Հայերեն   English   Русский  

Պաշտոնյա այրեր, ի՞նչ եք կառուցել ու ստեղծել, որ այդպես ավերում եք անխնա, դուրս նետում հայեցին. Թամարա Հարությունյան


  
դիտումներ: 42

Մենք մշակույթ ու արվեստ ենք կերտել հազարամյակներ, սերնդեսերունդ փոխանցել մեր հոգևոր արժեքներն ու մասունքները։ Երբեմն փոխանցել ենք պայքարի ու արյան գնով, փոխանցել ենք այն մեծ հավատամքով, որ հայ ազգը պիտի ապրի այս խառնակ աշխարհում, պիտի պատվո հարթակներից ու ամբիոններից հնչեցնի հայ խոսքն ու ներկայացնի հայ արվեստը։ Դարերի հարափոփոխ հորձանուտների մեջ հայը սրբությամբ պահեց երկու բան՝ գիրն ու արվեստը։ Դժնի թափառումների ու գաղթի ժամանակ իր գիրն ու արվեստի կոթողներն էր փրկում։ Դժվարին ճանապարհ անցնելով՝ հայը կերտեց իր ինքնությունը, գրականությունն ու մշակույթը, հոգևոր մի ողջ գանձարան։

Սակայն այսօր, 21-րդ դարում, երբ երկարամյա պայքարից հետո ձեռք բերեցինք ազատություն ու անկախություն, երբ հնարավորություն է ընձեռված զարգացնել հայրենին ու հայրենականը, մենք օտարի սառնությամբ ու անտարբերությամբ ոտնատակ ենք տալիս հայեցին, որդեգրում այլասեռ ‹‹արժեքներ›› ու ամենակարևորը՝ գլխատում ենք մեր մայր լեզուն ու պատմությունը։ Ակամա հարց է առաջանում՝ դուք՝ պաշտոնյա այրեր, որ այսօր բազմել եք իշխանական թավշյա բազմոցներին, ի՞նչ եք կառուցել ու ստեղծել, որ այդպես ավերում եք անխնա, դուրս նետում հայեցին։

Խոսքս հատկապես հղում եմ ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։

Ձեր պաշտոնավարման այս մեկ տարվա ընթացքում ոչ միայն ոչինչ չարեցիք ի նպաստ հայ կրթության և գիտության, այլև այլախեղեցիք եղածը։ Ձեր իսկ իշխանության կողմից դատափետման ենթարկած նախկին իշխանավորների կյանքի կոչած կրթական ծրագրերից և ոչ մեկը չվերանայվեցին, չփոփոխվեցին։ Ձեր իսկ ժանտ քաղաքականության արդյունքում ցանկանում եք դպրոցական ծրագրից դուրս մղել հայ եկեղեցու պատմություն առարկան։ Հիշեցնեք, որ հայ եկեղեցու շնորհիվ հայը չկորցրեց իր գիրն, այդ խորաններում հնչեց հայ խոսքն ու շարականը, այդ սուրբ պատերի ներսում գրվեց հայի պատմությունն ու արարվեց հայ գիտությունը։

Ձեր թոթովախոս մտքի բարբաջանքով այսօր ստեղծել եք մի նախագիծ՝ համաձայն որի հայի լեզուն, գրականությունն ու պատմությունը դուրս է մղվում բուհական կրթօջախներից։ Զուր չէ, որ շեշտում եմ հայի լեզուն, գրականությունն ու պատմությունը, հայի, հայի, քանզի եթե դուք հայ լինեիք, երբևէ ընթերցած լինեիք, թե ինչպես է Դեր-Զորի անապատում մայրը սովյալ մանկանը ավազի վրա գիր սովորեցրել, գուցե Ձեզ, որպես հեղափոխության, իսկ ավելի ճիշտ հայափոխության ներկայացուցչի թույլ չտայիք այդպիսի խայտառակ նախագիծ անգամ կազմել ու ուր մնաց իրագործել։

‹‹Բարձրագույն կրթության և գիտության›› մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում բացակայում է այն դրույթը, ըստ որի բուհերին պարտադրվում է ուսուցման ծրագրերում պարտադիր կերպով ներառել հայագիտական նշանակության ‹‹Հայոց լեզու և ‹‹Հայոց պատմություն›› առարկաները։ Ըստ այդմ ՝ բուհերի ղեկավարությունն ազատ է և ինքն է որոշելու՝ ներառե ՞լ դրանք ուսումնական պլանի մեջ, թե՞ ոչ։

Ի՞նչ նպատակ է հետապդում այս նախագիծը։ Արմատախիլ անել հայ ժողովրդին իր իսկ արմատներից՝ ավելի արագ ու արդյունավետ։ Արդյո՞ք լեզվի և պատմության չիմացությունը և, դրանով պայմանավորված, ազգային նկարագիր կորցնելը պատճառ չի դառնա, որ մեր ապագա մասնագետները օտարվեն սեփական ազգությունից, հեշտությամբ ծառայեն օտարերկրյա ուժերի։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում վերանայել նախագիծը և կայացնել ողջախոհ և հայանպաստ որոշում, քանզի լեզուն ու պատմությունն է մեր գոյության ու լինելիության հիմնաքարը եղել ու կլինի, առանց այս երկու կարևոր գործոնների դատապարտված ենք հոգևոր ոչնչացման։

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ՝ Թամարա Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: