Հայերեն   English   Русский  

Աղվան Վարդանյան. Ինչպես ասում է Շեքսպիրը, «Կատուն կմլավի, շունն էլ կհաչի»


  
դիտումներ: 1646

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Քառյակի հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ-ի որոշումը մեկնաբանությունների անհրաժեշտություն է առաջացրել։

«Կուզեի արձանագրել մեկ բան. «Քառյակի» վերջին նիստն անցել է շատ հանդարտ, փոխադարձ ընմռնման մթնոլորտում, և մենք եկանք այն եզրահանգմանը, որ այո, կան առանցքային խնդրի շուրջ քաղաքական ուժերի միջև տարաձայնություններ, բայց այլ հարցերում մեր համագործակցությունը շարունակվելու է, շարունակելու ենք գործընկերներ մնալ՝ պահպանելով քառյակի ձևաչափը և պիտի առավելագույնս փորձենք կոռեկտ մնալ միմյանց նկատմամբ»,-նկատեց Աղվան Վարդանյանը։

Բանախոսի խոսքերով՝ լրատվամիջոցներում շարունակվում են ՀՅԴ-ին պիտակավորել, սակայն դա իրենց համար նորություն չէ, իրենգ գիտակցում են, որ սա ամենաճիշտ քայլն է և ով ինչ կասի, դառնում է երկրորդական։ «Ինչպես ասում է Շեքսպիրը, «Կատուն կմլավի, շունն էլ կհաչի»,-ասաց Աղվան վարդանյանը։
Աղվան Վարդանյանը նշեց, որ հանրահավաքում, որը նախապես հայտարարված էր, որ նվիրված է լինելու Քառյակի նիստերի ամփոփմանն ու հետագա գործողությունների մշակմանը, փաստորեն, ցանկացած դեպքում չի շրջանցվելու Սահմանադրական փոփոխությունների հարցը և գործընկեր-քաղաքական ուժերն էլ բաց, ազնվորեն ասել են դրա մասին։ Կստացվի, որ 4 ուժերից երեքը մյուսի նկատմամբ հակադիր դիրքերից են հանդես գալու նույն հանրահավաքում, ինչն անընդունելի է։ «Հակադիր կարծիքներ, առաջարկներ հնչեցնելը ուղղված է հենց Քառյակի ու հանրահավաքի բովանդակության դեմ»։
«Մեկ բան ակնհայտ է. այս համակարգը մեր պետությանը ոչ մի լավ տեղ չի բերել, իշխանությունը սկսում է նույնանալ պետության հետ։ Անհրաժեշտ է քանդել այս համակարգը։ Այն պահելը նշանակում է նպաստել իշխանությունների անընդատ վերարտադրմանը»,-նշեց Աղվան Վարդանյանը։
Բանախոսը նշեց, որ իշխանությունը դեռ 6 ամիս առաջ դեմ էր կառավարման խորհրդարանական համակարգին անցմանը, բայց այժմ հնարավոր է համարում։ Վարդանյանը այսօր էլ վստահ չէ, որ իշխանությունները կգնան դրան։
«Այն ուժերը որոնք կողմնակից են համակարգային փոփոխությունների իրականացմանը, առաջարկում ենք համատեղ մշակել առաջարկությունների այն փաթեթը, որն իսկապես կապակենտրոնացնի իշխանությունը, կփոխի ընտրական համակարգը, կկանխի իշխանությունների վերարտադրման ցանկությունը»,-ասաց Վարդանյանը։
Խոսելով հանրահավաքում սահմանադրական փոփոխությունների հարցը շոշափելու մասին՝ Վարդանյանը ասաց. «Չեմ բացառում, որ պետությանը ամենամեծ վնասը կլինի այն, որ առաջիկա հանրահավաքում մեր գործընկերները որոշեն հիմնական պահանջ դարձնել սահմանադրական փոփոխություններից հրաժարվելը»։




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: