությունից չէ, իրեն հեռուստատեսությամբ սկսված քարոզարշավով պաշտպանում է «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը, որ բարձրացված հարցը քննարկման հարց կդառնար այն դեպքում, եթե ինքը լիներ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ: Նա ասաց, որ մեծ գումար է դնելու և դառնալու է քաղաքապետ:

Այսքանով մենք բաժանվել ենք իրար դեմ պայքարելու վճռականությամբ:

Հաշված օրեր անց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի տեղակալ Միրոյանը հեռուստատեսությամբ հայտարարում է, որ Չարենցավան քաղաքում ՀԺԿ-ի Չարենցավանի քաղաքապետի թեկնածուն համարվում է Կովալենկո Շահգալդյանը:

Հաջորդ օրը ես ՀՀ Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի նախագահ և միաժամանակ Կոտայքի մարզի Հանրապետական կուսակցության ղեկավարի հետ մեկնում եմ Երևան Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Անդրանկ Մարգարյանի մոտ` պարզաբանելու Միրոյանի ելույթը:

Անդրանիկ Մարգարյանը մեզ ասում է, որ Կարեն Դեմիրճյանը Վազգեն Սարգսյանին համոզել է, որ Չարենցավան քաղաքում քաղաքապետի թեկնածուն պետք է լինի Հժկ-ից Կովալենկո Շահգալդյանը: Բայց քանի, որ ընտրարշավն արդեն սկսված էր և հեռուստատեսությամբ հրապարակայնորեն պաշտպանում էինք Դովլաթյանի թեկնածությունը, հանել Դովլաթյանի թեկնածությունը հնարավոր չէր, և մենք գնացինիք բացահայտ պայքարի թեʹ ընտրությունների օրը և թեʹ դրանից հետո` իր բոլոր հետևանքներով հանդերձ (անհրաժեշտության դեպքում, ինչպես արձագանքի հեղինակն է ցանկանում պարզաբանել, ես ստիպված կլինեմ ներկայացնել 1990-ից առ այսօր Չարենցավան քաղաքի մութ ու դժգույն էջերը):

Արցախյան ազատամարտի տարիներին Չարենցավանի աշխատավոր ժողովրդի ներդրած զգալի ավանդի և Չարենցավան քաղաքի զոհված, վիրավոր և ողջ մնացած ազատամարտիկների հերոսական կեցվածքի մասին ես տեղյակ եմ ավելի, քան որևիցե մեկը, ես ցանկանում եմ իմ վրա ցեխ շպրտող հոդվածի հեղինակին հիշեցնել, որ 1990-1995 թթ. ես, անընդհատ գտնվելով մարտական գործողությունների մեջ, միաժամանակ համարվել եմ Չարենցավանի քաղաքային խորհրդի պատգամավոր և քաղաքային խորհրդի Արցախի հարցերով հանձնաժողովի նախագահ, և Չարենցավանի «Կենտրոնաձուլ» գործարանի գլխավոր մետալուրգը (կա աշխատանքային գրքույկ, գրավոր, իրեղեն և այլ անվիճելի ապացույցներ) և գտնվելով զինվորական ծառայության մեջ` ես երբևիցե ժամանակ չեմ ունեցել զբաղվելու գործարանի սեփականաշնորհման հարցերով, չնայած լրիվ ունեցել եմ դրա հնարավորությունը:

Չարենցավանի իմ գործարանի՝ «Կենտրոնաձուլ» գործարանի տնօրենները, որոնց ենթակայության տակ ես աշխատել եմ, եղել են ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սանասար Մելտոնյանը և Ռազմիկ Թովմասյանը:

ՀՀ ողջ տարածքում հայտնի է 1988-1994 թթ. Չարենցավանի «Կենտրոնաձուլ» գործարանի աշխատավորական կոլեկտիվի զգալի ավանդը Արցախյան պատերազմի հաղթանակի գործում, որի համար ես երախտապարտ եմ եղել գործարանի թեʹ տնօրինությայնը և թեʹ ողջ աշխատավորական կոլեկտիվին:

1992 թ. Արցախյան պատերազմի ծանր ժամանակաշրջանում` Սանասար Մելտոնյանի տնօրինության օրոք իմ գործարանի զգալի ֆինանսական աջակցության շնորհիվ, Չարենցավանի քաղաքապետ Կարապետ Կարապետյանի միջնորդությամբ իմ մեկսենյականոց բնակարանը փոխարինվել է երկսենյականոց բնակարանով, որը և Չարեցավանի քաղաքապետ (1999-2002թթ.), հետագայում մարզպետ նշանակված Կովալենկո Շահգալդյանի կողմից ներկայացված իմ դեմ դատական հայցով խլվում է, խլվում է համատեղ սեփականության իրավունքով իմ երեխաներին պատկանող սեփականությունը: Փաստորեն ստացվում է, որ Կովալենկո Շահգալդյանը ոչ թե ինձ երաշխավորել է, այլ տոկոսով փող է տվել` 2000 ԱՄՆ դոլարը հասցնելով 4000 ԱՄՆ դոլարի: Որ՞ն է այստեղ ինձ լավություն անելու փաստը, որ հիմա, մարդկային արժանապատվությունը կորցրած, փորձում եք ինձ վրա ցեխ շպրտել, անամոթաբար փորձում եք ինձ մեղադրել երախտամոռության մեջ:

1993 թ. սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում ծավալված ազատագրական մարտական գործողությունների ընթացքում մարտական առաջադրանքը կատարելիս ծանր վիրավորվել եմ, իսկ իմ մարտական ընկերը` Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Էդիլլու գյուղից հետախույզ սակրավոր Սերգո Ավագյանը տեղում զոհվել է:

Անցել եմ երկար բուժման ժամանակաշրջան, հետագայում` 1995 թ., նշանակվել եմ Չարենցավանի զինկոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ:

Հարկ եմ համարում նշել, որ 1990-1994 թթ. Արցախյան պատերազմի ընթացքում և պատերազմից հետո իմ երեխաներն ինձ հետ կրել են թեʹ պատերազմի և թեʹ պատերքազմի հետևանքների ողջ ծանրությունը:

1996 թ. ընտրվել եմ ՀՀ Երկրապահ կամավորակաների միության Չարենցավանի տարածքային բաժանմունքի նախագահ և զինվորական ծառայության հետ միաժամանակ զբաղվել զոհված, վիրավոր և գործազուրկ ազատամարտիկների բազմաթիվ սոցիալական խնդիրներով: Կարող էի այլոց նման զբաղվել փող շինելով, գնել ուրիշների վաուչերներ և դառնալ ասենք Շահգալդյանների նման սեփականատեր, այդ հնարավորությունը ինձնից ավելի շատերը չեն ունեցել, բայց ես գերադասել եմ լուծել զոհված, վիրավոր և գործազուրկ ազատամարտիկների ընտանիքներիֆինանսական և սոցիալական խնդիրները, այդպես էր հանձնարարված սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից, և մենք այն սրբությամբ կատարում էինք:

1990-1999 թթ. ժամանակաշրջանում Չարենցավանի քաղաքապետների (Յուրա Իշխանյանի, Կարո Կարապետյանի, Վարդան Այվազյանի) կողմից հնարավորությունների սահմաններում բաժանմունքին ցուցաբերվել է զգալի ֆինանսական և նյութական օգնություն, որի վերաբերյալ անհրաժետ հաշվետվությունների կրկօրինակներն առ այսօր պահպանվում են ինձ մոտ:

2000 թ. (երբ արդեն գնդակահարված էին «Միասնության դաշինքի» երկու քաղաքական առաջնորդները` Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը)` Կովալենկո Շահգալդյանի Չարենցավանի քաղաքապետ լինելու ժամանակ, անսպասելի զինվորական ոստիկանները շրջապատում են իմ ծառայողական գրասենյակը Չարենցավանի զինվորական կոմիսարիատում և բնակարանը Չարենցավան քաղաքում, իրականացնում են խուզարկություններ` պատճառաբանելով, թե իմ վերաբերյալ բողոք է գնացել վերևներ: Ես, գտնվելով ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայությամ մեջ, 2001 թ. նշանակվելով N զորամասի թիկունքի պետ, տեղափողվել եմ Չարենցավան քաղաքից:

(Անհրաժեշտության դեպքում պարզաբանումները կշարունակվեն:)

ԱՐՏՈՒՇ ԲԱԼՅԱՆ

Արցախյան պատերազմի վիրավոր ազատամարտիկ,

պահեստազորի փոխգնդապետ, 1996-2010 թթ. ՀՀ Երկրապահ կամավորականների միության Չարենցավան քաղաքի տարածքային բաժանմունքի նախագահ, Չարենցավան քաղաքի Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր


Կարող եք կարդալ նաև նյութը`2000 դոլար վարկը քաղաքացուն երկսենյականոց բնակարան է արժեցել

և «Արմավտո» ընկերության արձագանքը նյութին `«Արմավտո»-ի արձագանքը «2000 դոլար վարկը քաղաքացուն երկսենյականոց բնակարան է արժեցել» նյութին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: