Հայերեն   English   Русский  

Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման դերակատարներից մեկն էլ Հանրային խորհուրդն է


  
դիտումներ: 941

Այսօր ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Օրակարգային հիմնական հարցերը եղել են Հանրային խորհրդի 6 տարիների գործունեության ամփոփումը, Սահմանադրական բարեփոխումները, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը:

Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով. ներկա են գտնվել ոչ միայն խորհրդի անդամները, այլև ՀԽ հանձնաժողովների կոլեգիայի անդամներն ու ենթահանձնաժողովների նախագահները:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ՀԽ անցած տարիների ընդհանուր գործունեությունն ու առաջիկա երկու տարիների անելիքները: Կարևորելով Հանրային խորհրդի գործունեությունը՝ Վազգեն Մանուկյանը նշել է, որ դեռ տարիներ առաջ էր առաջացել անհրաժեշտություն մի կառույցի, որն, առանց քաղաքական խնդիրներ հետապնդելու, կամրջի դեր կարող է ծառայել հասարակության և իշխանության միջև՝ դառնալով սոցիալական երկխոսության կարևորագույն հարթակ:

Խորհրդի ղեկավարը ներկայացրել է կառույցի ստեղծման օրվանից մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքները՝ ՀԽ 12 ոլորտային հանձնաժողովների կատարած աշխատանքների, ՀԽ փոքր խորհրդի նիստերի, ինչպես նաև ՀԽ լիագումար նիստերի ընթացքում քննարկված հարցերի և կայացրած որոշումները, հասարակական հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների, ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարություն և պետական գերատեսչություններ ուղղված դիմումների ու առաջարկների վերաբերյալ:

ՀԽ նախագահի դիտարկմամբ՝ միշտ չէ, որ Հանրային խորհրդի կողմից հնչած առաջարկներն ընդունվել են, սակայն ի պատիվ Հանրային խորհրդի, հետագայում, այնուամենայնիվ, կայացվել են որոշումներ՝ հօգուտ այդ առաջարկների:

Հանրային խորհրդի հանդիպումը նախագահի հետ

Հանրային խորհրդում մշակվել և իշխանություններին է ներկայացվել ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգը, գյուղատնտեսության մեջ կոոպերացիաների ստեղծման ու զարգացման հարցը, Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման հայեցակարգը, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների կարգավորման հարցը և այլն:

Վազգեն Մանուկյանը նշել է, որ այսօր Հայաստանում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, և դրա դերակատարներից մեկն էլ Հանրային խորհուրդն է:

Հխ ղեկավարը կարևորել է նաև Հանրային խորհրդի գործունեությունն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ հարցի վերաբերյալ ՀՀ նախագահի հետ կա փոխադարձ համաձայնություն:
Հանրապետության ղեկավարը, շնորհավորելով Հանրային խորհրդին հաջող գործունեության համար, նշել է, որ ՀԽ ստեղծումից ի վեր չի եղել որևէ կարևոր հարց, որին Հանրային խորհուրդն իր մասնակցությունը չունենա՝ քննարկումների, առաջարկների կամ նախաձեռնությունների տեսքով:

Հաշվի առնելով ՀԽ անցած ճանապարհը՝ երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հանրային խորհուրդն իր դերակատարությունը միշտ կունենա Հայաստանի Հանրապետությունում:

Հանրային խորհրդի հանդիպումը նախագահի հետ

Այնուհետև հանդիպման օրակարգի շրջանակներում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի համակարգող, Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պետական հանձնաժողովի կողմից հաստատված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների ժամանակացույցը և դրանց անցկացման աշխարհագրությունը, ոգեկոչման ծրագրի հիմնական նպատակներն ու խորհուրդը:

Օրակարգի երրորդ հարցի՝ ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախ ելույթ է ունեցել Հանրապետութան ղեկավարը՝ ներկայացնելով գործընթացի նախապատմությունն ու ներկա փուլը: Նախագահը տեղեկացրել է, որ այսօր իր կողմից պաշտոնապես հավանություն կտրվի հայեցակարգին, որից հետո կմեկնարկեն Սահմանադրության բուն տեքստի մշակման աշխատանքները, և այդ ընթացքում կքննարկվեն ու լուծումներ կգտնվեն բոլոր հնարավոր հարցերի համար:

Օրակարգային հարցերից բացի, Հանրային խորհրդի անդամներն ու հանձնաժողովների կոլեգիայի անդամներն իրենց հուզող հարցերն են ուղղել Հանրապետության ղեկավարին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: