Հայերեն   English   Русский  

​Զուգարանների բացակայությունը, հյուրանոցների գինը, Քիմ Քարդաշյանի այցը և հայաստանյան տուրիզմի այլ մարտահրավերները


  
դիտումներ: 3219

Զբոսաշրջությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը:

Թվում է, թե Հայաստանը բոլոր հատկանիշներն ունի զբոսաշրջության կենտրոն դառնալու համար, սակայն վիճակագրական տվյալները մեծ ուրախության առիթ չեն տալիս: Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 232.583 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4%-ով պակաս է: Համաշխարհային տնտեսական ֆորումի վերջին զեկույցի համաձայն` Հայաստանի տուրիստական ներուժը 141 երկրների շարքում գրավել է 89-րդ հորիզոնականը:

Սա այն դեպքում, երբ Թուրքիան զբաղեցնում է 44-րդ, Ռուսաստանը` 45-րդ, Վրաստանը` 71-րդ, Ադրբեջանը` 84-րդ և Իրանը` 97-րդ հորիզոնականը: Միաժամանակ Հայաստանը բարձր է գնահատվում անվտանգության տեսանկյունից:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ղեկավար Կարինե Դավոյանը «Անկախի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանը բոլոր ուղղություններով կարող է հետաքրքրել աշխարհին. «Հայաստանում տուրիզմի բոլոր տեսակների համար պոտենցիալ ունենք, միայն թե պետք է զարգացնենք այդ ամենը, որովհետև Հայաստան են այցելում տարբեր հետաքրքրությունների տեր մարդիկ, այդ հաճախորդներն ունեն իրենց պահանջները, և յուրաքանչյուրին համապատասխան արտադրանք պետք է ունենանք»:

Հայաստանը մեծ պոտենցիալ ունի և՛ էկոտուրիզմը, և՛ գյուղական տուրիզմը, և՛ պատմամշակութային, կրոնական տուրիզմը զարգացնելու համար: Սակայն կան որոշ գործոններ, որոնք խոչընդոտում են դրանց զարգացումը: Այդ խնդիրները հիմնականում լուծելի են և համապատասխան աշխատանքի դեպքում կարող են դրական արդյունքներ տալ:

Հանրապետությունում դեռևս արդիական է ենթակառուցվածքների խնդիրը:

«Լևոն թրավլ» տուրգործակալության ներգնա տուրիզմի խորհրդատու Քրիստինե Գևորգյանը նշում է, որ զբոսաշրջիկները հիմնականում բողոքում են աղբի առկայությունից: «Տուրիստների ավելի մեծ հոսքը խոչընդոտում են շատ այլ պատճառներ, օրինակ` ավիատոմսերի բարձր գները և վատ մարկետինգը»,- ասում է նա:

Բացի ավիատոմսերից, բարձր են նաև հյուրանոցների գները: Կարինե Դավոյանի խոսքով` միշտ չէ, որ հյուրանոցի գինը համապատասխանում է որակին: Դրա հետևանքով թանկանում են նաև տուրփաթեթների գները: Հայաստանը մրցակցային դաշտում զիջում է Վրաստանին, որտեղ կարելի է ավելի ցածր գներով հանգիստ կազմակերպել` չհաշված ծով ունենալու առավելությունը:

Զբոսաշրջիկների դժգոհության առիթ են անբարեկարգ ճանապարհները: «Ամոթ է ասելը, որ դեռ զուգարանների խնդիր ունենք: Ճանապարհներին կարող ենք ժամերով գնալ և որևէ տեղ չլինի, որ զբոսաշրջիկը իջնի, որևէ բան գնի»,- ասում է Կարինե Դավոյանը:

Հայաստանն այցելում են հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկները, որոնք առավել զարգացած են ինտելեկտուալ առումով և հետաքրքրված են հնամյա մշակույթով: Սակայն այս բնագավառում ևս ամեն ինչ կատարյալ չէ: Առաջին իսկ հայացքից աչքի է զարնում պատմամշակութային արժեք ունեցող կառույցների անխնամ վիճակը: Կարինե Դավոյանը նույնպես ընդգծում է այդ խնդիրը. «Պատմամշակութային կոթողները վատ վիճակում են, շատերը ներկայացնելու համար հարմար չեն: Մենք կարող ենք հպարտանալ, որ շատ հին պատմություն ունենք, սակայն երբ զբոսաշրջիկները տեսնում են, թե ինչ վատ վիճակում են այդ կառույցները, ոչ հոգատար ձեռքերում են գտնվում, շատ ցավալի է»:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ղեկավարը շեշտում է, որ այդ բոլոր խնդիրների վերացման հարցով պետք է զբաղվի պետությունը. դա մասնավոր սեկտորի խնդիրը չէ:

Մասնագետը, սակայն, ամենից կարևորը համարում է իրազեկման և ճանաչման հարցը: Նրա խոսքով` այս հարցում մեծ աշխատանք պետք է տանեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տարբեր երկրներում գործող դեսպանատները: Պետության համար առաջին խնդիրը Հայաստանը ներկայացնելն է: «Անհրաժեշտ է ապահովել ցուցահանդեսների մասնակցելու հնարավորությունը տուրօպերատորների համար, որովհետև նրանցից շատերը հնարավորություն չունեն դրանց մասնակցելու. դա մեծ գումարների հետ է կապված»:

Այս առումով բավականին մեծ առաջընթաց եղավ ապրիլին: Ակնարկներ, հեռուստաֆիլմեր, հոդվածներ և վերլուծություններ: Սա միայն մի մասն է այն նյութերի, որոնք գրվեցին Հայաստանի մասին վերջին ամիսների ընթացքում: Գարնան ընթացքում Հայաստանը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Շատ տուրգործակալություններ հայտնեցին, որ ապրիլին կտրուկ աճեց տուրիստների հոսքը: Շատերը Հայաստան ժամանեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

Այս ընթացքում շատ խոսվեց նաև այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող Քիմ Քարդաշյանի այցը: Նրա այցը առիթ եղավ, որպեսզի շատ պարբերականներ անդրադառնան Հայաստանի պատմությանը, տեսարժան վայրերին և մշակույթին: Այս ամենը հիմք տվեց մտածելու, որ մոտ ապագայում Հայաստանում զբոսաշրջիկների հոսքը կաճի: Սակայն մեր հարցադրմանը պատասխանելով` տուրգործակալությունները հայտնեցին, որ դեռևս այդ ազդեցությունը զգալի չէ: Հատկապես Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի այցից ոգևորված որևէ այց դեպի Հայաստան դեռևս չի եղել: «Քարդաշյանի այցը նման էր պայթյունի, և չի կարելի հույսը դնել միայն դրա վրա, պետությունը պետք է զբաղվի այդ հարցով: Չպետք է հույս ունենալ, որ Քիմ Քարդաշյանի մեկ այցը կարող է տուրիզմը զարգացնել: Իհարկե, նա օգուտ տվեց, Հայաստանը ճանաչելի դարձավ: Այնուհանդերձ, պետք է նկատի ունենալ, թե Քիմ Քարդաշյանին հետևողներն ովքեր են: Նրա երկրպագուները հիմնականում դեռահասներ և երիտասարդներ են, որոնք գումար չունեն այլ երկիր այցելելու համար»,- կարծում է Կարինե Դավոյանը:

Այսպիսով, հանգստի ամենաթեժ շրջանն արդեն սկսված է, սակայն Հայաստանն անելիք շատ ունի զբոսաշրջիկներին պատշաճ ընդունելու համար: Հարկ է հիշել, սակայն, որ բացի մշակութային կոթողներից և այլ տարրերից, պակաս կարևոր չէ նաև մարդկային գործոնը. տարրական հարգանքը սեփական երկրի և հյուրի նկատմամբ կարող են ստիպել օտարերկրացուն մտածել ևս մեկ անգամ այս երկիր գալու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: