Հայերեն   English   Русский  

ԴԱՀԿ-ի աշխատակիցները համալիրը սարքել են կերուխումի վայր. Կ. Գրիգորյան


  
դիտումներ: 1152

«Վարչապետի այն հայտարարությունը, թե «այս երկրում ոչ մեկից ոչինչ չի խլվելու», դեկորատիվ է: Կառավարությունը ոչինչ չի անում», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ Մարզահամերգային համալիրում մնացել է 12 անհատի և կազմակերպության գույքը: Այդ գույքի սեփականատերերը չեն կարողանում դրանք տեղափոխել. «Եթե ընդունվում է, որ կառույցը սնանկ է, ապա պետք է լինի սնանկության կառավարիչ: Այս դեպքում այդ սկզբունքը, չգիտես ինչու, չի գործում: Այն գույքը, որը գտնվում է համալիրում, բայց նրան չի պատկանում, ըստ օրենքի, չպետք է շահագործվի: Սա նշանակում է, որը մարզահամերգային համալիրը դեռ երկար չի շահագործվի: Այլ կազմակերպությունների գույքի շահագործումը քրեորեն հետապնդելի է», - նշեց Կորյուն Գրիգորյանը` ընդգծելով, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ գործընթացներ են տեղի ունենում, իսկ իրենք տեղյակ չեն` ինչ է կատարվում:

Ըստ համալիրի աշխատակցի` ԴԱՀԿ-ի աշխատակիցները համալիրը սարքել են կերուխումի վայր, աղբանոցի են վերածել, իսկ Պաշտպանության նախարարությունը այնպես է վերաբերվում համալիրին կարծես ռազմական ավար լինի. «Մի քանի օր առաջ ՊՆ աշխատակիցները թույլ տվեցին աշխատակիցներին մտնել համալիրի տարածք: Վերջիններս այդ հնարավորությունը օգտագործեցին տարածքը ջրելու համար: Աշխատակիցներին վերաբերվում են որպես ռազմագերիների. կողմնացույցի բացակայության պատճառով համալիրը Բաքվի հետ են շփոթել», - նշեց Գրիգորյանը:

Համալիրի իրավաբան Արմինե Հակոբյանը նշեց, որ Հայաստանի դատարաններում դատական գործընթացի ավարտից հետո իրենք դիմելու են Եվրադատարան. դատարանում համալիրի գործով հարցերը դեռ քննվում էին, բայց այդ ընթացքում ԴԱՀԿ-ին ոչինչ չի խանգարել կազմակերպել յոթ կրկնաաճուրդ, գույքն էլ հանձնում են ՊՆ-ին, իսկ այդիպիսի իրավասություն ԴԱՀԿ-ն չունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: