Հայերեն   English   Русский  

​Վատից վատագույն. «խոպանի» հույսին մնացածների վիճակը


  
դիտումներ: 1561

Մարտունու տարածաշրջանը դեռ խորհրդային տարիներից աչքի է ընկել արտագնա աշխատանքի մեկնողների թվով: Այստեղ չկա ընտանիք, որ արտերկրում աշխատող հարազատ չունենա: Իսկ գյուղերում հաճախ ընտանիքի մի քանի անդամներն են դրսում աշխատում: «Գյուղում տղամարդ չի մնացել: Կանայք կարող են իրենց հայաթում լողանալ` նայող չի լինի»,- իրավիճակը կատակով բնութագրում է Վարդենիկ գյուղի բնակիչ Սվետա տատիկը:

Պաշտոնական վիճակագրություն, թե տարածաշրջանից քանի մարդ է այս տարի մեկնել արտագնա աշխատանքի, չկա: Ազգային վիճակագրական ծառայության Մարտունու գրասենյակում «Անկախին» տեղեկացրեցին, որ իրենք նման տվյալներ չեն հավաքում: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքից տեղեկացրին, որ իրենք ևս չեն հետևում բնակչության միգրացիոն շարժերին: Այստեղ միայն ելքի թույլտվությունների վիճակագրություն ունեն: Ըստ այդմ` անձնագրային և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքը 2015-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում ելքի թույլտվություն է տվել 6486 քաղաքացու: Սա, սակայն, չի արտացոլում արտագնա աշխատանքի մեկնածների իրական թիվը, քանի որ քաղաքացին կարող է նաև նախորդ տարի կամ ավելի վաղ ելքի թույլտվություն ստացած լինել: Ավելի հավանական է, որ ելքի թույլտվություն ստացածները լինեն այն մարդիկ, որոնք առաջին անգամ են արտագնա աշխատանքի մեկնում կամ նոր են անձնագիրը փոխել: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով չկա ընտանիք, որ դրսում աշխատող չունենա: Այստեղ անգամ գյուղեր կան, որտեղ ամռանը հուղարկավորությունների ժամանակ դագաղը կանայք են տանում:

Արտագնա աշխատանքի հաշվին ապրող բնակավայր լինելու հանգամանքով պայմանավորված` «խոպանի» մասին խոսակցություններն այստեղ ամենաարդիականն ու տարածվածն են: Ամեն քայլափոխի ծանոթ ու անծանոթ քննարկում են տնտեսական վիճակը Ռուսաստանում և ռուբլու փոխարժեքը: Ի տարբերություն այլ տարիների` այս տարի նաև հաճախակի են դարձել պատմություններն այն մասին, որ Ռուսաստան մեկնածներն աշխատանք չունեն կամ աշխատանքի դիմաց չեն վճարվում: Ավելին, կան մարդիկ, որոնք, այնտեղ աշխատանք չգտնելով, ստիպված դատարկաձեռն Հայաստան են վերադարձել:

Ռուսաստանում բախտը փորձող հայերից են Վարդենիկի բնակիչ տիկին Անուշի ամուսինն ու կրտսեր որդին: Պատմում է, որ նախկինում հողագործությամբ են զբաղվել ու այդպես ծայրը ծայրին հասցրել: Բայց 4-5 տարի առաջ ամուսինը ստիպված սկսել է Ռուսաստան գնալ, որպեսզի կարողանան որդիներին ուսման տալ: Այս տարի արտագնա աշխատանքի է մեկնել նաև բանակից նոր վերադարձած որդին, քանի որ չեն կարողացել ուսման վարձը վճարել: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողը Ռուսաստան է գնացել այնտեղ ուսման վարձը վաստակելու և հետագայում այստեղ կրթությունը շարունակելու հույսով:

Տիկին Անուշը պատմում է, որ այնտեղ ամուսինն էլ, որդին էլ աշխատում են, բայց դեռ ոչ մի կոպեկ վարձատրություն չեն ստացել: «Լավ է, որ գոնե եղբորս մոտ են: Ինքն իր միջոցներից է գումար տվել, որ յոլա գնանք, մինչև փողը կտան»,- ասում է տիկին Անուշը` հավելելով, որ շատ ընտանիքներ էլ դեռ մինչ օրս ոչ մի կոպեկ չեն ստացել:

Ասում է, որ երջանիկ կլիներ, եթե իր տղամարդիկ գյուղում կարողանային աշխատանք գտնել ու օտարությունում բախտ չորոնել: «Մեր տները վարի են գնում, իսկ մերոնք ռսի տունն են շենացնում: Բա դա բա՞ն է»,- ասում է նա:

Ռուսաստանում են բախտ որոնում նաև տիկին Կարինեի երկու որդիները և ամուսինը: 5 երեխա ունեցող ընտանիքի հույսն արտերկրի վաստակն է: Տիկին Կարինեն ասում է, որ այս տարի չեն դժգոհում. նախորդ տարիներին պատահել է, որ աշխատեցնեն ու չվճարեն: Բայց այս տարի ամեն ամիս խոստացված աշխատավարձը վճարում են: Փոխարենը, նրա խոսքով, ռուբլու ցածր կուսրը պատճառ է դարձել, որ արյուն-քրտինքով դրսում վաստակած գումարն այստեղ արժեք չունենա: «Հիմա երեք հոգով աշխատում են, իրենց վաստակած գումարով հազիվ կարողանում ենք անել այն, ինչ նախկինում մեկի աշխատած գումարով էինք անում»,- ասում է նա:

Ասում է, որ գարնանը գնալուց հետո ընտանիքի անդամները մեկ անգամ հունիսին են գումար ուղարկել` որդուն բանակ ուղարկելու ժամանակ: Հույս ունի, որ մեկ էլ առաջիկա օրերին կուղարկեն, որպեսզի կրտսեր դստերն ու որդուն դպրոց ուղարկի:

Իսկ ահա տիկին Կարինեի երկու եղբայրները վատ վիճակում են. դեռ նախորդ տարվա աշխատանքի համար էլ չեն վճարվել: «Հիմա էլ գործը հանձնել են, սպասում են, որ փողը ստանան, բայց դեռ չեն տվել»,- ասում է նա` հավելելով, որ եղբայրները ձմռանը տոկոսով գումար են վերցրել` տոմս գնելու և Ռուսաստան գնալու համար:

Մարտունուց Գևորգն էլ ասում է, որ Ռուսաստանում ապրուստ վաստակող եղբայրը չափազանց ծանր վիճակում է, «անգամ օճառի փող չունեն, բոմժի վիճակում են»: Գումար չունեն նաև դեպի Հայաստան տոմս գնելու համար, չհաշված, որ Ռուսաստան գնալիս էլ տոկոսով գումար են վերցրել:

«Ամուսինս մի քանի անգամ ընդամենը 5000-ական ռուբլի է կարողացել ուղարկել: Դա չլսված բան է. այնքան քիչ են վճարում, որ հազիվ այնտեղ գոյատևելուն է բավարարում»,- ասում է տիկին Արմինեն, որի ամուսինը ևս այս տարի Ռուսաստան է գնացել` դստեր ուսման ծախսերը հոգալու համար:

Ամուսինների ու որդիների անվաստակ աշխատանքը Ռուսաստանում իր հետևանքներն ունի նաև Հայաստանում: Բազմաբնակարան շենքի հարևանությամբ գործող խանութի աշխատակից տիկին Աննան ասում է, որ առևտրի ծավալներն այս տարի չափազանց կրճատվել են, իսկ ով էլ առևտուր է անում` պարտքով է ապրանքը տանում: «Մենակ պարտաքացուցակս է աճում»,- ասում է նա` ցույց տալով գրոտված հաստափոր տետրը: Ասում է, որ վիճակը բարելավվելու հույս էլ չունի. «Խոպան գնացածները փող չեն կարողանում ուղարկել, ով էլ ուղարկում է, ռուբլու կուրսն այնքան ցածր է, որ ընտանիքը չգիտի, թե այդ երկու կոպեկով որ պարտքը փակի, որ ծախսը հոգա»:

Դրական փոփոխությունների հույս չեն տալիս նաև Ռուսաստանի դեմ օրեցոր խստացող պատժամիջոցները: Այնպես որ ավելի հավանական է, որ առաջիկայում անաշխատավարձ աշխատանքի մասին պատմություններն ավելի կշատանան, տրանսֆերտների հույսին ապրող բնակիչներն էլ ստիպված կլինեն ավելի ու ավելի ձգել գոտիները: Ստեղծված իրավիճակի ֆոնին էլ հաճախակի են դարձել խոսակցությունները, թե Ռուսաստանում վաստակած գումարով ավելի հեշտ կլինի հենց այնտեղ գոյատևել, ոչ թե երկու մասի բաժանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: