Հայերեն   English   Русский  

“Որքան էլ այդ գազանները, բորենիները չձգտեն մեզ բաժանել, մենք միշտ միասին ենք”. Լեյլա Յունուսի նամակը իր ամուսնուն


  
դիտումներ: 1179

Ադրբեջանում կալանավորված հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը բաց նամակ է գրել անազատության մեջ գտնվող իր ամուսնուն՝ Արիֆ Յունուսին, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Ներկայացնում ենք այդ բաց նամակի թարգմանությունը.
“Չգիտեմ՝ արդյոք կստանա՞ս դու իմ նամակը, սակայն հուսով եմ, որ դու այն երբևէ կկարողանաս կարդալ:
Գիտե՞ս արդյոք, որ բռնաճնշումները գնում են իրենց ամբողջ ընթացքով. ձերբակալել են իմ սիրելի Ինտիգամին, Ռասուլին, Սեյմուրին: Հեշտ է պատկերացնել, թե ինչ վախ ու հուսալքության զգացում է պատել հասարակությանը: Կա ենթադրություն, որ բռնաճնշումների նման ալիքը հնարավոր է դարձել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բացահայտ ագրեսիայի ֆոնին: Սակայն ձմեռվա իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ բռնաճնշումների պլանը մշակվել էր դեռ ձմռանը:
21-րդ դարի սկզբին Ադրբեջանը մոտեցել է անցած դարի 30-ականների վիճակին: Սկսել են ձերբակալել, ինչպես Ստալինի օրոք՝ ընտանիքներով: Բռնապետն իրեն այնպես է պահում, կարծես չկա ո՛չ Եվրոպայի խորհուրդը, ո՛չ Եվրամիությունը և ո՛չ այլ միջազգային կազմակերպություններ:
“Քաղաքականությունը կեղտոտ գործ է” դրույթը վառ կերպով հաստատում է Իլհամ Ալիևի հարաբերությունը իր գործընկերների հետ ամբողջ աշխարհում:
Արի՛ֆ, սիրելի՛ս: Դու ճիշտ էիր, երբ ասում էիր, որ ես ինձ թերագնահատում եմ, իմ ուժն ու ազդեցությունը երկրում ստեղծված իրավիճակի վրա: Հիմա, գտնվելով կալանքում, հստակ տեսնում եմ իմ ուժը, տեսնում եմ, թե ինչպես են նրանք ջանքեր գործադրում՝ ինձ կոտրելու համար, զրկում են առողջությունս պահպանելու յուրաքանչյուր հնարավորությունից:
Արի՛ֆ, մեր ընդհանուր ընկերը՝ Մարկոս Ավրելիոսը, գրել է. “Մեր կյանքն այն է, ինչ մենք մտածում ենք դրա մասին”: Ես գիտեմ, որ և՛ ես, և՛ դու միևնույն կերպ ենք մտածում: Ես գիտեմ, որ իմ կողքին միշտ քո ուսն է: Ու որքան էլ այդ գազանները, բորենիները չձգտեն մեզ բաժանել, մենք միշտ միասին ենք:
Քո Լեյլա”:
Ապրիլի 28-ին ադրբեջանական իշխանությունները Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն արգելել են Բաքվի օդանավակայանից թռիչք կատարել, նրանցից խլել են անձնագրերը և 24-ժամյա տանջանքների են ենթարկել, ինչի հետևանքով Արիֆ Յունուսը հոսպիտալացվել է: Դատախազությունը հետագայում նրանց ճանաչել է որպես վկաներ`ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադըրովի գործով, ով մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության համար:
Իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, ֆրանսիական “Պատվո լեգիոն” շքանշանի ասպետ Լեյլա Յունուսին Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 30-ին ձերբակալել են պետական դավաճանության և այլ հանցագործությունների մեջ մեղադրանքներով:
Հուլիսի 31-ին Լեյլա Յունուսը Նասիմինյան շրջանային դատարանի վճռով երեք ամսով կալանավորվել է: Օգոստոսի 5-ին էլ ձերբակալվել էր Լեյլա Յունուսի ամուսինը՝ Ադրբեջանում հայտնի կոնֆլիկտաբան, Խաղաղություն և ժողովրդավարություն ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: