Հայերեն   English   Русский  

​Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Բեռնար Շալանդի փորձության ժամը


  
դիտումներ: 2012

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կմեկնարկի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:

Մերոնք կմրցեն Դանիայի թիմի հետ:

I խմբում են հանդես գալիս նաև Պորտուգալիայի, Սերբիայի, Ալբանիայի հավաքականները: Նույն օրը կկայնա նաև Պորտուգալիա-Ալբանիա խաղը:

Անկասկած, հետաքրքրում է, թե ինչ ներուժ ունի մեր երկրի ընտրանին: Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականում եղանակ ստեղծողն արտասահմանյան ակումբներում խաղացող մեր ֆուտբոլիստներն են, որոնց զգալի մասը տարբեր խնդիրներ ունի:

Ցավոք, վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականին չեն կարող օգնել Մոսկվայի «Սպարտակի» խաղացողներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը: Կորուստը զգալի է: Վնասվածքներ ունեն նաև ղազախական «Ակտոբեի» մարզազգեստը կրող Ռոբերտ Արզումանյանը և Մարկոս Պիզելին, սակայն մասնագետները վստահեցնում են, որ դրանք այնքան էլ լուրջ չեն:

Լավ է, որ գերազանց մարզավիճակում են մեր թիմի դրսում հանդես եկող մյուս անդամները, հատկապես Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իր ակումբի` Մոսկվայի «Դինամոյի» կազմում սկսել է հանդես գալ նաև դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Դա նշանակում է, որ նրան չի խանգարի խաղային փորձի պակասը:

Խմբում խաղարկվում է հաջորդ փուլ դուրս գալու իրավունք տվող երկու ուղեգիր:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդի առջև խնդիր է դրված հնարավորն անել, որպեսզի մերոնք տիրանան դրանցից մեկին: Ինչ խոսք, անել մի բան, որը չի հաջողվել նրա նախկին գործընկերներից ոչ մեկին, շատ դժվար կլինի: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականը վերջին տարիների ընտրական մրցաշարերում մոտ էր խմբից դուրս գալուն, և միայն չարաբաստիկ սայթաքումներն էին պատճառը, որ դա տեղի չի ունեցել:

Գլխավոր մարզիչը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականը մրցաշարի մեկնարկային խաղից առաջ մի շարք խնդիրներ ունի և տարբեր օղակների բացերը լրացնելու, վնասվածքներ ունեցող խաղացողներին արժանի փոխարինողներ գտնելու համար աշխատելու է ելքեր գտնել:

Ըստ երևույթին, փորձելով նախապես ապահովագրել իրեն, նա «Արմենիա» հեռուստաալիքի հաղորդման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի թիմի մրցակից Դանիայի հավաքականն արդեն այն թիմը չէ, որին նախորդ ընտրական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները հյուրընկալվելիս հաղթել են 4:0 հաշվով:

Հայաստանի թիմն էլ նույնը չէ: Իսկ թե պաշտոնական խաղում ինչի է ունակ

Շալանդի գլխավորած ընտրանին` կպարզվի շատ շուտով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: