«Fox News». Նախկին պատերազմական գոտի Հայաստանը վերածվել է արձակուրդային դրախտի
Այս մասին «Fox News»-ի կայքում գրել է լրագրող Քեթի Ջեքսոնը՝ իր ցանկում ներառելով Կոլումբիան, Հարավային Աֆրիկան, Նիկարագուան, Հյուսիսային Իռլանդիան, Ռուանդան, Խորվաթիան, Հայաստանը, Մյանման և Ճամայկան:
Ինչ վերաբերում է Հայաստանին. լրագրողը նշել է, որ երկիրը բազմաթիվ ցնցումներ է տեսել, իսկ մայրաքաղաք Երևանը հաճախ ձեռքից ձեռք է անցել, բայց ժողովուրդն ամենից շատ հիշում է 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության սարսափները:
«Այսօր Հայաստանը սահմանափակ բյուջե ունեցող եվրոպացի ճամփորդողների սիրելի վայրն է դարձել: Անցյալ տարի արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը հասել է 1.2 միլիոնի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 11.3%-ով»,- նշված է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ լեռնային տեղանքն արշավների եւ բացօթյա միջոցառումների հրաշալի հնարավորություն է ընձեռում: «Մշակութային առումով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիրը պարծենում է իր բազմաթիվ տաճարներով և վանքերով, ուր կարելի է անվճար այցելել: Բացի այդ, հասանելի գներով կարելի է օգտվել հասարակական տրանսպորտից, մարդկանց կուտակումներ գրեթե չեն լինում, մնացյալ ամեն ինչ նույնպես էժան է»,- գրել է լրագրողը: