Հայերեն   English   Русский  

Ի՞նչն է քննարկելի Արցախի հարցում, ինչը՝ ոչ․ ՀԽ բոլոր անդամները, բացի Ստյոպա Սաֆարյանից, կողմ քվեարկեցին


  
դիտումներ: 459

Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ինչը՝ ոչ: Հանրային խորհրդի այսօրվա նիստին Վազգեն Մանուկյանը հստակեցրեց այն հարցերի շրջանակը, որը կարելի է քննարկել և որից դուրս քննարկման կարիք չկա, քանի որ հայ ժողովուրդն արդեն հայտնել է իր հստակ դիրքորոշումը։

«1988 թ. փետրվարին ԼՂ մարզային խորհուրդը որոշում ընդունեց, որ ուզում է դուրս գալ Ադրբեջանի կազմից և միանալ Հայաստանին: Այդպես սկսվեց Արցախյան շարժումը, որն իր ազդեցությունը թողեց ոչ միայն Հայաստանի, այլև Խորհրդային միության ճակատագրի վրա։ Այդ շարժմանը մասնակցում էր ողջ հայությունը, այդ ընթացքում բազմաթիվ որոշումներ են ընդունվել, մենք հազարավոր կյանքեր ենք տվել, և դա դարձել է մեր ժողովրդի կարևորագույն հարցը, որի տակ ստորագրել է մեր ամբողջ ժողովուրդը, և այդ փուլն ավարտվեց զինադադարով»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ այս հատվածում որևէ քննարկման բան չկա, կա միայն հպարտանալու բան։

Հետո, ըստ Մանուկյանի, սկսվեց հարցի 2-րդ փուլը, որը բանակցային փուլն էր։ Արցախի և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը լիազորեց իր ղեկավարներին բանակցելու հիմնահարցի շուրջ և գտնելու լուծում, որն ընդունելի կլինի նաև միջազգային հանրության կողմից։

«Բայց ժողովուրդը մի սահմանափակում դրեց․ 1992 թ. Հայաստանի խորհրդարանն ընդունեց որոշում, ըստ որի որևիցե փաստաթուղթ, որի մեջ կնշվի, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, ընդունելի չէ ո՛չ արտաքին հարաբերություններում, ո՛չ ներքին։ Այսինքն, մենք մեր ղեկավարներին ուղարկելով բանակցությունների՝ այդ սահմանափակումը դրեցինք»։

Մանուկյանի խոսքով՝ մենք մեր ղեկավարներից նաև պահանջել ենք, որ եթե համաձայնվեն որևէ լուծման, դա բերեն, ներկայացնեն ժողովրդին։ «Հիմա մենք ի՞նչը քննարկենք: Ղեկավարները պետք է որևէ բան քննարկեն բանակցություններում և բերեն, մեզ ներկայացնեն, մենք էլ քննարկենք»,-նշեց նա:

ՀԽ նախագահը կարծում է, որ 2016 թ., տեսնելով, որ բանակցություներով հնարավոր չէ իր նպատակներին հասնել, Ադրբեջանը սկսեց պատերազմ, որը, ըստ նրա, սոսկ դիվերսիոն հարձակում չէր, այլ փորձ տեսնելու՝ կարո՞ղ է հարցը պատերազմով լուծել, թե ոչ:

«Մենք ունեցանք զոհեր, տեսանք որոշ թերություններ բանակում, որոնք պատերազմից հետո սկսեցին մաքրել, սրբագրել: Բայց Ադրբեջանը հստակ տեսավ, որ պատերազմով չի կարող հարցը լուծել»։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ քառօրյա պատերազմից հետո Հայաստանը բանակցություններում հայտնվեց ավելի շահավետ վիճակում, իսկ այսօր բանակցային գործընթացն անորոշ վիճակում է․ «Այստեղ քննարկելու բան կա: Մենք պետք է վարչապետի հետ փակ նիստում այս հարցը քննարկենք: Դա մեր առանձին քննարկելու հարցը չի»,-ասաց Մանուկյանը:

Մյուս հարցը, որն, ըստ Մանուկյանի, կարելի է քննարկել, Արցախի ու Հայաստանի փոխհարաբերություններն են՝ իրավական տեսանկյունից։

«Մենք ունենք 2 որոշում այս հարցի վերաբերյալ։ 1989 թ. Հայաստանի ու Արցախի խորհրդարանները համատեղ նիստում որոշեցին, որ Արցախը վերամիավորվում է Հայաստանի հետ, հայտարարվեց միացյալ պետության մասին: Այդ փաստաթուղթը մեզ համար շատ կարևոր էր, բայց միջազգային հանրության համար այն լեգիտիմ չէր։ Դրանից հետո՝ 1990 թ., Խորհրդային միությունն ընդունեց օրենք, որ հանրապետությունները կարող են դուրս գալ միությունից, իսկ ինքնավար միավորումները կարող են ինքնուրույն որոշել իրենց ապագան։ Եվ ահա Արցախը լրիվ օրինական, Խորհրդային միության օրենքներով, հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը։ Այս փաստաթուղթն իրավական ավելի մեծ ուժ ուներ, և բանակցությունները գնացին երկրորդ փաստաթղթի ողղությամբ»:

Այսօր, ըստ Մանուկյանի, կարելի է քննարկել նաև այն հարցը, թե արդյո՞ք Արցախի և Հայաստանի միջև պետք է կնքել դաշինք, որով կկարգավորվեն մեր բոլոր հարաբերությունները, կամ միգուցե պետք է ճանաչե՞լ Արցախի անկախությունը։

«Այսօր հայտարարվում է՝ Ղարաբաը Հայաստանի մարզ է: Ես ասեմ, որ այստեղ մենք քննարկելու հարց չունենք: Եթե Արցախն ու Հայաստանը երկու անկախ պետություններ են, ապա նախաձեռնությունը պետք է լինի Արցախի կողմից՝ համապատասխան իրավական ընթացակարգով։ Արցախի ժողովուրդը պետք է նման գործընթաց նախաձեռնի»։

Մանուկյանն առաջարկեց, որպեսզի Հանրային խորհրդի հանձնաժողովներում կամ աշխատանքային խմբերի միջոցով քննարկվեն այն հարցերը, որոնք, ըստ նրա, քննարկման տեղ ունեն, և ներկայացվեն Հանրային խորհուրդ։

ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը հակադարձեց՝ ասելով, որ վարչապետի կողմից Հանրային խորհուրդը այլ հանձնարարություն է ստացել և փորձեց երկար պարզաբանել այդ հանձնարարության էությունը։ Վազգեն Մանուկյանն ասաց, որ եթե որևէ մեկը հասկացավ, թե Ստյոպա Սաֆարյանն ինչի մասին է խոսում, ապա թող նրա բարձրացրած հարցերն էլ հանձնաժողովներում կամ աշխատանքային խմբերում քննարկվեն։

Երբ Սաֆարյանը հարցը նորից այլ ուղղությամբ տարավ՝ փորձելով ապացուցել, թե Հանրային խորհուրդը չի կատարել վարչապետի հանձնարարությունը, Վազգեն Մանուկյանն ասաց, որ ոչ ոք չի կարող իրեն դրդել մտնելու «սպեկուլյացիաների» դաշտ։

ՀԽ բախագահը քվեարկության դրեց իր առաջարկը՝ հարցնելով, թե ո՞վ է կողմ, որ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները տեղի ունենան իր նշած հարցերի շրջանակում։ Ներկաներից բոլորը, բացառությամբ Ստյոպա Սաֆարյանի, կողմ քվեարկեցին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: