Հայերեն   English   Русский  

​Առողջ հասարակություն ունենալու համար պակասում է կնոջ ինքնագիտակցությունը


  
դիտումներ: 3098

Մեր օրերում` XXI դարում, երբ թվում է, թե այլևս ավելորդ է կնոջ և տղամարդու հավասարության հիմնավորումներ ներկայացնել ու պայքարել դրա համար, հայաստանյան իրականությունում այս պարզ ճշմարտությունը դեռ թյուրըմբռնումների տեղիք է տալիս ու հակասական դրսևորումներ ունենում:

Ընդհանրապես կա մարդկանց մի խումբ, որը պնդում է, թե մեզ մոտ իրավահավասարության խնդիր չկա, կինը ընտանիքում և հասարակությունում ճնշված չէ: Մյուս խումբը պնդում է ճիշտ հակառակը` կինը հոգեբանորեն ու ֆիզիկապես ճնշված է ու ազատագրվելու կարիք ունի:

Իսկ իրականությունը թվարկված երկու մոտեցումների ցավալի խառնուրդն է. դրանում կարելի է համոզվել մի քանի օր Երևանից դուրս ապրելով, հատկապես` Մարտունու տարածաշրջանում, որտեղ մեծ է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Առաջին հայացքից թվում է, թե մտածողության առումով այստեղ պետք է մի քայլ առաջ լինեինք. մարդիկ տարվա կեսից ավելին անցկացնում են մի միջավայրում, որը կնոջ և տղամարդու բոլորովին այլ իրավահարաբերություններ է ենթադրում: Բայց արի ու տես, որ որքան շատ են ազատ մտածելակերպի ականատեսը դառնում, այդ մարդիկ իրենց ընտանիքներում այնքան ավելի վատ առումով ավանդապահ են դառնում` կնոջը զրկելով ինքնուրույնությունից:

Նախ, հասկանանք իրադրությունը: Որքան էլ խոսենք կնոջ ու տղամարդու հավասարության մասին, մեր հասարակությունում կան կնոջ և տղամարդու հստակ դերային բաժանումներ, որոնք, չհաշված բացառությունները, պահպանվում են: Օրինակ, ճաշ եփելը համարվում է կնոջ գործ, և հիմնականում այդ պարտականությունը կանայք են կատարում: Նույն տրամաբանությամբ, օրինակ, շինարարությունը կամ նման աշխատանքը համարվում է տղամարդու գործ, ուստի տանը «դզել-փչելու» պարտականություններն իրականացնում է տղամարդը: Բայց այսօր Հայաստանում այդ պատկերացումների որոշակի շիլաշփոթ է առաջացել. կնոջ գործ հասկացությունը պահպանվել է, կան գործեր, որոնք երբևէ տղամարդիկ չեն անում, սակայն տղամարդու գործ հասկացությունն իսպառ վերացել է. կանայք անում են ամեն գործ, այդ թվում և այնպիսիները, որոնք նախկինում զուտ տղամարդուն էին վերագրվում:

Համոզվելու համար ամռան ամիսներին Գեղարքունիքի մարզ կարելի է այցելել: Այստեղ կինը և՛ տան հայրն է, և՛ մայրը: Կինն է ճաշ եփում, տուն մաքրում, հող մշակում, անասուն պահում, խոտ հնձում, փայտ կոտրում, անգամ պատ շարում: Նկարագրվածն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն է, որ այստեղ ամռան ամիսներին տղամարդկանց պակասություն կա. մեծամասնությունը գարնանն արտագնա աշխատանքի է մեկնում ու վերադառնում ձմեռնամուտին: Իսկ կյանքը, թեկուզև առանց տղամարդկանց, շարունակվում է, ուստի կինը ստիպված ստանձնում է նաև նրա պարտականությունները կյանքի բոլոր ոլորտներում: Եվ քանի որ այդ պարտականությունները կինը կրում է տարվա կեսից ավելին, դա աստիճանաբար սովորույթի ուժ է ձեռք բերում ու դառնում օրինաչափություն: Այստեղ արդեն հանրության աչքին անսովոր, խորթ է թվում այն իրավիճակը, երբ կինը չի կարողանում կամ չի ցանկանում տղամարդու գործ ասվածը ևս վերածել կնոջ գործի:

Սակայն սրա հետ մեկտեղ երկու ցավալի հանգամանք կա. նախ` տղամարդկանց մտքով չի էլ անցնում, որ երբեմն-երբեմն իրենք էլ կարող են աջակցել իրենց կողակիցներին` ինչ-որ պահի իրենց վրա վերցնելով կնոջը վերագրված գործերից որևէ մեկը, օրինակ` գիշերը լացող երեխայի խնամքը:

Հաջորդ խնդիրն այն է, որ մարդկանց մտածողությունը, չնայած կենցաղին, առաջ չի գնում. ռուսաստանյան նիստուկացը տեսած տղամարդիկ ընդունում են այն, բայց ոչ իրենց ընտանիքում. իրենց տանը կանայք չունեն որոշում կայացնելու, ձայն բարձրացնելու, ինքնուրույնության իրավունք, դա միայն և միայն տղամարդկանց մենաշնորհն է:

Թվում է` գոնե կանայք, որոնք տեսնում են, որ իրենց համար տղամարդու գործ ասվածը սահման չէ, որ իրենք էլ կարող են կենցաղում անել այն ամենը, ինչ տղամարդիկ, չեն հանգում այն գաղափարին, որ կենցաղում ու կյանքում կինն ու տղամարդն ունեն նույն իրավունքները, երկուսն էլ հավասարազոր մարդիկ են:

Հատկապես միջին ու բարձր տարիքի կանանց հետ զրուցներից պարզ է դառնում, որ հենց իրենք իրենց ստորադասում են տղամարդկանց, ինքնակամ զրկում իրենց ինչ-որ բան անելու իրավունքից: Օրինակ` շատ տեղերում համարվում է, որ կինը չի կարող միայնակ տաքսի նստել, կամ տղամարդը կարող է որքան ուզենա դավաճանել կնոջը, սիրուհիներ ունենալ, իսկ կինը պետք է դա լուռ ընդունի ու համակերպվի (ամուսնու դավաճանության հետ չհամակերպվող կանանց անգամ մեղադրում են ընտանիքը քանդելու մեջ):

Եթե այսքան ցավալի չլիներ իրողությունը, կարելի էր անգամ ծիծաղել: Գարեգին Նժդեհն ասում էր. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Այս պարագայում ևս: Իհարկե, դժվար է միանգամից արմատական փոփոխություն անել: Բայց եթե այսօրվա մայրերը գիտակցեն ստեղծված իրավիճակի անհեթեթությունը, կդաստիարակեն իրենց արժեքն ու դերը գիտակցող աղջիկների և կանանց հարգող տղաների: Արդյունքում` կունենանք առողջ ընտանիք, որից և սկսվում է հասարակության առողջությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: