Հայերեն   English   Русский  

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ժամանակ»-ը 112 տարեկան է. Independent-ի անդրադարձը


  
դիտումներ: 907

Հայոց պատմության կարևորագույն թերթերից մեկը՝ Պոլսում լույս տեսնող «Ժամանակը», բոլորում է իր 112-րդ տարին: «Ժամանակը» ոչ միայն հայերի համար է պատմական, հասարակական մեծ կարևորություն ներկայացնում, այլև այսօրվա Թուրքիայի ամենահին օրաթերթն է, որն առանց լուրջ դադարների տպագրվում է մինչ օրս:

Սարգիս և Միսաք Գոչունյան եղբայրների կողմից 112 տարի առաջ՝ դեռևս Օսմանյան կայսրությունում հիմնադրված հայկական «Ժամանակ» պարբերականն այսօր էլ ներկայիս Թուրքիայում շարունակում է հրատարակվել հայերենով:

Թուրքիայում այն ներկայացնում են նաև որպես «ազգային փոքրամասնության՝ աշխարհում շարունակաբար տպագրվող ամենահին թերթ»:

Օսմանյան շրջանում հիմնադրված հայկական թերթն այսօր Թուրքիայում տպագրվող հայկական երեք պարբերականներից մեկն է՝ «Ակօսի» և «Նոր Մարմարայի» հետ մեկտեղ: «Ժամանակն» ու «Նոր Մարմարան» օրաթերթեր են, որոնք լույս են տեսնում արևմտահայերենով, ի տարբերություն «Ակօսի», որը շաբաթաթերթ է՝ բովանդակության զգալի մասը թուրքերենով ու հայերեն հավելվածով:

Բրիտանական Independent պարբերականի թուրքական ծառայությունը պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ զրուցել է «Ժամանակ»-ի անցած ճանապարհի և ներկայիս գործունեության մասին:

Գոչունյանը պատմել է, որ պարբերականը 1908 թվականին հիմնադրվելուց անմիջապես հետո ունեցել է 15 հազար տպաքանակ, ինչն այն տարիներին բավական մեծ թիվ էր կազմում:

Թեպետ ներկայում պարբերականի տպաքանակն ընդամենը 1000 է, սակայն ներկայում «Ժամանակ»-ն իր հավատարիմ հաճախորդներին հասանելի է դարձել նաև էլեկտրոնային բաժանորդագրման միջոցով:

«Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը նշել է, որ պարբերականի 112-րդ տարեդարձին իրենց խմբագրություն էր այցելել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

«Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ կառավարության անդամն այցելեց հայերենով լույս տեսնող օրաթերթի խմբագրություն: Սա իսկապես պատմական իրադարձություն էր»,- պատմել է Գոչունյանը:

Նա նշել է, որ այցելության ժամանակ իրենք առիթ են ունեցել խոսելու ինչպես թերթի խնդիրներից, այնպես էլ հայկական համայնքից: «Այս թերթը միայն Թուրքիայում մեր հայ քաղաքացիների ձայնը չէ, մեր ձայնն էլ է»,- հանդիպմանն ասել է Սոյլուն:

«Մենք այնպիսի մի թերթ ենք, որը չի փորձում հակասություններ դնել մեր քաղաքացիական պարտականությունների ու մեր ծագումից եկող զգայունությունների միջև»,- Independent-ի հետ զրույցում ասել է Գոչունյանը:

Հիշեցնենք, որ «Ժամանակը» հիմնադրել են Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները 1908 թվականի հոկտեմբերի 28-ին: Հիմնադրման օրվանից հայկական թերթի գլխավոր խմբագիրներն են եղել Գոչունյան ընտանիքի ներկայացուցիչները:

Այժմ գլխավոր խմբագիրն է Արա Գոչունյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 1992 թվականից: Թերևս, այս ժառանգականությունը «Ժամանակի» երկարակյացության անքակտելի բաղկացուցիչներից է:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր «Ժամանակի» խմբագրությունը Ստամբուլում է: Ներկայում օրական տպաքանակը շուրջ 1500-2000 օրինակ է, համարը 4 էջից է բաղկացած:

Պատմության ընթացքում «Ժամանակում» են տպագրվել հայտնի հայ մտավորականներ, ինչպես, օրինակ, Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրաբը, Վահան Թեքեյանը, Ռուբեն Սևակը, Զապել Եսայանը, Հովհաննես Թումանյանը, Երվանդ Օտյանը և այլոք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: