Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Պահանջում են Նաիրա Զոհրաբյանի հրաժարականը. Ինչ է արձագանքել Մակունցը


  
դիտումներ: 369

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչներ Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանի փոփոխության հարցն են քննարկում։

Հանձնաժողովի նախագահի դեմ վրդովմունքի պատճառը Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներն են, հատկապես «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացման մասին Զոհրաբյանի քննադատություններն առ այն, որ որեւէ մեկն իրավունք չունի իր «հակահիգիենիկ եւ անառողջ բնազդներն իրացնել հանրային տարածքներում», եւ որ հանրային վայրերում «պատերին ծեփվելով եւ մարդկանց դիվահար ոռնոցներով ահաբեկելով՝ իրենք խախտել են մարդու իրավունքների եւ հատկապես երեխայի իրավունքի հետ կապված միջազգային միանգամից մի քանի կոնվենցիա»:

Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը Զոհրաբյանի հրաժարականի հարցը, մեր տեղեկություններով, բարձրացրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մոտ։

Սակայն Մակունցը հիշեցրել է, որ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ի քվոտայով է ընտրվել, եւ կարծիք է հայտնել, որ ինքը վստահ չէ, որ Զոհրաբյանի փոփոխությունից հետո ավելի կոմպետենտ թեկնածու կառաջադրվի։

Իր հնարավոր պաշտոնանկության մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ի տարբերություն Ձեր նշած երկու անդամների, որոնք մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ են եւ հետապնդում են սոցիալական մի խմբի իրավունքները, ինձ համար՝ որպես հանձնաժողովի նախագահի, որպես պատգամավորի եւ քաղաքացու, բոլոր սոցիալական խմբերի եւ խավերի շահերը հավասար են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: