Հայերեն   English   Русский  

Երկու խենթ երիտասարդի գաղափարը կարող է փոխել ամառային Երևանի ժամանցային մշակույթը


  
դիտումներ: 1401

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երկու երիտասարդ՝ Տաթևն ու Գևորգը, հաճախելով երևանյան կինոթատրոններ, մի օր հասկացան, որ իրենց ինչ-որ նոր բան է հարկավոր: Հատկապես ամռանը փակ կինոթատրոններն այնքան էլ չեն ձգում, իսկ սրճարանային ժամանցն արդեն սպառել է իրեն: Ուրեմն, ի՞նչ կուզենային, որ լիներ նոր, հաճելի, ոչ ստանդարտ ու միաժամանակ՝ հետաքրքիր ու բովանդակալի. բացօթյա կինոթատրոն: Երևանյան երեկոները ժամանցով լցնելու հիանալի տարբերակ: Սակայն Երևանում բացօթյա կինոթատրոններ չկան:

Երիտասարդների ցանկությունն աստիճանաբար վերածվեց գաղափարն իրագործելու ցանկության: Սակայն չէին էլ կարող պատկերացնել, որ մի օր հենց իրենք կնախաձեռնեն ու կիրականացնեն դա:

1907310_640239612698258_9011680058174529987_n«Cornpop cinema». բացօթյա այս կինոթատրոնը հունիսի 1-ից երևանցիներին կհյուրընկալի մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող բլրի լանջին՝ առաջարկելով տարբեր ֆիլմեր՝ թեմատիկ, դասական, հին ու նոր, սիրված ու գնահատված, կլինեն նաև մուլտֆիլմեր երեխաների համար, ինչպես նաև` ֆիլմեր օտար լեզուներով արտերկրի հյուրերի կամ սփյուռքահայերի համար:

Կինոթատրոնի նպատակն ամենավերջին ֆիլմերի ցուցադրությունը չի լինելու, այլ հաճելի ժամանցի ապահովումն ու կինոթատրոն հաճախելու մշակույթի վերականգնումը:
«Cornpop cinema»-ի ֆեյսբուքյան էջում նախապես տեղադրվելու է ֆիլմերի ցանկ, և մարդկանց կողմից ամենաշատ հավանությանն առաջացած ֆիլմերն էլ ընտրվելու են ցուցադրության համար:

«Cornpop cinema»-ի առանձնահատկություններից մեկն էլ լինելու է մատչելիությունը: Այս կինոթատրոնից օգտվելու հնարավորություն պետք է ունենան բոլոր ցանկացողները: Նախաձեռնության հեղինակներն իրավացիորեն նշում են, որ եթե մարդ ուզում է Երևանում ամառային երեկոներին դուրս գալ տնից և ժամանակ անցկացնել, չի կարող առանց կլորիկ գումար ծախսելու վերադառնալ, քանի որ ազատ զբոսայգիները խիստ սահմանափակ են, սրճարանները՝ թանկ: Ուստի իրենց կինոթատրոնի մուտքը սահմանել են ընդամենը 1000 դրամ, իսկ դրա դիմաց այցելուներին մի քանի անգամ ավելի մեծ ծառայություն են մատուցելու:

10270399_654073431314876_1411413759694443709_nՏոմսերի փոխարեն այցելուն ստանալու է հատուկ ապարանջան, որն ամրացնելու է թևին՝ դրանով տարբերվելով որպես «օրինական ֆիլմ դիտող», քանի որ տարածքը շուրջ 2000 քմ է:

Այս կինոթատրոնը տարբերվելու է նաև նրանով, որ մարդիկ ֆիլմը կարող են դիտել սեփական ավտոմեքենաների մեջ նստած, ինչն ընդունված բան է արտերկրում:
Կինոդիտման համար նախատեսված էկրանն ամենախոշորն է լինելու Հայաստանում: Տեխնիկական մասի առումով էլ շեշտը դրված է բարձր որակի ապահովման վրա:
Ի դեպ, վճարած գումարով այցելուն ապահովվելու է նաև տաք ծածկոցով և բարձով, որպեսզի առավել հարմարավետ ու հաճելի անցնի կինոդիտումը:

10325166_658069417581944_3583619469479552389_nԿինոդիտման տարածքում լինելու է նաև մի հին «Երազ» մակնիշի ավտոմեքենա: Այդ անսարք ու կիսախարխուլ ավտոմեքենան, որը երիտասարդները գտել են քաղաքից դուրս գտնվող մի վայրում, այժմ ներկվել ու յուրօրինակ տեսք է ստացել, քանի որ կարևոր առաքելություն ունի. այն ծառայելու է որպես սննդի փոքրիկ կետ, որտեղից այցելուները կարող են գնել զովացուցիչ ըմպելիքներ, պոպկոռն, քաղցրավենիք և այլն: Ավտոմեքենա-կրպակն արդեն անուն էլ ունի` «hripsikimot»:

Կինոթատրոնը կգործի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի վերջը:

10296744_654106217978264_4652869963552127396_nՆախաձեռնության հեղինակներից Տաթև Մխիթարյանը Մոսկվայից է վերադարձել Երևան: Նա 9 տարեկան էր, երբ 1996 թ. ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Չնայած հաջողությամբ ավարտում է դպրոցը, ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, իսկ համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցնում Ռուսաստանի ամենախոշոր կինոմատակարար և ֆիլմարտադրության ոլորտի առաջատար կինոընկերությունում՝ «Централ Партнершип»-ում, Հայաստանը ձգում էր: Նա ցանկացած հնարավորության դեպքում գալիս էր Երևան, իսկ Մոսկվա վերադառնալիս մի լավ սթրես ապրում: Ի վերջո, 2011 թ. որոշում է դուրս գալ աշխատանքից և տեղափոխվել Հայաստան՝ չմտածելով, անգամ, թե ինչով պետք է զբաղվի այստեղ:

Աշխատանք, իհարկե, գտնում է, բայց որոշ ժամանակ անց, երբ ձանձրանում է և փորձում որևէ այլ հետաքրքիր բան գտնել, պարզվում է, որ Հայաստանում դա այնքան էլ հեշտ չէ. ինչպես ասում են՝ գործը թափված չէր: Իսկ երիտասարդ, զարգացած, եռանդով ու էնտուզիազմով լի աղջկա համար ոչնչով զբաղվելն անհնարին էր:

Եվ երբ երկու տարի առաջ ծանոթանում է Գևորգի՝ հիմա արդեն գործընկերոջ հետ, նրան հանգիստ չի տալիս Երևանում հետաքրքիր ժամանցի կենտրոն, հատկապես բացօթյա կինոթատրոն ստեղծելու գաղափարը, որով անչափ ոգևորված ու տարված էր նաև Գևորգ Մարգարյանը` DJ Guevo-ն: «Սակայն դրա համար մեծ միջոցներ էին հարկավոր, որը մենք չունեինք,- խոստովանում է նա,- և սկսեցինք մեր ընկերներին, ծանոթներին խառնել, հարցուփորձ անել, թե որտեղից կարող ենք ձեռք բերել տեխնիկա կամ ֆինանսներ: Հետո որոշեցինք վարձակալել: Մեզ խորհուրդ տվեցին դիմել Մարզահամերգային համալիրի ղեկավարությանը: Հիմա համագործակցում ենք, վարձակալում ենք համալիրի տարածքի մի մասն ու տեխնիկան»:

Երիտասարդները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությունը կհաջողվի, քանի որ Հայաստանում արդեն ձևավորվել է մի խավ, որին դա կարող է հետաքրքրել, մանավանդ որ աշխարհի զարգացած երկրներում այն վաղուց արդեն նորույթ չէ:

Սակայն նրանք այսօր ավելի շատ գործում են էնտուզիազմով և իրենց գաղափարը չեն դիտում որպես շահույթ հետապնդող բիզնես, թեև այն հետագայում կարող է նաև այդպիսին լինել: Առայժմ միայն ծախսեր են անում: Իսկ թե երբ կկարողանան շահույթ ստանալ, առայժմ չեն կարող ասել:

Բայց երբ պատմում են իրենց արկածների մասին վարկային կազմակերպություններում ու բանկերում, թե ինչպես են բոլորից մերժում ստացել, երբ ցանկացել են բիզնես վարկ ձեռք բերել նախաձեռնության իրականացման համար, միանգամից հառնում է հայաստանյան տխուր իրականությունը: «Մենք հասկացանք, որ եթե մարդ ուզում է Հայաստանում ինչ-որ նոր բան ստեղծել զրոյից, որը կարող է նպաստել նաև բնակչության զարգացմանը, ապա կանգնում է մի շարք խնդիրների առջև և ուղղակի կարող է հուսահատվել ու հրաժարվել իր բիզնես նախագծից,- ասում է Գևորգը:

Բարեբախտաբար, այս երիտասարդներն այնքան լավատես են ու այնքան դրական էներգիայով լի, որ այդ մերժումներից հետո թևաթափ չեն լինում ու չեն հրաժարվում իրենց գաղափարից, չնայած, ի վերջո, ստիպված են լինում իրենց ունեցվածքը գրավ դնել գումար ձեռք բերելու և ծախսերը հոգալու համար:

Իսկ Տաթևը Մոսկվա վերադառնալու մասին արդեն չի էլ մտածում: Նա ընդմիշտ կապվել է Հայաստանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: