Հայերեն   English   Русский  

Գնացքից թռչելու ժամանակն է,շարունակություն


  
դիտումներ: 1699

Սկիզբը այստեղ:Բանն այն է, որ ինչպես մենք նկատեցինք վերը, Մ.Գորբաչովը փորձում է միաժամանակ լուծել երկու իրարամերժ խնդիրներ: Մի կողմից ապահովել երկրի դեմոկրատական, տնտեսական զարգացումը՝ աշխատելով գնալ համաշխարհային առաջընթացի ուղղությամբ, մյուս կողմից՝ ձգտում է անհավասարաչափ զարգացման, դավադրությունների, զորքի, տնտեսական և ազգային խայծերի միջոցով անցման շրջանում պահպանել կայսրության տարածքային ամբողջությունը:

Համոզվելով, որ երկու խնդիրը միաժամանակ լուծել հնարավոր չէ, նա, իմ կարծիքով, ընտրելով համաշխարհային առաջընթացի ուղին, ստիպված եկել է այն եզրակացության, որ պետք է համակերպվել տարածքային որոշ կորուստների մտքին: Իհարկե, ինչքան քիչ, այնքան լավ: Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ինքը՝ ռուս ժողովուրդը, համաձայնի դրան:

Գորբաչովը մի կողմից սկսում է ռուս ժողովրդի մեջ զգուշությամբ ներարկել այդ գաղափարը, մյուս կողմից՝ անսպասելիորեն խոսում է ՙպապերի արյունով նվաճված՚ տարածքները չկորցնելու մասին: Դա նրա սիրած քաղաքականությունն է: Սկզբում հրում է հարցը առաջ, ստեղծում հասարակական կարծիք, հետո սկսում է զսպել, որպեսզի գործընթացը վտանգավոր արագություն և մեծ չափեր չստանա, միաժամանակ խոսելով հակառակ ընթացքի մասին՝ իր համար ալիբի է ապահովում: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել: Հիշենք միայն մեկը. նա նույն ձևով վարվեց բազմակուսակցական համակարգի անցնելու գործում: Երբ 1988թ. անսպասելիորեն սկսեց խոսել այն մասին, որ բացի կոմունիստականից, ուրիշ կուսակցություններ պետք չեն, շատերին հասկանալի դարձավ, որ կոմունիստական կուսակցության մենիշխանությունը դատապարտված է: Գորբաչովն ինքն իրեն միշտ վերագրում է զսպող ուժի դեր, որը հարմարվում է քաղաքական հանգամանքներին: Նույնիսկ կարևոր չէ՝ ինքը գիտակցում է իր այդ քաղաքականությունը, թե դա կատարվում է բնազդով: Կողքից նայելիս կարելի է միայն հիանալ, թե ինչքան վարպետորեն է դա արվում: Այնպես որ, իմ կարծիքով, ռուս ժողովրդի կայսերապաշտական տրամադրությունների փոփոխման մեջ իրական պատճառների հետ դեր է խաղում նաև գորբաչովյան վերը հիշատակված քաղաքական խաղը: Այժմ Ռուսաստանում տիրող տրամադրություններից վարպետորեն օգտվեց Բ.Ելցինը՝ ստանալով մեծ քաղաքական կշիռ և դրանով իսկ ավելացնելով ԽՍՀՄ-ի անկայունության աստիճանը:

Վերն ասվածը չի նշանակում, թե Մ.Գորբաչովը առանց դիմադրելու կհամաձայնի Հայաստանի անկախ պետականությունը վերականգնելու գաղափարին, կամ որ ռուս ժողովուրդը հեշտությամբ կհաշտվի դրա հետ: Իմ կարծիքով, պարզապես սկսվել է մի շրջան, որը նպաստավոր է մեր անկախության հարցը բարձրացնելու համար, և այդ ժամանակաշրջանը կարող է երկար չտևել: Բայց վճռական նշանակություն ունի, թե մենք ինչպես կբարձրացնենք այդ հարցը:

ԽՍՀՄ-ի ղեկավարության համար անընդունելի կլինի և մեզ համար՝ շատ վտանգավոր, եթե մենք անկախություն հռչակենք Լիտվայի օրինակով: Դեր են խաղում մի քանի հանգամանքներ.

1. ԽՍՀՄ-ի ստրատեգիական նպատակները տարբեր են նրա Եվրոպական մասում, Կովկասում և Միջին Ասիայում: Քանի որ, երկրի զարգացման ուղղությունը համապատասխանեցնելով մարդկության ընդհանուր զարգացմանը, ԽՍՀՄ-ը ձգտելու է Եվրոպական շուկայի մասը կազմել, ուստի Եվրոպայում կորցրած նրա տարածքները այս կամ այն կերպ (իհարկե, նախկինից անհամեմատ թույլ չափով) կշարունակեն կապված լինել նրա հետ: Կովկասում ազատագրված ժողովուրդների մի մասը կարող է մտնել ուրիշ երկրների տնտեսական խմբի մեջ (այս դեպքում ԽՍՀՄ-ի համար շատ կարևոր նշանակություն կստանա Թուրքիայի ընդհանուր շուկա մտնելու հարցը): Միջին Ասիայի հանրապետությունները կորցնելը շատ ավելի վտանգավոր է, քանի որ նրանք անկասկած կմտնեն ուրիշ երկրների տնտեսական, քաղաքական փնջի մեջ և ընդմիշտ կորսված կլինեն Ռուսաստանի համար:

2. Կովկասը Ռուսաստանի ավելի հին նվաճումներից է, քան մերձբալթյան նվաճումը: Ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Արևմուտքը հակված է ընդունելու, որ այդ տարածքներն արդեն Ռուսաստանի անբաժանելի մասն են: Բացի դրանից, Մերձբալթյան հանրապե-տությունների միացումը ԽՍՀՄ-ին մինչև օրս չի ճանաչվում մի շարք երկրների կողմից: Պետք է հաշվի առնել նաև, որ զորքի միջամտությունը Մերձբալթյան երկրներում, չհամապատասխանեցնելով նրանցում եղած խաղաղ քաղաքական պայքարի ձևերին և Արևմուտքի հիշողության մեջ արթնացնելով ԽՍՀՄ-ի ռազմական միջամտությունները Եվրոպայում (Հունգարիա, Չեխոսլովակիա և այլն), մեծ դիմադրության կհանդիպի Արևմուտքի կողմից: Դա չի կարող հաշվի չառնել Մ.Գորբաչովը, այս դեպքում առկա է նախորդ տարիներին ձեռք բերված և ԽՍՀՄ-ի համար շատ կարևոր միավորներ կորցնելու վտանգը: Զորքի միջամտությունը Անդրկովկասում դարձել է արդեն սովորական մի երևույթ և ՙըմբռնումով՚ է ընդունվում Արևմուտքի կողմից: Այն մի փոքր անհանգստացնում է միայն անմիջական հարևաններին՝ Իրանին և Թուրքիային: Անդրկովկասում ցանկացած պահի կարելի է առաջացնել զինված ընդհարումներ, և զորքի օգտագործումը կլինի ՙպատճառաբանված՚ ու կանցնի Արևմուտքի լռության պարագայում:

Այժմ մեզ համար մեր անկախ պետականությունը վերականգնելու միայն մի ճանապարհ կա՝ սահմանադրականը, որը հնարավորություն է տալիս այդ գործն անել առանց կենտրոնի հետ առավել բացահայտ միջոցների դիմելու: Ճիշտ է, ամեն ինչ արվեց, որ մեր ժողովրդի մեջ թերահավատություն առաջանա սահմանադրական ուղու նկատմամբ, բայց ուրիշ ելք չկա: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունել է միութենական հանրապետությունների անջատվելու վերաբերյալ մի բարդ օրենք, որից օգտվելով միայն՝ երևի կկարողանանք դիմել սահմանադրական եղանակով ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու քայլին: Պետք է դիմել այդ օրենքին` չմտնելով օրենքի կիրառման մանրամասների մեջ: Նկատենք միայն, որ օրենքից օգտվելուց առաջ անհրաժեշտ է ժողովրդի հետ բացատրական աշխատանք տանելու նախապատրաստական շրջան, ապա պետք է անցկացնել ոչ պաշտոնական հանրաքվե՝ անջատվելու հարցի վերաբերյալ ժողովրդի կարծիքն իմանալու համար: Դրանից հետո միայն Հայաստանի Գերագույն խորհուրդը իրավունք կունենա դիմելու օրենքին և կատարելու վճռական քայլեր: Բայց պետք է շտապել. մեզ տրված հնարավորությունը կարող է այլևս չկրկնվել: Պատմությունը ուշացողներին չի ներում: Առաջին քայլերը անելուց հետո հնարավորություն կունենանք բանակցելու ԽՍՀՄ իշխանությունների հետ մեր նոր՝ առայժմ կիսաանկախ կարգավիճակի վերաբերյալ, որում, ըստ օրենքի, կարող ենք մնալ 5 տարի՝ իրադրության փոփոխման դեպքում այժմյանից անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունենալով այս կամ այն վճռական քայլին դիմելու: Առայժմ չխոսենք, թե ինչ հակահարված կարող է տալ մեզ ԽՍՀՄ-ը մեր սահմանադրական իրավունքին դիմելու դեպքում: Տեսնենք, թե ինչ ենք ուզում ստանալ ԽՍՀՄ իշխանությունների հետ բանակցելու միջոցով, ինչ կարող է տալ մեզ այն կիսաանկախ կարգավիճակը, երբ դեռ ԽՍՀՄ կազմի մեջ ենք, բայց ինչ-որ չափով արդեն ինքնուրույն ենք: Նկատենք նաև, որ անկախությանը դիմելու մեր քայլը կնպաստի հարևանների հետ հարաբերությունների կտրուկ լավացմանը, մեզ վրա կբևեռվի ամբողջ աշխարհի ուշադրությունը, որով հրապուրվելը, իհարկե, վտանգավոր է, բայց որից չօգտվելը՝ անմտություն: Իսկ կիսաանկախ վիճակին հասնելը, եթե դա մեզ հաջողվի, և եթե Ռուսաստանը ստիպված լինի ընդունել այդ փաստը, միանգամից Ռուսաստանի աչքին արհամարհված ստրուկից կվերածվենք ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող ընկերակցի: Մենք ի±նչ ծրագրեր պետք է փորձենք իրականացնել անցման այդ կիսանկախ ժամանակաշրջանում. տնտեսության ոլորտում կտրուկ շրջադարձ դեպի մասնավոր սեփականություն, ազատ շուկա, հողի և արտադրամիջոցների մասնավոր, անձնական և բաժնետիրական սեփականություն, բաց դռներ արտասահմանյան կապիտալի համար, մասնավոր սեփականության երաշխավորված անձեռնմխելիություն: Պետք է ոչ միայն խրախուսել արտասահմանյան երկրների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, այլև հնարավորություն տալ տարբեր երկրների իրենց ձեռնարկությունները հիմնադրել մեր հանրապետության տարածքում: Այժմ ամբողջ աշխարհում այդ է զարգացման ուղին: Մենք էլ ինչ-որ ժամանակից հետո ձեռնարկություններ կունենանք ուրիշ երկրներում:

Կարևոր է մասնավոր սեփականության անցնելը և ազատ շուկայի ստեղծումը կատարել շատ արագ և կտրուկ առաջ ընկնել ԽՍՀՄ-ից: Դա մեզ հնարավորություն կտա համեմատաբար թեթև տանել պետական սեփականությունից մասնավորին անցնելու շրջանին բնորոշ ինֆլյացիան: Սկզբնական շրջանում մեր գործողությունների պատճառով առաջացած ինֆլյացիան կտարածվի խորհրդային ամբողջ դրամի հսկայական ծավալի վրա՝ առաջացնելով չնչին փոփոխություն: Բայց հետո պետք է շտապ անցնել սեփական դրամի ստեղծմանը, հակառակ դեպքում խորհրդային տնտեսության, ուստի և դրամի հիվանդ վիճակը թույլ չեն տա մեզ զարգացնել մեր տնտեսությունը: Մի խոսքով, տնտեսական անդունդը ընկնելիս պետք է բռնել խորհրդային դրամից և դուրս գալիս օգտվել սեփականից: Կյանքը ինչ-որ ժամանակ ծանր կլինի, հետո կամաց-կամաց կլավանա: Եթե մեկը պնդում է, թե հնարավոր է իրագործել այնպիսի տնտեսական ծրագիր, որ առանց կենսամակարդակի որոշ իջեցման միանգամից կարող է բարելավել ժողովրդի նյութական վիճակը, ապա նա ոչինչ չի հասկանում տնտեսությունից կամ ստելով՝ աշխատում է դուր գալ ժողովրդին, վաստակել քաղաքական կապիտալ: Դժվարություններ լինելու են, բայց ուրիշ ճանապարհ չկա (եթե մնանք ԽՍՀՄ-ի կազմում, ավելի ծանր ու երկարատև տնտեսական դժվարություններ կլինեն):

Պետությունը և բարեգործական ընկերությունները պետք է աշխատեն մեղմել չքավորի վիճակը: Կարևոր է գիտակցել նաև, որ միայն տնտեսության զարգացումն է հնարավորություն տալիս՝ հասնելու սոցիալական արդարության: Քիչը հավասարաչափ բաժանելը բերում է միայն հավասարաչափ աղքատության և զարգացման դադարի: Պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ հնարավորություն ունենան հարստանալու, բայց ազնիվ աշխատանքի, մասնավոր առևտրական-արտադրական ձեռնարկություններ հիմնելու, ձեռներեցության շնորհիվ և ոչ թե կողոպուտի միջոցով: Պետության պարտականությունն է հետևել, որ աղքատները շատ աղքատ չլինեն, հնարավորություն ունենան մարդավայել կյանքով ապրելու, իսկ հարուստները չօգտագործեն իրենց հարստությունը տնտեսության մեջ մենիշխանության հասնելու համար:

Սեփական դրամին անցնելուց հետո երկիրը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է Հայաստան հրավիրել միջազգային տարբեր ֆինանսական կազմակերպությունների: Ընդհանրապես ինչքան տարբեր երկրների կապիտալներ ներդրված լինեն Հայաստանում, ինչքան շատ տնտեսական կապերի, միությունների մեջ մտնենք, այնքան ավելի շատերը շահագրգռված կլինեն մեր անկախությունը ապահովելու մեջ: Իսկ հողի, արտադրամիջոցների մասնավոր սեփականությունը Հայաստանում կստեղծի մի խավ, որը ոչ միայն վեհ նպատակներից, այլև անձնական շահերից ելնելով, շահագրգռված կլինի պահպանել մեր անկախությունը:

Տնտեսության զարգացման համար, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի նաև մեր բոլոր հարևանների հետ առևտրական կապեր հաստատելը, հնարավորություն ունենալը օգտվելու համար նրանց ճանապարհներից՝ փոխադարձ օգուտ ստանալով այդ կապերից: Թուրքիայի հետ առևտրական կապերը չեն հակասում մեր ազգային շահերին և ըստ որոշ տեղեկությունների, նման առևտուրը իր համար շահավետ է համարում նաև Թուրքիան: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, թե ինչպես նույնիսկ բարդ քաղաքական հակասությունները չեն խանգարում հարևան երկրներին իրար հետ առևտրական հարա-բերություններ հաստատել: Այդ նպատակով տարվելիք բանակցությունների մեր պայմանը պետք է լինի, իհարկե, Թուրքիայի կողմից 1915թ. ցեղասպանության փաստի ընդունումը՝ իր բոլոր հետևանքներով: Պարզ է, որ Թուրքիան էլ իր կողմից կներկայացնի իր պայմանները: Ես, անշուշտ, գիտակցում եմ, որ իմ այս առաջարկությունը ոգևորություն չի առաջացնի հայերիս, մանավանդ սփյուռքահայության շրջանում: Սփյուռքահայության մեջ տասնյակ տարիների ընթացքում հակաթուրքական գործոնը որոշակի ազգապահպան դեր է կատարել: Հոգեբանորեն դժվար է վերադառնալ իրական քաղաքականությանը, երբեմն շատ ճկուն այն քաղաքականությանը, որը վարում էր Թուրքիայի հետ Հայկական Հանրապետության ղեկավարությունը 1918-1920-ի դժվարին տարիներին: Բայց այդ իրական քաղաքականությունն անհրաժեշտ է, ժամանակը չի սպասում: Անմտություն կլինի միայն չորս հարևան ունենալու պայմաններում կամավոր հրաժարվել նրանցից մեկի հետ տնտեսական կապեր հաստատելուց և դրանով իսկ էապես սահմանափակել մեր մանևրելու հնարավորությունները: Առևտրական կապեր հաստատել Թուրքիայի հետ չի նշանակում մոռանալ 1915-ի ցեղասպանությունը, չի նշանակում նաև հրաժարվել մեր պատմական հողերից: Մենք դեռ կվերադառնանք այդ հարցին:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսությունը և ընդհանրապես երկիրը զարգացնելու համար ամենակարևոր հումքը մարդն է: Այն հետամնաց երկրները, որոնք ազգային ծրագրեր էին իրականացնում՝ կառուցելով պողպատաձուլական գործարաններ, չզարգացան, իսկ նրանք, որոնք ուրիշներից պարտքով վերցրած դրամը ծախսեցին մասնագետներ պատրաստելու համար, այժմ մեծ քայլերով գնում են դեպի ընդհանուր բարեկեցություն: Ուստի չպետք է խնայել դրամական միջոցները մեր աճող սերունդը դաստիարակելու, կրթելու, մասնագետներ պատրաստելու համար: Շատ կարևոր է պարտադիր ուսուցումը ժամանակակից հայկական ազգային դպրոցում: Բարձրագույն դպրոցը, ստանալով ինքնուրույնություն, պետք է լայն կապեր հաստատի աշխարհի առաջադեմ գիտական կենտրոնների հետ, ուսանողության մի մասը պետք է ուսում ստանա նաև տարբեր երկրների լավագույն համալսարաններում: Ազգային կապիտալի ամենաարդյունավետ ներդրումը մասնագետներ պատրաստելն է:

Ինչ վերաբերում է ռազմական ծրագրերին, ապա, ամենայն հավանականությամբ, անցման շրջանում Հայաստանում գտնվող խորհրդային բանակը կշարունակի կատարել իր ստրատեգիական խնդիրները, իսկ մենք պետք է հնարավորություն ստեղծենք՝ ունենալու մեր ազգային բանակը: Այդ գործում, համակերպվելով մեր անխուսափելի անջատման փաստին, մեծ դեր կարող է խաղալ նաև ԽՍՀՄ-ը: Հետագայում, եթե Ռուսաս-տանը ցանկանա պահպանել ռազմական բազաներ մեր հանրապետության տարածքում, ապա դա պետք է դառնա առանձին բանակցությունների առարկա:

Ինչ վերաբերում է պետության կառուցվածքին, ապա հեծանիվ հնարելու հարկ չկա: Գոյություն ունի մեզանից շատ առաջ անցած ազգային այլ պետությունների փորձը:

Մենք նշեցինք, թե ինչ ծրագրեր ենք ուզում իրականացնել կիսաանկախությունից անկախություն գնալու ճանապարհին, բայց տեսնենք՝ մեզ հնարավորություն կտրվի± դառնալ կիսաանկախ: Ինչպես արդեն նշեցինք, այժմ սահմանադրական ճանապարհով անկախության գնալու բարենպաստ ժամանակ է. այդ կերպ անկախության գնալը թույլ չի տա ԽՍՀՄ–ի ղեկավարությանը բացահայտ ճնշում գործադրել մեզ վրա: Բայց դա չի նշանակում, որ դավադրությունների միջոցով փորձեր չեն արվի՝ մեզ հետ պահել այդ ճանապարհից: Օրինակ՝ փորձ կարվի արհեստականորեն սրել Ղարաբաղի հարցը, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի վրա առաջացնել հայ-ադրբեջանական ընդհարումներ: Այդ դեպքում, հաշվի առնելով կողմերի շահագրգռվածություններն ու հնարավորությունները, կարելի է ռազմական և դիվանագիտական ճանապարհով շտկել իրավիճակը: Տնտեսական ճնշումը նույնպես մեծ արդյունքներ չի բերի, ինչը չարդարացրեց նույնիսկ Լիտվայի պարագայում, երբ դա արվում էր բացահայտ: Բացի այս ամենից՝ պետք է գիտակցել՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող գործընթացները և տնտեսության արագ քայքայումը, որ այն տնտեսական ճնշումը, որը մեր դեմ կարող են կիրառել այժմ, շատ կարճ ժամանակից հետո դառնալու է սովորական երևույթ՝ անկախ մեր վարքից: Իրական վտանգը մեզ սպասում է ուրիշ կողմից:

Ընդհանրապես, եթե անդրադառնանք Անդրկովկասում տիրող քաղաքական պատկերին, ապա կարելի է նկատել, որ ԽՍՀՄ-ի ղեկավարությանը հաջողվել է Ադրբեջանի և Վրաստանի շարժումները այս կամ այն ձևով անվտանգ դարձնել իր համար: Զորքի միջոցով Ադրբեջանում շարժումը ջարդելուց հետո ժողովրդին տարբեր ձևերով կաշառել են. ամենամեծ կաշառքը Արցախն է: Արցախը և՛ կաշառք է, և՛ միջոց՝ Ադրբեջանին հետ պահելու կենտրոնախույս ձգտումներից: Ադրբեջանում այժմ մեծ շարժում չկա, չնայած ոչ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի այնտեղ վաղը: Վրաստանի շարժումը այնքան է տրոհված, կենտրոնն այնքան հնարավորություններ ունի՝ խաղարկելու ազգային փոքրամասնությունների հարցը, և այնտեղ գործող կազմակերպություններն այնքան հեշտ են տրվում այդ խաղին, որ Վրաստանը նույնպես շատ չի մտահոգում ԽՍՀՄ-ի ղեկավարությանը: Ազգային փոքրամասնությունների հարցը, ինքնավար միավորումների գոյությունը հնարավորություն են տալիս կենտրոնին զսպել դեպի անկախություն գնալու Վրաստանի ձգտումը: Վրաստանի շարժումն ունի արտաքին փայլ, բայց ոչ՝ խորը էություն:

Այլ է պատկերը Հայաստանում: Մեր շարժումը, առաջինը լինելով ԽՍՀՄ-ում, մինչև այժմ պահպանել է իր միասնությունը, չնայած վերջին ժամանակաշրջանում զգացվում են ուժերի տրոհման որոշակի երևույթներ: Մինչև վերջերս շարժման միասնության կարևորագույն պատճառն այն էր, որ նա հավաքված էր մի ձողի շուրջ. դա Արցախի հարցն էր: Պակաս նշանակություն չուներ նաև մեր ազգային զարմանալի, դարերի ընթացքում արմատացած, շատերիս կողմից գուցե խորը չգիտակցված հատկանիշը՝ ցուցաբերել ուրիշ ազգերի համար անհասանելի և անհասկանալի կուռ միասնություն ազգային որևիցե հարցի շուրջ: Այժմ Արցախի հարցը չի կարող լինել շարժման ձող, չնայած մեր ժողովուրդը խորը գիտակցում է այդ հարցի վճռական նշանակությունը մեր ապագայի համար և կգնա բազմաթիվ զրկանքների այն վերջնականապես լուծելու նպատակով: Եվ մի օր, երբ առաջանա դրա անհրաժեշտությունը, ժողովուրդը միասնական պոռթկումով կկանգնի Արցախի մեր քույրերի ու եղբայրների կողքին՝ պաշտպանելու նրանց հնարավոր ոտնձգու-թյուններից: Չնայած այս ամենին, Արցախի հարցը, այնուամենայնիվ, այժմ շարժման ձող չէ: Այս հանգամանքը բացատրելու համար հարկ չկա փնտրել դավաճաններ կամ դավադրություններ: Կան օբյեկտիվ պատճառներ: Ժողովրդի մեծ մասը եկել է այն համոզման, որ զանգվածային շարժումը այժմ չի կարող նպաստել Արցախի հարցի լուծմանը, անհրաժեշտ է քչերի ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանք, պետական մոտեցում: Շատերն արդեն հասկացել են՝ ինչ խոր շահեր են թաքնված այդ հարցի հետևում, հասկացել են նաև, որ այն աշխատանքը, որի նպատակն է մեր ազգի, պետության հզորացումը, ոչ թե շեղում է մեզ Արցախի հարցից, այլ ընդհակառակը, էապես ավելացնում է մեր հնարավորությունները՝ լուծելու այդ հարցը: Եթե Արցախի հարցը չի կարող լինել շարժման ձողը, ապա ինչը± կփոխարինի նրան:

Անդունդ գլորվող կայսրությունում տնտեսական, սոցիալական բարեփոխումներով հրապուրվելը անիմաստ է և չի կարող միավորել մեր ողջամիտ ժողովրդին: Կոմունիստական կուսակցությունն ավելի լավ, ազգային կուսակցությամբ կամ կուսակցություններով, ՙվատ՚ ղեկավարներին ՙլավերով՚ փոխարինելը միգուցե անհրաժեշտ աշխատանք է, բայց նույնպես չի կարող շատ ոգևորել մեր ժողովրդին, միավորել նրան: Ընդհակառակը, եթե չկա վերջնական նպատակ, ապա այդ պայքարը միայն կարող է նպաստել ազգի տրոհմանը: Այդ ուղղությամբ գնալով և մեծ ջանքեր թափելով՝ մենք չնչին արդյունքներ կունենանք: Գոյություն ունի միայն մի խնդիր, որի լուծումը ռեալ է, որի իրականացումը իսկապես կնպաստի մեր ազգի հզորացմանը, մի խնդիր, որին հասնելու ճանապարհին իշխանության հարցը լուծվում է բնական ձևով, որպես միջոց և ոչ թե որպես նպատակ՝ չտրոհելով մեր ազգային միասնությունը, մի խնդիր, որը միայն կարող է համախմբել ողջ աշխարհի հայությանը և որը միայն կարող է դառնալ շարժման ձող: Դա անկախ պետականությունը վերականգնելու խնդիրն է: Մենք դա դեռ խոր չենք գիտակցում, բայց Մոսկվան արդեն լավ հասկանում է, որ մենք ուշ թե շուտ կգանք այդ եզրակացության: Այդ է պատճառը, որ մեր շարժումն այժմ կայսրությունը համարում է իր համար ամենավտանգավորը Անդրկովկասում: Մոսկվան, գիտակցելով վտանգը, գերադասում է մեր հանրապետությունում իշխանությունը հանձնել իր համար այս նոր ժամանակներում անընդունելի, վարկաբեկված, հին ժամանակներից մնացած շահամոլ մարդկանց, միայն թե այն չանցնի ժողովրդին, շարժմանը: Ընդունում են չարյաց փոքրագույնը: Ժամանակավոր իշխանություն՝ շարժումը ջարդելու լիազորություններով: Ինչքան էլ դժգոհենք մեր միասնության պակասից, այն միասնությունը, որ այժմ ցուցաբերում է մեր ժողովուրդը, և որի նմանն այժմ կարելի է տեսնել միայն Մերձբալթյան հանրապետություններում, վախեցնում է Մոսկվային: Դրսից հարվածելը՝ կազմակերպելով հայ-ադրբեջանական ընդհարումներ կամ տնտեսական ճնշման դիմելը կարող են միայն նպաստել մեր ժողովրդի միասնությանը: Դա լավ են հասկանում Մոսկվայում, և խնդիր է դրված ամեն գնով տրոհել և ջարդել շարժումը:

Փորձ կարվի, և ես համոզված եմ՝ մոտ ժամանակներս, նույնիսկ չսպասելով մեր վճռական քայլերին, հերյուրանքներով շփոթեցնել ժողովրդին, թեկուզ կարճ ժամանակով վարկաբեկել շարժումը, առաջ մղել քաղաքում հայտնված որոշ անհայտ ծագում ունեցող զինված ջոկատներ, բանակներ, որոնք գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, ընդհարումներ ստեղծել ջոկատների միջև, դրանց տրամադրել շարժման ղեկավարների դեմ, մինչև իսկ դիմել տեռորի: Եթե հաջողվի զենքի միջոցով ջարդել շարժումը, ապա կարճ ժամանակամիջոցում կզինաթափվեն ջոկատները (չարժե ինքնախաբեությամբ զբաղվել, խորհրդային բանակի համար դա դժվար գործ չէ):

Այս ամենն անելու համար անհրաժեշտ կլինի ԽՍՀՄ-ի բոլոր ժողովուրդների, մանավանդ ռուսների մեջ հակակրանք առաջացնել հայ ժողովրդի նկատմամբ: Բաքվում նույնանման նպատակի հասան՝ կազմակերպելով հայ բնակչության ջարդեր: Երևանում նույն արդյունքների կհասնեն՝ կազմակերպելով նորից մայիսի 27-ի11 նման դեպքեր: Դա դժվար չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ խառնաշփոթություն է տիրում զինված ջոկատների ենթակայության և ինքնագլուխ գործելու հարցում, եթե հաշվի առնենք նաև, որ երրորդ դասարանի կրթություն ունեցող ամեն մի ՙխմբապետ՚, հավաքելով իր ենթակայության տակ 7–10 զինված տղաներ, հնարավորություն է ստանում անպատիժ բռնագրավել մեքենաներ, դրամ շորթել, ինքնուրույն որոշումներ ընդունել ազգի ապագայի վերաբերյալ և իր գործողություններով ամբողջ ազգը կանգնեցնել անդունդի եզրին: Երբ Երևանում գոյություն ունեցող և իշխանությունների կողմից փայփայված այդ ջոկատները կատարեն իրենց հատկացված դերը (նույնիսկ չգիտակցելով, թե ինչ են անում), ապա կգա նաև նրանց վերջը: Պետք է լուրջ բացատրական, կազմակերպչական աշխատանք տանել ջոկատների հետ, արագ իրագործել Գերագույն խորհրդի որոշումը անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին, և այն ջոկատները, որոնք չեն ենթարկվի խորհրդին, հայտարարել օրենքից դուրս: Բայց այս ամենը հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, երբ մեր ժողովուրդը, գիտակցելով վտանգը, անհանդուրժողականություն ցուցաբերի ամեն մի զինված մարդու նկատմամբ, որը գտնվում է սահմանային գոտուց այս կողմ, նաև՝ զինված մարդու կողմից մարդկային արժանապատվությունը վիրավորող ամեն մի ոտնձգության հանդեպ: Անհրաժեշտ է նաև մեծ աշխատանք տանել ԽՍՀՄ-ի ժողո-վուրդներին մեր դիրքորոշումը, խնդիրները, գործելակերպը բացատրելու համար, ստեղծել բարենպաստ հասարակական կարծիք:

Անկախության ճանապարհով գնալու համար մեզ պետք է միասնություն: Եվ մենք կհասնենք միասնության: Բայց գոյություն չունի վերացական միասնություն, միասնությունը ստեղծվում է միայն ինչ-որ մի վեհ գաղափարի, իրական նպատակի շուրջ: Այդ նպատակը, այդ գաղափարը անկախությունն է:

Սահմանադրական եղանակով անկախության գնալը առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենադժվարը երևի Նախիջևանի հարցն է (որը պայմանավորված է նրա կղզիացված վիճակով): Կանգ չառնելով այդ իսկապես բարդ հարցի հնարավոր լուծումների տարբերակների քննարկման վրա՝ անցնենք Արցախի հարցին:

Քննարկվող հարցի հետագա ընթացքը լավ հասկանալու համար անհրաժեշտ է, իհարկե, համակողմանի խոր վերլուծության ենթարկել ղարաբաղյան շարժման նախորդ շրջանի ամբողջ քաղաքական պատմությունը: Առերես երևացող վազվզոցի, հանրահավաքների, գործադուլների, կոտորածների, Մոսկվայում, Երևանում ու Բաքվում ընդունված որոշումների տակ թաքնված էր բարդ, շատերի համար անհասկանալի խաղ, շահերի բախում, երբեմն նուրբ քաղաքականություն: Հարվածներ ու հակահարվածներ: Բազմաթիվ հարցեր: Հրահրվե±լ է արդյոք ղարաբաղյան շարժումը, թե՞ բնական ձևով է առաջացել: Ի±նչ իմաստ ուներ գնալ սահմանադրական ուղիով, եթե առջևում պարզ նշմարվում էր սահմանադրության 78-րդ հոդվածով ստեղծված սահմանադրական փակուղին: Ինչու՞ էր Մոսկվան պաշտպանում Ադրբեջանին: Արդյոք մենք մեզ ճի±շտ պահեցինք Սումգայիթի ողբերգությունից հետո: Ո՞վ կազմակերպեց Սումգայիթը և ինչու±: Ինչո±վ բացատրել բանակի այն հսկայական դերը, որ նա ունեցավ 1988թ. նոյեմբերին Ադրբեջանից հայերին դուրս հանելու և Հայաստանից ադրբեջանցիներին տեղահանելու գործում: Ինչու± ձերբակալվեց ՙՂարաբաղ՚ կոմիտեն և դրանից հետո Արցախում ստեղծվեց հատուկ կառավարման կոմիտե: Ադրբեջանի կողմից Հայաստանը շրջափակման ենթարկելը արդյոք անբարոյականությու±ն էր, թե± սրամիտ և ազդեցիկ քաղաքական քայլ: Ինչու± նոյեմբերի 28-ի12 որոշումը ընդունելիս մերձբալթյան ներկայացուցիչները մեր դեմ քվեարկեցին: Ինչո±վ բացատրել, որ չնայած դեռևս ՙՂարաբաղ՚ կոմիտեի ձերբակալված ժամանակ առաջարկվել էր Գերագույն խորհրդում որոշում ընդունել այն մասին, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, սակայն մենք դեմ էինք այդպիսի որոշում ընդունելուն: Ինչու՞ ՙՂարաբաղ՚ կոմիտեն դեկտեմբերի 1-ին պարտադրեց Գերագույն խորհրդին որոշում ընդունել միացյալ հանրապետություն ստեղծելու վերաբերյալ: Ճի±շտ էր արդյոք այդ որոշումը, թե՞ սխալ: Ի±նչն էր պատճառը, որ 1989թ. աշնանը Հայաստանի շրջկոմների քարտուղարները, գործարանների տնօրենները, Կենտկոմը աշխատում էին իրենց ձեռքը վերցնել ղարաբաղյան շարժումը, և հաճախ այն տպավորությունն էր ստեղծվում, որ ՙՂարաբաղ՚ կոմիտեն այլևս չի զբաղվում Ղարաբաղի հարցով:

Այս ամենը և բազմաթիվ այլ հարցեր դեռ սպասում են վերլուծության, սպասում են իրենց քաղաքական մեկնաբանմանը: Չարժե փնտրել բարդ դավադրություններ: Այս բոլոր հարցերն ունեն պարզ տրամաբանական պատասխաններ, բայց կարևորն այն է, որ դրանք բոլորը կապված են իրար հետ, պատահական չեն և կազմում են քաղաքական շղթա: Նշված հարցերի պատասխանները, երևույթների բացատրությունը մի առանձին հոդվածի նյութ կարող են լինել: Ինչ վերաբերում է հարցի ապագա ընթացքին, ապա կարճ ասեմ: Մենք, իհարկե, պետք է փորձենք միս ու արյուն տալ դեկտեմբերի 1-ի որոշմանը, բայց այդ որոշումը դեռ երկար ժամանակ իրականացնել հնարավոր չի լինի: Ավելին, որոշ դեպքերում կօգտագործվի մեր դեմ: Որոշումը և նրա իրականացման ուղղությամբ տարվելիք հնարավոր աշխատանքները պետք է համարել առայժմ մեր ներքին գործը՝ չթմբկահարելով այն ուրիշների մոտ: Արտաքին աշխարհին Արցախի հարցը պետք է շարունակի ներկայանալ իր բնական տեսքով, այսինքն՝ որպես մի հարց, որի հիմքում ընկած են ազգերի ինքնորոշման և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները, առանց կապելու այդ հարցը Հայաստանի հետ: Շատ կարևոր քաղաքական նշանակություն ունի այն հանգամանքը, որ մի քանի ամիս է, ինչ Արցախը, փաստորեն առանց Հայաստանի միջամտության, շարունակում է պայքարել իր ինքնուրույնությունը պահպանելու համար: Արցախի պայքարն իսկապես ինքնուրույն պայքար է՝ հանուն իր ազատության, հիմնված վերը հիշատակված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Միջազգային իրավունքի սկզբունքները, իհարկե, սոսկ վերացական են և ինքնըստինքյան ոչ մի հարց չեն լուծում, եթե դրանց հետևում կանգնած չէ շահագրգռված ու կարող մի ուժ: Բայց դրանք ամբողջ աշխարհի կողմից ընդունված միջազգային իրավունքի այն սկզբունքներն են, որոնք անտեսել չի կարող և ոչ մի պետություն, և որոնք իրավական ու բարոյական հիմք են ցանկացած ազգային-ազատա-գրական պայքարի համար: Առանց պայքարի՝ ոչ մի հարց չի լուծվում, բայց հաղթանակի հասնելու համար միայն մեկ ուժը հաճախ բավական չի լինում, կարևոր նշանակություն է ունենում նաև բարենպաստ հասարակական կարծիքը: Այս կապակցությամբ նկատենք, որ ճիշտ է, իհարկե, այն կարգախոսը, ըստ որի մենք հույսներս պետք է դնենք միայն մեր ուժերի վրա, բայց դա չի նշանակում, որ պետք է արհեստականորեն մեկուսացնենք մեզ՝ ընդունելով բոլորից նեղացածի կեցվածք: Չարժե մի ծայրահեղությունից մյուսն ընկնել:

Հաշվի առնելով իրական հնարավորությունները՝ պետք է աշխատել ռազմական տեսակետից Արցախը դարձնել անմատչելի բերդ՝ ապահովելով նրանում ազգային կազմի գոնե ներկա վիճակը, իսկ քաղաքական, տնտեսական տեսակետից անհրաժեշտ է պահպանել և խորացնել Արցախի ինքնուրույնությունը՝ նկատի ունենալով, որ այն ուղղու-թյունը, որով այժմ գնում է ԽՍՀՄ-ը, կարող է նպաստավոր լինել այդ խնդրի իրականացման համար (զգուշությամբ կարելի է օգտվել նաև կենտրոնում առաջացող հակասություններից):

Եվս մի հանգամանք. չպետք է ենթարկվել կենտրոնի այն շանտաժին, որը մեր անկախությունը կաշխատի կապել Ղարաբաղի հարցին: Մեր կողմից անկախություն հռչակելը և կիսաանկախ վիճակում մնալը, սպասելով դեպքերի զարգացմանը, ավելացնում է Արցախի հարցի լուծման մեր հնարավորությունները: Այդ հարցը լուծելու տեսակետից ոչ մի նոր հեռանկար չի բացվի մեր առջև, եթե շարունակենք մնալ ԽՍՀՄ-ի կազմի մեջ:

Անկախ հայկական հանրապետության գոյության երաշխիքների մասին խոսելիս բնականաբար հիշատակվում է Թուրքիայի նման հարևան ունենալու վտանգը: Նախորդ մասում մենք արդեն նշեցինք, որ ԽՍՀՄ-ի հանկարծակի անկառավարելի փլուզման դեպքում կարող է վտանգ առաջանալ, որ Թուրքիան, մի պահ շեղվելով ներքին զարգացման իր ընտրած ուղուց, կփորձի կլանել կայսրության դյուրամարս բեկորների մի մասը: Դա այն կարևոր պատճառներից մեկն է, որն ստիպում է մեզ շտապել անկախություն ստանալ մինչ այդպիսի հնարավոր վտանգավոր պահի առաջ գալը: Դատողությունների այն մասի հետ, որ Թուրքիան կարող է փորձել կլանել բեկորների մի մասը, բոլորը հեշտությամբ համաձայնում են, բայց շատերը չեն ընդունում, որ Թուրքիան ընտրել է ներքին զարգացման այնպիսի ուղի, որ խաղաղ պայմաններում հնարավոր է Թուրքիայի և Հայաստանի գոյակցությունը: Որպես ապացույց՝ միշտ բերում են Կիպրոսի օրինակը: Ես մանրամասն չեմ քննի Կիպրոսի խնդիրը, ուղղակի կբերեմ հանրահայտ փաստեր՝ ընթերցողին թողնելով ինքնուրույն դատողությունները այդ փաստերի շուրջը: Նկատենք միայն, որ հարևան անկախ պետությունների խաղաղ գոյակցությունը երաշխավորվում է ոչ միայն զարգացման ուղու վերաբերյալ նրանցից յուրաքանչյուրի ընդունած որոշումով, ոչ միայն ռազմական ուժի շնորհիվ հակառակ կողմի մեջ առաջացած զսպվածությամբ, այլև միջազգային պարտավորություններով, բազմաթիվ երկրների շահերով, հավասարակշռություն պահպանելու միտումով: Նվաճումները հնարավոր են դառնում, երբ այս կամ այն ձևով քանդվում է միջազգային պարտավորությունների շղթան, երբ անկայուն վիճակ է ստեղծվում ռեգիոնում, տեղի են ունենում հեղափոխություններ և հեղաշրջումներ, երբ փոխվում է այլ երկրների շահերի ուղղվածությունը և, բացի դրանից, առկա են լինում քիչ թե շատ բավարար հիմքեր ռազմական ուժի միջամտության համար: Այդ տեսակետից նույն վիճակում են գտնվում գրեթե բոլոր անկախ պետությունները, յուրաքանչյուրի գոյությունը ապահովվում է ռազմական ուժով, վարած քաղաքականությամբ, միջազգային պարտավորություններով և տարածաշրջանում տիրող կայունությամբ: Այժմ անցնենք Կիպրոսի պատմության որոշ փաստերի շարադրմանը:

1925-ից Կիպրոսը անգլիական գաղութ էր: 1955-ից սկսվեց ազգային-ազատագրական պայքարը անկախ պետություն ստեղծելու նպատակով: 1959թ. երեք շահագրգիռ երկրների՝ Անգլիայի, Թուրքիայի, Հունաստանի միջև կնքվեց Ցյուրիխ-Լոնդոնյան պայմանագիրը, ըստ որի այդ երկրները հանդիսանում են Կիպրոսի անկախության երաշխավորները՝ ճանաչելով նրա անկախության իրավունքը: Ըստ այդ պայմանագրի՝ Անգլիան ստացավ կղզում ռազմական բազաներ ունենալու, իսկ Հունաստանն ու Թուրքիան՝ զորամասեր պահելու արտոնություններ: 1960թ. Կիպրոսը ընդունեց սահմանադրություն, ըստ որի նրա նախագահը պետք է լինի ազգությամբ հույն, փոխնախագահը՝ թուրք, պառլամենտի 35 դեպուտատներին ընտրում է հունական համայնքը, 15-ին՝ թուրքականը: 1963թ. տեղի ունեցավ ընդհարում երկու համայնքների միջև, որից հետո թուրքերը հրաժարվեցին մասնակցել Կիպրոսի խորհրդարանի, կառավարության և պետության այլ հաստատությունների աշխատանքներին: 1967թ. ստեղծվեց թուրքական գործադիր վարչություն: 1974թ. սրվեցին Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները Էգեյան ծովում հայտնաբերված նավթի հանքավայրերի պատկանելության հարցի կապակցությամբ: 1974-ի հուլիսին Կիպրոսի հունական զինվորականությունը խռովություն բարձրացրեց օրինական կառավարության դեմ՝ պահանջելով կղզին միացնել Հունաստանին: Դրան հաջորդեց Թուրքիայի զորքերի ներխուժումը կղզի, որոնք 1974-ի հուլիս-օգոստոսի ընթացքում զավթեցին Կիպրոսի տարածքի 40 տոկոսը: ՆԱՏՕ-ի երկրների և ԽՍՀՄ-ի շահերի միջև առաջացել էր հազվագյուտ ներդաշնակություն այս ներխուժման ժամանակ. ոչ մեկը չմիջամտեց, արվեցին սոսկ պաշտոնական հայտարարություններ հասարակական կարծիքը հանգստացնելու նպատակով: Հունաստանում 1974-ի հուլիսին զինվորական վարչակարգը հեռացավ իշխանությունից, իշխանության գլուխ անցավ Կ.Կարամանլիսի կառավարությունը, որը 1974-ի օգոստոսի 14-ին հայտարարեց ՆԱՏՕ-ից Հունաստանի դուրս գալու մասին: 1975-ի փետրվարին Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավա-րությունը միակողմանիորեն հայտարարեց Կիպրոսի ֆեդերատիվ պետություն ստեղծելու մասին: Այժմ Կիպրոսի Հանրապետությունից զատված տարածքը միավորված չէ Թուրքիայի տարածքին, այլ պարզապես հռչակված է նոր անկախ պետություն, որը ճանաչել է միայն Թուրքիան: Աշխույժ բանակցություններ են գնում տարբեր շահագրգիռ երկրների միջև Կիպրոսի հարցի շուրջ: ԽՍՀՄ-ում տեղի ունեցող գործընթացների շնորհիվ Թուրքիայի նշանակությունը ՆԱՏՕ-ի երկրների համար բնականոն ձևով իջնելու է, և շատերը հույս ունեն, որ վաղ թե ուշ կվերականգնվի Կիպրոսի միասնական անկախ պետությունը կղզու ամբողջ տարածքում:

Անկախության հետ կապված ևս մի հարց կա, որը շատ է հուզում մեր ժողովրդին: Ինչպե±ս պետք է իրականացվի Թուրքիայի կողմից զավթված և այժմ գրեթե հայկական բնակչություն չունեցող մեր պատմական հողերի վերամիավորումը Հայաստանի Հանրապետությանը, չէ՞ որ անկախ պետության վերականգնումով մենք, այնուամենայնիվ, համարյա բոլոր ասպարեզներում անհամեմատ ավելի թույլ կլինենք, քան Թուրքիան: Ես չգիտեմ, և եթե որևէ մեկն առաջարկի իրական ծրագիր հողերի միավորման նպատակին հասնելու համար, ես համոզված եմ, որ մենք ամբողջ ազգով կմիավորվենք, կյանք ու եռանդ չենք խնայի այդ գործի համար: Բայց մի բան հաստատ գիտեմ. այն հույսերը, թե Ռուսաստանը մի օր կվերադառնա իր ծավալապաշտական քաղաքականությանը, հնարավորություն կունենա խլել Թուրքիայից մեր հողերը, դրանից հետո այդ հողերը կտա մեզ և հետո կքանդվի որպես կայսրություն՝ հնարավորություն տալով մեզ ունենալ Միացյալ Անկախ Հայաստան, լիովին անհիմն են, մեր ժողովրդին տանում են դեպի անգործություն և ստրկություն՝ աշխարհի երեսից մեզ՝ որպես ազգ, վերացման դատա-պարտելով: Նույնչափ անհիմն են այն հույսերը, որ ՄԱԿ-ի կողմից 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը (որն ինքնին կարևոր նշանակություն ունի մեր ժողովրդի համար) կարող է հանգեցնել այն բանին, որ մեր հողերը վերադարձվեն մեզ: Այժմ միակ հույսը, որ ես տեսնում եմ, այն է, որ պատմական անկանխատեսելի ելևէջները, որոնք մեզ կարող են հնարավորություն տալ՝ լուծելու մեր հողային հարցերը, պետք է ընդունել որպես անկախ մի ազգ, պետություն և ոչ թե որպես Ռուսաստանին ձուլվող էթնիկական մի միավորում: Ասածս, ինչ խոսք, չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մեր հողային պահանջները, պարզապես պահանջատիրությունը չի կարող մեզ համար այժմ լինել ազգային-պետական քաղաքականություն: Այն պետք է լինի տարբեր հասարակական կազմակերպություններին, հայրենակցական միություններին միավորող գաղափար, միշտ վառ պահվի ժողովրդի հիշողության մեջ, դառնա մեր երիտասարդության երազանքը, մինչև որ հնարավորություն ստեղծվի՝ լուծելու այդ խնդիրը: Նույն կերպ է վերաբերվում համանման հարցին հզոր Գերմանիան:

Անգլիացիներն ասում են, որ ունեն երկու հզոր զենք՝ միջուկային ռումբ և իրենց ժողովրդի պատմությունը: Մենք չունենք առաջինը, չենք օգտվում երկրորդից: Ժամանակն է, որ մեր պատմաբաններն ու գրողները հրաժարվեն ժողովրդին թուլացնող լացկանությունից, մեր պատմության միայն դժբախտ էջերը հիշատակելու մորմոքից: Մենք հզոր ազգ ենք եղել և նորից պետք է դառնանք հզոր: Մենք համարվել ենք արևելքի լավագույն զինվորը, աշխարհին տվել անզուգական ճարտարապետություն, պետականության կորստից հետո խաղաղ առևտրական միջոցներով հսկայական կշիռ ենք ձեռք բերել Հնդկաստանում, Չինաստանում. անգլիական պառլամենտում է հնչել այն խոսքը, թե առանց հայերի հետ համագործակցելու՝ հնարավոր չէ նվաճել Հնդկաստանը, մենք կանգնած ենք եղել այն ռեֆորմացիայի ակունքների մոտ, որը հեղաշրջեց Եվրոպան և հանգեցրեց ժամանակակից քաղաքակրթության առաջացմանը: Աստված մեզ պահպանել և տարել է հազարամյակների փորձությունների միջով ոչ այն բանի համար, որ այժմ անգործության և անվճռականության պատճառով մեր ազգը դատապարտենք վերացման... Վախկոտները, թույլերը թող հեռանան հայրենիքից, նրանք ազգի փոշին են, թող մնան ուժեղները, նրանք, ովքեր ձգտում են իրենց հայրենիքում մարդուն արժանավայել կյանքով ապրել, ովքեր հավատում են մեր ազգի ապագային, ովքեր իրենց էությամբ հայ են, հայերեն են մտածում, կառչած են մեր նախնիների պատմությանը, մեր հողին ու ջրին: Եվ մենք, ուս ուսի տալով, նորից կվերականգնենք մեր նախկին հզորությունը, մեր պետությունը:



Վազգեն Մանուկյան, Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտեի համակարգող

Հայք՚ մայիսի 19, 27, հունիսի 10,17,





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: