Հայերեն   English   Русский  

​Փոքրամասնության համախտանիշը. մենք պատրաստ չենք կնոջը բարձր պաշտոնում տեսնել


  
դիտումներ: 2435

Արփինե Հովհաննիսյանի նշանակումը արդարադատության նախարարի պաշտոնում և դրա արձագանքը ցույց տվեցին, որ մեր հասարակությունը դեռևս սեռային նախապաշարմունքների գերին է և պատրաստ չէ կնոջը տեսնել պետական բարձր պաշտոններում: Հասարակության երևակայության գագաթնակետը կնոջ համար, լավագույն դեպքում, մանկապարտեզի կամ դպրոցի տնօրենի պաշտոնն է:

Մենք հիանում ենք, երբ տեսնում ենք, թե ինչպես են աղջիկները տղաներին հավասար ու նրանց կողքին Ազատության հրապարակում կամ Բաղրամյանում կռիվ տալիս սոցիալական արդարության համար, բայց Աստված մի արասցե, եթե նրանցից մեկը վաղը հանկարծ հայտնվի վերին ատյաններում և ի պաշտոնե գործի հանուն նույն սոցիալական արդարության: Միանգամից վեր կթռչենք, կի՞ն, ինչպե՞ս…

Տրամաբանական կլիներ, եթե նոր նախարարի նշանակման դեպքում քննարկվեր նրա անցած մասնագիտական ուղին և այն, թե ինչ կարելի է ակնկալել նրանից նոր պաշտոնում: Սակայն այս նշանակման պարագայում լրահոսը կենտրոնացավ նորանշանակ նախարարի կին և այն էլ երիտասարդ կին լինելու հանգամանքի վրա: Աջուձախ սկսեցին քննարկել, թե ինչպես է այս տարիքում Հովհաննիսյանը հասել նման բարձր պաշտոնի, ո՛ւմ ծանոթն ու բարեկամն է, ո՛ւմ հովանավորյալն է, ո՛ւմ սիրուհին է… Ոմանք էլ դա միջազգային միտումից հետ չմնալու փորձ որակեցին: Քչերի մտքով էր անցնում հետաքրքրվել նոր նախարարի մասնագիտական կարողություններով: Ստացվում է, որ մարդկանց հետաքրքրում էր երևույթի արտաքին կողմը և ոչ թե բովանդակությունը:

Տղամարդկանց նշանակման պարագայում դժվար թե նման բևեռացված քննարկումներ լինեին: Ունեցել ենք երիտասարդ տղամարդ նախարարներ կամ բարձրաստիճան պաշտոնյաներ` Արմեն Գևորգյան, Արմեն Աշոտյան, Հրայր Թովմասյան և այլք: Ոչ վաղ անցյալում Տիգրան Սարգսյանի` կառավարությունում երիտասարդ կադրեր ներգրավելու քաղաքականությունը գովաբանվում էր` փոփոխության հույսը երիտասարդ սերնդի հետ կապելով: Բայց այդ ամենի մասին մոռացվում է ու այլ քննարկումներ են առաջ գալիս, երբ նման պաշտոնում կին է նշանակվում: Սա ցույց է տալիս, թե որքան կաղապարված է մեր ընկալումը հասարակության մեջ կնոջ և տղամարդու դերերի հարցում: Չնայած օրենսդրությամբ սեռերի իրավահավասարության ամրագրմանը` մեր հասարակությունը կնոջն ու տղամարդուն նույն հարթակի վրա չի դիտում: Եվ եթե տղամարդը կարող է նախարար նշանակվել ու գործելու, իր կարողություններն ի ցույց դնելու հնարավորություն ստանալ, ապա կնոջ պարագայում տեղնուտեղը հարց է առաջանում` ո՞նց թե: Եվ այս թերահավատությունը միանգամից հետին պլան է մղում այն հնարավորությունը, որ նորանշանակ կին նախարարը կարող է արդարացնել իրեն այդ պաշտոնում, անել այն, ինչ չեն կարողացել անել նախորդ տղամարդ նախարարները: Պաշտոն զբաղեցնող կանայք ստիպված են երկու ուղղությամբ պայքար տանել, ոչ միայն իրենց աշխատանքը լավ կատարել ու ինքնադրսևորվել, այլև հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով ապացուցել, որ իրենք արժանի են այդ պաշտոնին, որ իրենց վաստակի ու անցած ճանապարհի շնորհիվ են կարիերայի այդ կետին հասել: Ընդ որում, եթե կանանցից մեկը ձախողվում է, նրա բացասական օրինակը տարածվում է բոլոր կանանց վրա, իսկ տղամարդկանց դեպքում` ոչ, ձախողումն անհատական երևույթ է դիտարկվում` չվարկաբեկելով տվյալ սեռի մյուս ներկայացուցիչներին: Կարճ ասած` գործում է փոքրամասնության համախտանիշը. անհատի անհաջողությունը վերագրվում է ողջ խմբին ու անջնջելի խարան դառնում:

Ցավալի է, որ հայ հանրությունը, որ դեռ X դարում ժողովրդական ստեղծագործությունում` էպոսում, ամրագրել է` առյուծն առյուծ է, լինի էգ թե որձ, XXI դարում ոչ միայն նահանջել է այդ գաղափարից, այլև տարիներ շարունակ անհաջող պայքարում է այդ մտայնությանը հասնելու համար: Կարծես իսպառ մոռացել ենք, որ մեր երկարուձիգ պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ թագուհիներ, իշխանուհիներ, ազգի նվիրյալներ ու պետական գործիչներ, որոնց մի մասը նաև որոշ ժամանակահատված միանձնյա է կառավարել` լինելով սիրված ու հարգված ժողովրդի կողմից: Մոռացել ենք, որ աշխարհում առաջին կին դեսպանը Հայաստանն է ներկայացրել (Դիանա Աբգարը 1920 թ. նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ճապոնիայում և դիվանագիտական ներկայացուցիչ ու գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արևելքում), որ 1918-ին, երբ եվրոպական շատ երկրներում կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք չունեին, նորանկախ Հայաստանի Հանրապետության խորհրդարանն ուներ երեք կին պատգամավոր:

Եվ այս ամենից հետո դեռ զարմանքով ենք ընդունում կին նախարարի նշանակումը, իսկ խորհրդարանում 14 պատգամավորների ներկայությունն էլ օրենսդրական պահանջով է ապահովվում: Ստացվում է, որ ողջ աշխարհն առաջ է գնում կնոջ և տղամարդու իրավահավասարության ընկալման առումով, իսկ մենք` հետ: Իսկ որ հայաստանյան հասարակությունը դեռ շատ հեռու է կնոջն ու տղամարդուն հավասար դիրքերում, նույն լույսի ներքո դիտարկելու հեռանկարից, վկայում են սեռով պայմանավորված արհեստական վիժումները: Մի բուռ հայությունն աշխարհում երկրորդն է այդ ցուցանիշով` զիջելով միայն Չինաստանին:

Բայց հուսադրող է, որ այս պայմաններում անգամ գտնվում են մարդիկ, ովքեր պայքարում ու կարծրատիպեր են կոտրում: Մնում է հուսալ, որ կարծրատիպեր կոտրելու հաջորդ քայլը կլինի կին վարչապետ ու ի վերջո կին նախագահ ունենալը: Պատահական չէ, որ գիտակից և ուսյալ շատ ու շատ քաղաքացիներ մեր երկրի առաջընթացի հույսը կապում են կանանց ու հատկապես կին նախագահի հետ: Մնում է, որ բոլորս ապրենք այնքան, որ տեսնենք այդ օրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: