Հայերեն   English   Русский  

Հայկական պատմական հուշարձանները ոչնչացվել են. Los Angeles Times-ի անդրադարձը


  
դիտումներ: 679

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում:

Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը:

«Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 9-ի Կոնվեցիայի մեջ:

Հեղինակավոր Los Angeles Times( https://www.latimes.com/entertainment-arts/story/2019-11-07/armenian-monuments-azerbaijan?fbclid=IwAR2l66l1EPhw-XHTExMowEySvVoTtgTV0yAE5Dgg-UMfc9nf20OFsybml54)պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Ջուղայի հայկական խաչքարների ոչնչացման խնդրին՝ ներկայացնելով դրանց երկարամյա պատմությունը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ սուրբ խաչքարերը, որոնք տեղակայված են Արաքս գետի երկայնքով, 16-րդ դարի շուրջ 10 000 հզոր տապանաքարերի հսկայական բանակ են ներկայացնում, որը հսկում է հայկական միջնադարյան գերեզմանատունը։ Տուժելով երկրաշարժերի, պատերազմի և վանդալիզմի հետևանքով՝ 20-րդ դարի կեսերից հազարավոր խաչքարեր դեռ կանգուն են մնում։

Այս մասին գրելով՝ հոդվածագիրը նկատում է, որ այսօր, այնուամենայնիվ, Ջուղայի խաչքարերը կանգնած են ոչնչացման վտանգի առաջ․ «Չնայած 2000 թվականին ընդունված ՅՈւՆԵՍԿՕ-ի հրամանագրի, որը պահանջում է դրանց պաշտպանությունը, այս տարի Hyperallergic ամսագրում հրապարակված ապացույցները մատնանշում են, որ հուշարձանները գաղտնի կերպով և զանգվածաբար ավերվում են ադրբեջանական արշավի շրջանակներում՝ ուղղված հայոց մշակույթի հետքերը Նախիջևանում ջնջելուն»։

«Ոչնչացման մասշտաբներն ապշեցնող են․ 89 միջնադարյան եկեղեցի, 5 840 խաչքար և 22 000 տապանաքար՝ ըստ զեկույցի։ Մշակութային ժառանգության ոչնչացումը գերազանցում է «Իսլամական պետության» կողմից Սիրիայում և «Թալիբան» շարժման կողմից Աֆղանստանում իրականացվող ավերածությունները»,- ասվում է հոդվածում։

Հեղինակը հիշեցնում է, որ Hyperallergic-ում հրապարակված ամսագրում Ադրբեջանի կողմից մշակութային կոթողների միտումնավոր ոչնչացումը 1997-2006 թվականներին նկարագրվում է որպես «21-րդ դարի ամենադաժան մշակութային ցեղասպանությունը»։

Նշենք նաև, որ հնագետ-լուսանկարիչ Արամ Վրույրի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարները, գիտական ու պատմական տեղեկություններն ընդգրկվել են «Ջուղա. հարյուրամյա ցեղասպանության վկան» պատկերագրքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 29-ին:

Քառալեզու պատկերագիրքը, որին կից ներկայացված է Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող՝ «21-րդ դարի վանդալները» եռալեզու վավերագրական ֆիլմի խտասկավառակը, հրատարակել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Ջուղայի խաչքարերն իրավամբ կարելի է դասել հայ բարձրարվեստ մշակույթի միջնադարյան կոթողների շարքին։

Հիշեցնենք, որ վերջին բնաջնջման դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարավոր խաչքարերի հետ։ Այնտեղ գտնվող խաչքարները ջարդված են եղել ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգարանի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: