Հայերեն   English   Русский  

ՀՖՖ գործկոմի անդամները հավաքականի մարզչի նշանակումը կանոնադրության խախտում են համարում


  
դիտումներ: 289

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի մի քանի ներկայացուցիչներ առոչինչ են որակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու փաստը:

Ֆեդերացիայի Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՖՖ-ի նախագահն իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ: «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի «թ» կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռեւս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի եւ առոչինչ է»,-գրել է Առաքելյանը:
«ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է եւ պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,- նշել է ֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նոյեմբերի 7-ին ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակեց լուրն այն մասին, որ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, նաև՝ Արթուր Վանեցյանի այն խոսքերը, ըստ որոնց՝ նախապատվությունը տվել է Հայաստանի ամենափորձառու մասնագետներից մեկին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: