Հայերեն   English   Русский  

​1955 թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը և ոչ մահմեդական փոքրամասնությունները Թուրքիայում


  
դիտումներ: 1833

1950 թ. Թուրքիայում իշխանության եկավ Դեմոկրատական կուսակցությունը` երկրում սկիզբ դնելով բազմակուսակցական համակարգին:

Թվում էր, թե Թուրքիան կբռնի ժողովրդավարացման ուղին՝ փոխելով իր քաղաքականությունը նաև ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ի դեպ, Դեմոկրատական կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավների ընթացքում քննադատում էր նախորդ իշխանությունների կիրառած ունեցվածքի հարկը և խոստանում ընտրվելու դեպքում փոխհատուցել ոչ մուսուլմանների ֆինանսական կորուստները: Սակայն ԴԿ առաջնորդ Ջելալ Բայարի այս քայլը, անկասկած, ազգային փոքրամասնությունների քվեները շահելու նպատակ էր հետապնդում: Իրականում նոր իշխանությունների քաղաքականությունը երկրի ոչ մահմեդական քաղաքացիների նկատմամբ մնաց նույնքան անհանդուրժող և մերժողական: Դրա վառ ապացույցը դարձան 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը:

1955 թ., երբ Լոնդոնում բանակցություններ էին ընթանում Կիպրոսի հարցով, Թուրքիայում թեժանում էին հակահունական տրամադրությունները: Սեպտեմբերի 6-ի կեսօրին ռադիոյի և թերթերի միջոցով երկրով մեկ տարածվեց Սալոնիկում տեղակայված Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան ռմբակոծման մասին լուրը: Սա պատճառ դարձավ, որ Ստամբուլում ու Իզմիրում սեպտեմբերի 6-7-ը ավազակային հարձակումներ իրականացվեն հույների, ինչպես նաև հայերի տների, խանութների, արհեստանոցների, եկեղեցիների, գերեզմանների վրա թալանելով ու ավերելով դրանք:
Այդ տարիներին որպես նավաստի աշխատող Միքդաթ Ռեմզին դեպքերից տասնյակ տարիներ անց, որպես իրադարձությունների անմիջական մասնակից, պատմել է տեղի ունեցածի մանրամասները: «Այդ օրը ընկերոջս հետ Թոփհանեում էի գտնվում: Հանկարծ իրարանցում սկսվեց, տեսանք, որ մարդիկ այս ու այն կողմ են վազում: Լսեցինք, որ Աթաթուրքի տունն է ռմբակոծվել: Մարդիկ, իհարկե, զայրացան: Սկսեցին կոտրել խանութների ապակիները և վերցնել այնտեղ եղած-չեղածը: Ոստիկանները ևս սադրում էին այդ գործողությունները: Ի՞նչ անեինք, մենք էլ միացանք: Ինչքան հունական, հայկական, հրեական, ասորական խանութներ կային, բոլորը մտանք, ներխուժեցինք նրանց տները: Այնպիսի խառնաշփոթ էր ստեղծվել, որ Իսթիքլալ պողոտայում երկու օր շարունակ տրամվայը չէր կարողանում աշխատել: Փողոցները պատված էին կտորեղենով, վարագույրներով ու զանազան ապրանքներով»,- պատմում է Ռեմզին:
Սեպտեմբերի 6-7-ի դեպքերի հետևանքով հունական համայնքի հետ միասին նյութական մեծ կորուստներ կրեցին նաև հայերը: Ըստ թուրք գիտնական Դիլեք Գյուվենի՝ սեպտեմբերյան դեպքերի հետևանքով մոտ 10-15 հոգի է մահացել, քանի որ հրամայված էր ոչ ոքի չսպանել: Պաշտոնական տվյալներով՝ այդ օրերին մոտ 30 մարդ է վիրավորվել, իսկ ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը տասն անգամ ավելի է՝ 300 հոգի: Բացի այդ, հարձակման են ենթարկվել 1004 տուն, որոնցից 150-ը` հայկական, 4214 խանութ-արհեստանոց, որոնցից 900-ը` հայկական, 73 եկեղեցի, 1 սինագոգ, 2 վանք, 26 դպրոց, 5317 գործարան, հյուրանոց, գինետուն:
Ուշագրավ է, որ ստամբուլյան իրադարձությունների տագնապը հասել էր նաև գավառահայությանը: Այդ տարիներին Ամասիայի Գյումուշհաջըքյոյում բնակվող հայերից մեկը հիշում է, որ Ստամբուլում տեղի ունեցող դեպքերից ահաբեկված մայրը կարգադրել էր փակ պահել տան դուռը, քանի որ փողոցներում շարունակ հակահունական ու հակահայկական կոչեր էին հնչում:
Խոսելով 1955 թ. տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ պետք է նշել, որ դրանք նպատակ ունեին ոչ միայն վերջնականապես հարստահարել ոչ մահմեդական բնակչությանը, այլև նրանց միջավայրում ստեղծել վախի մթնոլորտ՝ այդպիսով հող ստեղծելով նրանց զանգվածային արտագաղթի համար: Հետևելով վիճակագրական տվյալներին՝ կարելի է փաստել, որ թուրքական իշխանությունների վարած այս քաղաքականությունը տվեց իր պտուղները: Այսպես, եթե 1955 թ. Թուրքիայում 79691 հունախոս բնակչություն էր ապրում, ապա 1960 թ. այդ թիվը նվազեց՝ հասնելով 65139-ի, իսկ 1965 թ.՝ 48096-ի: Ինչ վերաբերում է հայերին, ապա 1955 թ. նրանց թիվը հասնում էր 70000-ի, իսկ ահա 1965-ին՝ 56376-ի: Եվ սա այն պարագայում, երբ XIX դարի սկզբին Ստամբուլի հայերի թիվը հասնում էր 150 հազարի, իսկ արդեն 1880-ականներին՝ 250 հազարի:
Այսօր` 1955 թ. ստամբուլյան դեպքերից գրեթե 60 տարի անց, տեղի հայ համայնքի թիվը ընդամենը 55-60 հազար է: Հայերը շարունակում են պահպանել փոքրամասնության իրենց կարգավիճակը վերջին տասը տարիներին Թուրքիայիում իշխանության գլխին գտնվող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարության ներքո: ԱԶԿ-ի իշխանության տարիներին որոշակիորեն բարելավվեցին համայնք-պետություն հարաբերությունները՝ ճանապարհ հարթելով համայնքային մի շարք խնդիրների մասնակի լուծման համար: Այնուհանդերձ, թուրքական իշխանությունները, չհրաժարվելով ոչ մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ խտրական և անհանդուրժողական վերաբերմունքի դարավոր ավանդույթներից, շարունակում են առանց լուծման թողնել համայնքային մի շարք խնդիրներ:
Ակնհայտ է, որ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական որ ուժն է գտնվում իշխանության գլխին, ոչ մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ թուրքական պետական քաղաքականությունը մնում է անփոփոխ` մերժողական:
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: